2019.03.11,

Քննադատ

SMMացավն ու իրական հնարավորությունները

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Վերջերս կարելի է նկատել, որ շատացել են զանազան SMM թրեյնինգներն ու կազմակերպությունները, որոնք առաջարկում են նման ծառայություններ, և ընդհանուր առմամբ խոսակցությունները՝ այս լայն թեմայի շուրջ։

Իսկապես, ինչու՞ է ավելի շատ ակտիվացել SMM֊ը, քան սոցցանցային մարքեթինգը, առաջխաղացումը։

Կան, իհարկե, ընդհանուր մոդայիկ հանգամանքներ։ Պարբերաբար ինչ֊որ մի թեմա կամ բիզնեսի մի տեսակ դառնում է թրենդային, և բոլորը գործերը թողած՝ սկսում են հենց դրանով զբաղվել։

Դե, կհիշեք․ գրիլի ապարատ, դեղատուն, կուսակցություն և այլն։ Բայց գոյություն ունեն նաև օբյեկտիվ պատճառներ, որոնք տվյալ դեպքում դեռ կզարգացնեն այս ոլորտը, քանի որ այն չի հասել իր հագեցվածությանը։

Սոցիալական ցանցերն այսօր տալիս են աննախադեպ հնարավորություն փոքր և միջին բիզնեսի համար։ Ավանդական գովազդային հարթակները թանկ են, կարելի է ասել՝ անհասանելի։ Նույնիսկ եթե հարթակում, օրինակ, կարող ես ստանալ շատ էժան, զեղչային գներով հնարավորություն արտաքին գովազդ տեղադրելու, գովազդի պատրաստումն արդեն իսկ շատ թանկ հաճույք է լինելու։

Իսկ սոցցանցերը այսօր տալիս են գրեթե անվճար հնարավորություններ։ Իհարկե, փոխաբերական իմաստով։

Սակայն, երբևէ հնարավո՞ր էր պատկերացնել, որ տնային տնտեսուհին, որն ուզում է վաճառել իր ձեռագործ առարկան, կկարողանա ամսական մի տասը հազար դրամանոց գովազդային բյուջեով հասնել վաճառքի աննախադեպ ծավալների։

Եթե ճիշտ ասենք, հիմա էլ սոնցցանցերում հաճախ չես հանդիպի նման առաջխաղացման։ Բայց դա գոնե դառնում է տեսականորեն հնարավոր։

Տասը հազարով դժվար է հաջողության հասնել, բայց հիսուն հազարով այդ տեսական, հիպոտետիկ կինը կկարողանա ցնցել ողջ համացանցը։

Հեռուստատեսային գովազդի պարագայում ինքը հաստատ ստիպված կլիներ նախնական վաճառել իր ամուսնու աջ երիկամը։ Իսկ հիմա հերիք է, որ ամուսինը թողնի ծխելը և տնտեսված գումարները տրամադրի կնոջ բիզնեսի առաջխաղացմանը։

Եթե բերենք մեր media.am֊ին ավելի հարազատ մամուլային թեմաների օրինակներ, ապա նույնպես կտեսնենք նման հնարավորություններ։

Կարող է թվալ, որ անիմաստ խոսակցություն եմ վարում, քանի որ մամուլը, երևի թե, ամենաառաջինն էր, որ Հայաստանում, թևերը քշտած, սկսեց սոցցանցերում առաջխաղացումը։ Արդեն տարիներ առաջ։ Ինչ֊որ առումով այդպես էլ կա։

Մյուս կողմից, հենց այն փաստը, որ վաղուց են SMM-ով զբաղվում, հանգեցրել է այն բանի, որ լրատվականների մի մասը կառչել է հին (իհարկե, համացանցում «հին»֊ը շատ հարաբերական է) մեթոդներից և կորցնում են բազմաթիվ հնարավորություններ։

Այսօր նույն Ֆեյսբուքը, որը մեր հիմնական հարթակն է, տալիս է էջերին բազմաթիվ նոր գործիքներ, որոնք շատ քիչ լրատվականներ են օգտագործում։ Էլ չեմ խոսում այլ սոցցանցերի օգտագործման հնարավորությունների մասին։

Իհարկե, Յություբը շատերի կողմից լայնորեն ու ակտիվորեն կիրառվող հարթակ է, սակայն այստեղ էլ կան բազմաթիվ գործիքներ, որոնք չեն օգտագործվում։

Իսկ եթե խոսենք Twitter, Linkedin, Instagram, Telegram, VK օգտագործման մասին, ապա շատ քիչ հարթակներ կկարողանան կիսվել հետաքրքիր և դրական փորձով, քանի որ փորձը գրեթե իսպառ բացակայում է։

Եթե նայեք այլ երկրների լրատվականների այցելուների խմբերին, ապա կտեսնենք, որ այնտեղ սոցցանցերը ներկայացված են շատ ավելի բազմազան։ Մեր դեպքում բոլորս էլ գիտենք, թե որ սոցցանցն է գրավում շուկայի 99%-ը:

Այնպես որ, թվում է, թե բոլորը ակտիվորեն օգտագործում են առաջխաղացումը սոցիալական մեդիայում, սակայն, շատ դեպքերում էֆեկտիվությունը կարելի է հարցականի տակ դնել։ Իսկ սա նաև Հայաստանի լրատվական դաշտի ֆինանսական անկախության հարցի մի ուղղությունն է․ էֆեկտիվ առաջխաղացումը թույլ կտա մամուլին լինել ավելի պաշտպանված և անկաշկանդ։  

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *