Սոցիալական մեդիայում այսօր ամեն երկրորդ գրառումը նվիրված է Թումանյանին, մեր ամենահամազգային ու ամենալայնարձակ գրողին: Մենք դավանում ենք, հիանում, պաշտում, բայց հազվադեպ ենք նրա տողերից սարսափում կամ մտորում իր բարձրացրած սուր քաղաքական, աշխարհաքաղաքական, հասարակական մտածմունքների շուրջ:
Բայց մյուս կողմից էլ՝ զարմանալի չէ, քանի որ մենք մեր գրողներից և ոչ մեկին էլ լավ չենք ճանաչում. ցիտում ենք, արտասանում, ֆլեշմոբ անում, նրանց անունով փողոցներ անվանակոչում, իսկ նրանք շարունակում են մնալ անիմանալի, համազգային գիտակցությանը անհասանելի՝ լինի Նարեկացի թե Քուչակ, Սևակ թե Չարենց: Նաև մեր ժամանակակիցները:
Արդեն հեռավոր 2001-ին մի խումբ գրողներ ՀՀ նախագահին նամակով դիմել էին, որպեսզի կանխվի և արգելվի այսպես կոչված՝ «տականքային գրականությունը», որի հեղինակը Վիոլետ Գրիգորյանն էր:
Նույն ժամանակ Հրանտ Մաթևոսյանը նրան անվանեց «մեր ժամանակների Չարենց»:
«Ինչպե՞ս թե Չարենց, դա սրաբապղծություն է»,- ըմբոստացավ ավանդապաշտ մտավորականությունը, իսկ Մաթևոսյանը, չնայած իր խաբուսիկ ու թվացյալ պահպանողականությանը, չափազանց լայնախոհ էր ու իմաստուն և ճանաչում էր իսկական Չարենցին, այլ ոչ միայն դասագրքերում բարեձևված մանեկենին:
Բնականաբար դա զուտ հայկական խնդիր չէ ու արտասահմանյան գրողների երկարաձիգ թվարկումից խուսափելու համար թերևս վկայակոչենք նրանց կնքահորը՝ Շեքսպիրին:
Երկու տարի առաջ, Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին Լոնդոնում անցկացվեց հարցում, որի արդյունքում հարցվող մայրաքաղաքաբնակների 68%-ը դեմ էր ըստ առաջին հարցի «դաժանություններին արվեստում և գրականության մեջ», ըստ երկրորդի՝ դեմ էին «քաղաքականացված արվեստին ու գրականությանը», իսկ Շեքսպիրին ճանաչում էին «սիրո երգիչ», «Ռոմեո և Ջուլիեթ»-ի հեղինակ, սոնետագիր:
Ընդհանուր առմամբ ծանոթ էին նաև «Համլետ»-ին, «Մակբեթ»-ին կամ ասենք, «Ռիչարդ 3-րդ»-ին, բայց, այնուամենայնիվ, Շեքսպիրին «քաջածանոթների» զգալի մեծամասնությունը տեղյակ չէր, որ հենց նա է բոլոր ժամանակների ամենադաժան ու քաղաքականացվող գրողներից մեկը:
Համազգային և ուրեմն՝ «սրբացված» գրողները միջնադարյան վհուկների նման հենց իրենք են «կրակն ընկնում» իրենց համազգային կարգավիճակի պատճառով:
Համազգային վերաբերմունքն ու ակնածանքը սովորաբար հարմարեցնում ենք մեր էմոցիոնալ պատկերացումներին, խաբկանքներին, ուտոպիաներին, որդեգրած քաղաքական վեկտորին, մինչդեռ գրողներն այդ ամենը հյուսում են միայն մեկ ձեռքով, իսկ մյուսով՝ հակադրվում են խաբկանքներին, կոտրում են պատրանքները:
Թումանյանը այս տխուր, բայց, ցավոք, բնական թեզի մեկ այլ վառ օրինակը կլինի այնքան ժամանակ, քանի դեռ մեզանում իշխում են հայրենասիրության մասին լոկ պաթետիկ ու էմոցիոնալ և ոչ ինքնահայեցողական և վերլուծական պատկերացումները:
Մենք գրողներին սրբացնում ենք ու կուրորեն հետևում նրանց զուտ «ջոկողության» սկզբունքով, ըստ որի մեզ՝ «հեշտասեր խուլիգաններիս» համար Չարենցը «Ես իմ անուշ Հայաստանի…» աղաղակող է և ոչ մեզ պես «հեշտասեր խուլիգան»:
Մեզ՝ հոգու խորքում ենթագիտակից խաղաղասերներիս համար, Թումանյանը «Մահը մերն է մենք՝ մահինը» ոգեկոչող է և ոչ թե անուղղելի ու գիտակից պացիֆիստ: Նա թմրեցնող հեքիաթասաց է, այլ ոչ թե հասարակության խորահատակ մաղձի վերամբարձ հանքափոր:
Այդպես, նրա ոչ պոպուլյար հրապարակախոսությունն ու խորքային վերլուծությունները այդպես էլ չեն դառնում հանրային դիսկուրսի մի մաս:
Գրողը մեր առջև դնում է հարդարման տուփ դիմափոշով ու հայելիով, իսկ մենք անվերջ օգտվում ենք դիմափոշուց՝ շպարվելով ու սքողելով մեր չեչոտ դեմքը, չկասկածելով, որ մի ոչ այնքան գեղեցիկ օր դիմափոշին վերջանալու է ու ստիպված ենք լինելու բորբոսապատ դեմքներս տեսնել գրողի սարսափազդու հայելում:
Կարեն Ավետիսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: