2019.05.06,

Քննադատ

Ֆեյսբուքը կրկին վերափոխվում է․ ի՞նչ սպասեն լրատվականները

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Մոտակա շաբաթների ընթացքում Ֆեյսբուքը նոր տեսք է ունենալու։ Վերջին մի քանի տարիների ընթացքում սա ամենահիմնովին փոփոխությունն է։ Կտրուկ փոխվելու է դիզայնը։

Դիզայնից երևում է, որ երկու կարևոր բան է փոխվելու մեր կյանքում։ Կտրուկ կարևորվելու են սթորիները (stories – ձեռքս չի գնում այս ամենը կոչել պատմություն)։ Ֆեյսբուքի խմբերի բովանդակությունն ավելի տեսանելի է դառնալու։ Էլ ավելի երևացող է լինելու անձնականը, այսինքն՝ ընկերների գրածները։

Խմբերի հանդեպ ուշադրությունը այնքան է մեծանալու, որ հայտնվելու են գործիքներ, որոնք թույլ կտան օգտատերերին և օգտատիրուհիներին գտնել իրենց հետաքրքրող համայնքները։

Իհարկե, դեռ ամեն ինչ չէ, որ պարզ է, սակայն, արդեն հասկանալի է, որ Ֆեյսբուքի էջերի դիտումները կրկին նվազեցվելու են (դժվար է պատկերացնել, որ դեռ այդ դիտումները իջեցնելու հնարավորություն կա, քանի որ վերջին երկու տարիներին էջերի բովանդակությունն անշեղորեն ավելի ու ավելի նվազ տեսանելի է դարձել)։  Այսինքն, լրատվականները կրկին լսարան կկորցնեն։

Ի՞նչ անել

Առաջինը, հենց Ֆեյսբուքում ավելի բազմազան դարձնել տեղեկությունների տարածման ալիքները։ Այսօր մեր լրատվականները ակտիվ շահագործում են խմբերը։ Սակայն, քանի որ ամեն մի լրատվական նույն բովանդակությունն է «լցոնում» նույն խմբերում, այդ քանակի տեղադրված հղումները գրեթե ոչ ոք չի հասցնում տեսնել։

Երբ անցյալ տարի սկսվեց Ֆեյսբուքի վերափոխումը, արդեն մի շարք լրատվականներ բացեցին էջերին կից խմբեր։ Սակայն, զուտ խմբի առկայությունը դեռ չի նշանակում, որ Ֆեյսբուքի ալգորիթմը կաշխատի ցուցադրումների քանակն աճեցնելու համար։ Կարևոր է, որպեսզի խմբի օգտատերերը ներգրավվեն քննարկումներում։ Միայն այդ դեպքում է ալգորիթմը գրառումը համարելու այնպիսին, որ կարող է հետաքրքրել նաև ուրիշներին։ Նման արդյունքի հնարավոր կլինի հասնել միայն այն դեպքում, եթե խմբագրությունը գնա իր լսարանի հետ շփման, ոչ թե մեխանիկորեն տեղադրի հղումները։

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ այսօր լրատվականներում չեն աշխատում սթորիների հետ։ Դա, բնականաբար, այդքան էլ հեշտ բան չէ։ Մի բան է, լինես ուսանող և ինչ խելքդ փչի օրվա մեջ, տեղադրես սթորիներում։ Մի այլ բան է, լինել խմբագրություն։ Բայց լուծումներ գտնել հնարավոր է։

Ի՞նչ անել -2

Իջնել ֆեյսբուքյան ասեղից։ Շատ քիչ երկիր կա, որ լրատվականները կախված են զուտ մեկ հարթակից։ Բազմազանությունը ընդհանուր առմամբ շատ ավելի առողջ մոտեցում է լսարանի հետ աշխատանքի հարցում։ Կարևոր է օգտագործել այլ հարթակները։

Վերցնենք Յություբը։ Անշուշտ, այսօր լրատվականները այն ակտիվորեն օգտագործում են։ Եվ հիմնականում այն ուղիղ եթերների և հաղորդումների համար է։ Սակայն կարելի է փորձել աշխատել ֆորմատների հետ։ Օրինակ, նույն այս հոդվածը տեղափոխել Յություբ։ Խմբագրությունը կարող է գտնել տասնյակ հետաքրքիր ֆորմատներ։ Անպայման չէ անել այսպես անհետագքրիր, ինչպես ես եմ արել այս տեսանյութում։

Իսկ կարելի է, օրինակ, նույնը հրապարակել նաև փոդքասթի տեսքով։ Հիմա աշխարհում փոդքասթների հանդեպ հետաքրքրությունը աճում է։ Հայաստանում, բնականաբար, դեռ լսողները շատ չեն։ Բայց քիչ էլ չեն։ Եվ կարող են շատանալ, եթե հենց լրատվականները և լրագրողները դրանց վրա աշխատեն։ Այնպես որ, բովանդակությունը կարելի է տեղափոխել նաև այստեղ։ Օրինակ այսպես․

Բնականաբար, կարելի է օգտագործել ինչ֊որ ֆորմատներով Թվիթերը, Լինքդինը, Տելեգրամը։ Երբ առաջարկում ես այս հարթակները, սովորաբար խմբագիրները հակաճառում են, որ այստեղ քիչ են մարդիկ։ Առաջինը, այդքան էլ քիչ չեն։ Երկրորդը՝ քիչ են հենց խմբագիրների պատճառով, որոնք չեն աշխատում այստեղ։

Բա ի՞նչ լավ նորություն կա

Լավ նորությունն այն է, որ Մեսենջերում ներմուծվում է սարքից սարք գաղտնագրում, որն այսօր այստեղ միանում է միայն գաղտնի խոսակցությունների ժամանակ (Secret conversation)։ Այնպես որ Մեսենջերը կդառնա ավելի ապահով գաղտնալսումների տեսանկյունից։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *