2019.05.21,

Քննադատ

Ինչպես պայքարել ֆեյքերի դեմ առանց աչքը հանելու

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Ֆեյքեր, քարոզչություն, մանիպուլյացիաներ, կեղծիքներ և, պարզապես, դասական էշություններ։ Այսօր սա մեր կյանքի մի մասն է։ Երևի շատերի համար ամենակարևոր մասերից։ Առնվազն նրանց, ովքեր հիմա չեն ծուլացել և կարդում են սույն հոդվածը։

Այնպես չէ, որ նախկինում կեղծիք և քարոզչություն չկային։ Միշտ էլ եղել են։ Հստակ տարբերվում է մի բան. նախկինում կեղծիքն ու քարոզչությունը դասակարգված և շարված էին պահարաններով։ Կար մեկ֊երկու, հը֊հը՝ երեք ապատեղեկատվության աղբյուր։

Էլ չասենք, որ այդ քարոզչությունը կամ ապատեղեկատվությունը տարածելու համար մի քանի գործիք կար, մեծամասնությունը ունեին շատ հստակ տերեր։ Կողմնորոշվելը բարդ էր, բայց հնարավոր։

Հիմա տարածման գործիքների թիվը ձգտում է անսահմանության։ Այսօր կայք սարքելու համար պետք է հինգ րոպե։ Ֆեյսբուքում էջ բացելու համար մեկ րոպեն էլ է հերիք։ Մեկ օրում սոցցանցերի միջոցով կարելի է ստեղծել տասնյակ հեռարձակման ալիքներ։ Եվ դրանք կարող են ունենալ ավելի մեծ ազդեցություն, քան ունեին թերթերը տասը տարի առաջ։

Այս ամենը շատ մատչելի է և պահանջում է այնքան քիչ մարդկային ռեսուրս, որ փաստացի այսօր քարոզչությամբ զբաղվում են գրեթե բոլոր քաղաքական և տնտեսական դերակատարները, որոնք ունեն գոնե մեկ լրացուցիչ հաստիքի գումար։

Այս ամենը նորություն չէ, բավականին չարչրկված թեմա է ինչպես Հայաստանում, այնպես էլ գրեթե ամբողջ աշխարհում։ Այսօր ֆեյք նորությունները, քարոզչությունը ամենաքննարկվող թեմաներից են, քանի որ սոցցանցերը ստեղծել են պարարտ միջավայր նմանատիպ մանիպուլյատիվ գործողությունների համար։

Հայաստանի դեպքում այս ամենը չափից դուրս ակտուալ է, քանի որ զուգահեռաբար մենք ունենք ներքաղաքական հակամարտություն, որի հիմնական գործիքներից մեկը հենց տեղեկատվական դաշտն է։ Եվ ունենք Ադրբեջանի հետ հակամարտություն, որտեղ տեղեկատվական բաղադրիչը այս պահին նույնպես ամենակարևորներից է։

Գոյություն ունեն նաև խնդիրներ Թուրքիայի հետ Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։ Բացի դրանից՝ պարբերաբար հայտնվում են այլ տիպի տեղեկատվական ֆեյքեր։ Եվ այս բոլոր ուղղություններով կեղծիքը և քարոզչությունը հոսում են այնպես, ինչպես բնական գազը բոլորի կողմից սիրված Ուրենգոյ֊Պոմառի֊Ուժգորոդ գազամուղով։

Եթե կարդացիք մինչև այս տողերը, դժվար թե իմացաք որևէ  նոր բան։ Այս ամենը լավ, թե վատ, գիտակցում է հայաստանյան հասարակության մեծ մասը։ Եվ, բնականաբար, այս քանակի ապատեղեկատվությունը և մանիպուլյատիվ տեղեկատվությունը մտահոգիչ է։

Բայց մտահոգիչ է նաև այս ամենի հանդեպ եղած հասարակական արձագանքը։

Երկար ժամանակ է պտտվում է կարծիք, որ այս ամենի դեմ պետք է պայքարել, որ ֆեյքերի վերջը պետք է տալ։

Կարծիքի հետ համամիտ են ինչպես շարքային քաղաքացիները, այնպես էլ երկրի ղեկավարությունը։ Մտահոգիչն այն չէ, որ ֆեյքերի դեմ պայքարելու ցանկություն կա, այլ այն, որ ավելի հաճախ են հնչում կոշտ մեթոդներին դիմելու ձայները։  

Թե՛ սոցցանցերում, թե՛ մամուլում, թե՛ բազմաթիվ հանդիպումների ժամանակ անընդհատ հնչում են․ «Պետք է ֆեյք տարածելու համար քրեական պատասխանատվություն սահմանել»։ Անընդհատ լսում ենք կարծիքներ, որ պետք է դիմել կոշտ գործողությունների։ Եվ կարծես այդ ձայները դառնում են ավելի բարձր ու շատանում են։ Եվ հենց սա է մտահոգիչ։

Քանի որ օբյեկտիվ իրավիճակը ավելի ու ավելի վատթարանում է, դժվար է դառնում արտահայտվել նման կարծիքի դեմ։

Այսօր շատ երկրներում են փորձում օրենսդրորեն կարգավորել տեղեկատվությունը, որպեսզի թույլ չտան միջամտություններ քաղաքական, տնտեսական, հասարակական և այլ գործընթացների մեջ։ Սակայն այսօրվա միջազգային փորձն ասում է՝ դրական լուծումներ գտնող դեռ չի եղել։

Բոլոր կարգավորումները բացասական են ազդում խոսքի ազատության և ընդհանուր առմամբ ժողովրդավարության վրա։

Բայց ինչ֊որ մի բան հաստատ պետք է անել, քանի որ այսպես շարունակել հնարավոր չէ։ Իրականում մի քանի քայլ արդեն կարող են բարելավել իրավիճակը․

ա․  Մեդիագրագիտությունը ներդնել դպրոցական և բուհական ծրագրերում։ Իրականացնել հանրային կրթական ծրագրեր։

բ․ Արդիականացնել զանգվածային լրատվությանը վերաբերող օրենսդրությունը, որը վաղուց հնացած է։

գ․ Պետական հաստատությունների կողմից տրամադրվող տեղեկատվությունը դարձնել շատ ավելի ակտիվ և համակարգված։

Եթե այս քայլերը իրականացվեն միասնական և համակարգված կերպով, դրական ազդեցությունը կլինի շատ ավելի մեծ, քան յուրաքանչյուր տիպի հակաֆեյքային ռեպրեսիվ օրենսդրական կամ այլ տիպի գործողություն։

Ավելին, յուրաքանչյուր ճնշող կարգավորում վաղ թե ուշ որևէ մեկի կողմից կսկսի կիրառվել հակաժողովրդավարական ուղղությամբ։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *