2019.03.13,

Քննադատ

«Չարենցը քաշում է ատրճանակը և երկու ծանր վէրք է հասցնում օրիորդին»…

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան
facebook

Լրագրող

Չարենցի մասին մեր իմացությունը, հիմնականում, գրականագետների կոկված, հղկված տեքստերն են՝ «հանճարեղ բանաստեղծ», «Նաիրյան երգիչ»…
Ինչպիսի՞ն էր Չարենցն իր ժամանակակիցների համար, երբ նոր-նոր էր ներկայանում՝ իբրև գրող:

Չարենցի գործերի մասին առաջին գրախոսականը տպագրվել է 1915-ին՝ «Ավ. Գ.» ստորագրությամբ: Քննության նյութը «Կապուտաչյա հայրենիք» պոեմն է.

«Նիւթը հայրենիքն է, որին հեղինակը կոչում է «կապուտաչեայ» և անուանում է իրան «սիրուհի»: Նկրտումը համակրելի է, սակայն պակասում է տակաւին մշակուած շնորհքը՝ ընթերցողի համակրութիւնը գրաւելու նրա համար: Պետք է ենթադրել, որ հեղինակը երիտասարդ է և նոր-նոր գրելու փորձեր է անում, այդ պատճառով էլ նրան խիստ դուր են գալիս ամեն օրիգինալ մտայղացում, ձև, նույնիսկ բառ, որով նա ճապաղում է իր գրուածքը և դարձնում է նրան անբովանդակ» («Արև» օրաթերթ, Բաքու, 1915, N 153):

Արդեն հաջորդ տարի, երբ լույս է տեսնում «Դանթեական առասպել»-ը, Չարենցին և նրա ստեղծագործությանն անդրադառնում է Գարեգին Լևոնյանը.  

«Նոր մարդ է Եղիշե Չարենց, անծանոթ մեր գրական միջավայրում, ինչպէս և մէզ՝ անձնապես: Ով էլ որ լինի նա, երևում է՝ երիտասարդ է, եղել է կամաւոր, ռազմի դաշտ է գնացել՝ «որպէս հարսանիք», բայց այնտեղ զարհուրելի բաներ տեսնելուց և կռւի մէջ երեք մտերիմ ընկերներին կորցնելուց յետոյ ընդհանուր նահանջի ժամանակ վերադարձել է հայրենիք: Ահա իր այդ տպաւորութիւններն է, որ սկսնակ գրողը հիւսել է գաղափարական արուեստով և կազմել «Դանթեական առասպել»: Պատանի հեղինակը խրախուսելի է իր անկեղծութեան համար ամենից առաջ, իր հայերէն լեզուի բարեխիղճ պատրաստականութեամբ և, որ նշանակալից է այստեղ, բանաստեղծական շնորքի նշոյլներով» («Մշակ», 1916, N 238):   

Սակայն մամուլում Չարենցը ոչ միշտ էր հայտնվում գրականությանն առնչվող իրադարձություններում:  

«Ահա Հայաստանի «պրոլետ. գրող» Եղիշէ Չարենցը. նա իրեն պահում է փողոցային սրիկայից էլ վատ: Քանի-քանի անգամներ փողոցում կամ պարտէզում բռնել է իր հաւանած կանանց ու աղջիկներին և զոռով համբուրել: Քանի-քանի հրապարակային ապտակներ ստացել: Այսպես. մի քանի շաբաթ առաջ նա մոտենում է Ռոստովից եկած դերասանական խմբի անդամուհիներից օրիորդ Ալիխանեանին և առաջարկում է բաւարարութիւն տալ իր անասնական կրքին: Պատասխանը լինում է շառաչուն ապտակ օրիորդի կողմից» («Դրօշակ», 1926, N 11-12):

Հայաստանում տպագրվող թերթերն առանձնապես ուշադրության չարժանացրին  1926 թվականի միջադեպին, երբ Չարենցը փողոցում կրակել էր Մարիանա Այվազյանի ուղղությամբ և վիրավորել նրա ոտքը:

«Վերջերս էլ Չարենցը, որն ի դէպ, ամուսնացած է և զաւակ էլ ունի, ըկել էր 17 տարեկան դպրոցական մի պարկեշտ օրիորդի՝ Այվազեանի յետևից և առաջարկում էր իրեն «կին լինել»: Հակառակ օրիորդի վրդովումի և մերժումի՝ հետապնդումը շարունակւում է: Եվ սեպտ. 5-ին, երբ օրիորդը հոր հետ զբօսնում էր բուլվառում, մոտենում է նրան և առաջարկում է հետը զբօսնել: Աղջիկը մերժում է: Այն ժամանակ Չարենցը քաշում է ատրճանակը և երկու ծանր վէրք է հասցնում օրիորդին, որը արիւնլւայ գետին է ընկնում: Վրա են հասնում միլիցիօնէրները ոչրագործին ձերբակալելու համար, բայց Չարենցը բղաւում է, որ իրեն ձեռք չտան, որ ինքը Չարենցն է, կենգործկոմի անդամ, այլապես նրանց վրա էլ կը կրակի: Եւ գնում ներկայանում է ոստիկանատուն, բայց միլիցիան նրան ազատ է արձակում: Միայն ժողովրդական բուռն դժգոհութեան հետեւանքով Չարենցը յաջորդ օրը բանտարկւում է: Չարենցը «ժողովրդական բանաստեղծ է», Հայկենտգործկոմի անդամ,«Խորհրդային Հայաստան»-ի խմբագրական կազմի անդամ և հայ կոմունիստների պարծանքը» («Դրօշակ», 1926, N 11-12):

Բանն այն է, որ 1926-ի սեպտեմբերի 5-ին, Երևանում, Չարենցը երկու կրակոցով թեթև վերք է հասցնում Մարիանա Այվազյանին (երգահան Արտեմի Այվազյանի քրոջը): Մարիանան մերժել էր իրեն սիրահարված Չարենցին:  

Չարենցի դեմ քրեական գործ է հարուցվում. նա դատապարտվում է ութ տարվա ազատազրկման: Դատական նույն նիստում պատժաչափը մեղմացվում է մինչև երեք տարի:

Գրողին Երևանի բանտ են տեղափոխում: 1927-ի հունվարի 1-ի գիշերը Չարենցի կինը՝ Արփենիկ Տեր-Աստվածատրյանը՝ արտաարգանդային հղիություն ախտորոշմամբ, մահանում է:  

Չարենցին յոթօրյա արձակուրդ են տալիս բանտից: Դրանից հետո, հաշվի առնելով նրա հոգեկան ծանր վճակը, նպատակահարմար չեն գտնում նորից բանտ ուղարկել: Նույն թվականին գործը վերջնականապես փակվում է:

1930-ականներին ևս Չարենցի անունը գրական մամուլում հաճախ է հանդիպում, բայց արդեն այլ շեշտադրությամբ:  

«Նոր ուղի» ամսագրում Չարենցի մասին հայտնվում են «իդեոլոգիական սխալներ», «ծայրահեղ ինդիվիդուալիստ» որակումները:

1932-ին «Գրական թերթ»-ում (N 2) տպագրվում է Նաիրի Զարյանի «Բաց նամակ Եղիշե Չարենցին» հոդվածը. «…Քո նահանջի և լռության պատճառն այն է, որ …դու մասսաների հետ թույլ ես կապված»:

1932-ին Չարենցի գրական գործունեության 20-ամյակը նշելու գաղափարը չիրականացավ, և նույն թվականին Չարենցը «Գրական թերթ»-ում հրապարակեց իր «Բաց նամակ»-ը.

«Յուրաքանչյուր հոբելյան ոչ այլ ինչ է, եթե ոչ հարգանքի և վստահության արտահայտություն դեպի տվյալ անձնավորության ոչ միայն անցյալ վաստակները, այլև ներկա և ապագա: Ուրեմն, այս ամբողջից հետո, է՛ ավելորդ չէ՞ խոսել անգամ այդ մասին: Ավելի լավ չէ՞ գրական ղեկավարություն ստանձնած ընկերների կողմից մի «փոքր» ավելի զգույշ, ավելի պատասխանատու, ավելի հարգալից վերաբերմունք դեպի խորհրդային գրողը, քան մի «մեծ հոբելյան»՝ առանց այդ «վերաբերմունքի» («Գրական թերթ», 1933, ապրիլի 28):

Արդեն 1936-ին մամուլում հայտնվում է Կրեմլում ելույթ ունեցող Ստեփան Զորյանի զրույցը Ստալինի հետ: Ելույթ ունեցող Զորյանին ընդհատում է առաջնորդը.

  • Ինչպե՞ս է ապրում գրող Չարենցը:
  • Ոչինչ, – պատասխանում է Զորյանը:
  • Նրան կարծեմ նեղացնում են, – հետաքրքրվում է Ստալինը:
  • Նա այժմ իրեն հրաշալի է զգում (1936, հունվարի 10, «Գրական թերթ»):

Ամիսներ անց, 1936-ի, հուլիսի 26-ինպատրաստ էր Չարենցի ձերբակալման օրդերը: 1937-ի նոյեմբերի 27-ին, առավոտյան 7-ին, Չարենցը վախճանվում է Երևանի բանտի հիվանդանոցում:

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “«Չարենցը քաշում է ատրճանակը և երկու ծանր վէրք է հասցնում օրիորդին»…”
  1. Նորայր Ենգիբարյան says:

    Չարենցը իմ ամենասիրելի պոետներից մեկն է։ Սակայն անհրաժեշտ է տարբերել անձին և նրա ստեղծագործությունը։ Դասական օրինակ է Պուշկինը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *