«Գործ N° մարտի 1» վավերագրական ֆիլմը, որը նկարահանել են ռուսաստանյան հեղինակները և որը հունվարի 18-ին ցուցադրեց հայաստանյան «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը (նախկինում «Արարատ») ոչ այնքան վավերագրություն է կամ փաստերի շարադրում-որոնում, որքան փաստերի շիլա՝ հարցական նշաններով:
Առաջին հերթին անհասկանալի է, թե ում համար է այն նկարահանվել: Այսինքն, ինչ լսարանի: Եվ ինչու հենց հիմա:
Քանի որ 2008-ի մարտի 1-ը հայաստանցիների հիշողության մեջ շարունակում է դրոշմված մնալ որպես բացահայտմանը սպասող ոճրագործություն ու արդեն 2018-ին նոր քննական ընթացք ստացած գործ, ապա ցանկացած այսօրվա անդրադարձ ընկալվում է պատեհապաշտության տեսանկյունից ու անպայման ստանում է մանիպուլյատիվ համատեքստ:
Ֆիլմի հեղինակներ Ռոման Բաբայանն ու Անտոն Գրիշինը, ինչպես նաև ռեժիսոր Դմիտրի Նովոկշոնովը ֆիլմը սկսել են նկարահանել 2018-ի ամռանը, երբ Հայաստանում արդեն տեղի էր ունեցել հեղափոխությունը, վարչապետ էր Նիկոլ Փաշինյանը, իսկ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը առաջին անգամ ձերբակալվել էր:
Եվ այդ փաստը անմիջականորեն արտացոլված է ֆիլմում:
Թեև ֆիլմը ներկայացվում է որպես անաչառ ու անկողմնակալ հետաքննություն, հենց կողմնակալությունն է ֆիլմի ուժեղ կողմը, քանի որ փաստերի տարբեր բեկորներ ու ակնհայտ խեղաթյուրումներ ուղղված են այն լսարանին, որը դժգոհ է այսօրվա հետհեղափոխական իրավիճակից ու ուզում է մարտի 1-ի գործի միջոցով վավերացնել իր դժգոհությունը:
Իսկ ֆիլմի պատվիրատուն (ով էլ որ այն լինի) շատ է ցանկանում կուտակել այդ դժգոհությունը ու ուղղել այն կոնկրետ մարդկանց վրա: Օրինակ, նոր վարչապետի…
Հետաքրքիր է, որ հեղինակներն իրենց իրավունք են վերապահում պնդելու, թե հայ ժողովուրդը այդպես էլ չի իմանա, թե ով է մեղավոր մարտի 1-ի ողբերգության մեջ:
Ընդհանրապես քաղաքական թրիլերի ժանրում մոնտաժված «Գործ N° մարտի 1»-ը կարծես անընդհատ պնդում է, որ ժողովուրդը դեռ չգիտի, թե ինչ է իր գլխին գալու: Չգիտեր 2008-ին, չգիտի նաև 2018-ին:
Խաբված ժողովրդին, ցինիկ ընդդիմադիրներին, սթափ իշխանավորներին, որդեկորույս ծնողներին միացված է նաև երրորդ ուժի մասին ակնարկները:
Օրինակ, երբ խոսվում է դիպուկահարների մասին, հեղինակները ասում են, թե ոչ ոք չկարողացավ պարզել, թե ովքեր էին դրանք. «Երբ աշխարհում նման դեպքեր են տեղի ունենում, միշտ հայտնվում են դիպուկահարներ, որոնց հետագայում ոչ ոք չի կարողանում գտնել: Այդպես էր Ուկրաինայում, Վենեսուելայում, Հայաստանում»:
Կա նաև մեկ այլ տարօրինակ տեքստ, որտեղ ասվում է, որ ցուցարարները զինված էին երկար փայտե ձողերով, իսկ ոստիկանները՝ կարճ մահակներով, հետևաբար ուժերը հավասար չէին:
Այսպիսի տարօրինակ ու պաթետիկ պնդումները ֆիլմում քիչ չեն: Երևում է, որ հեղինակներն ու նրանց պատվիրատուն շտապում էին: Նաև ասելով, որ «Քոչարյանը կարողացավ խուսափել ռազմական հեղաշրջումից», իսկ նրա ձերբակալությունը տասը տարի անց՝ «հասարակ վրեժ»:
Բայց ամենատհաճ զգացողությունը արթնանում է այն ժամանակ, երբ տեսնում ես, թե ինչպես են հեղինակները հեշտ ու թեթև օգտագործում մարդկանց հույզերը քաղաքական հարթության վրա:
«Գործ N° մարտի 1»-ը կարող էր անցնել աննկատ ու մեծ իմաստով ոչ մի հետք չթողնել հայաստանցիների մտքերում, եթե չլիներ խաբված լինելու փաստը:
Ֆիլմը, իհարկե, կարող է խաբել, բայց այս դեպքում այն խաբել է հենց իր հերոսներին: Հետևաբար նաև լսարանին:
Հերոսների շարքերում են քաղաքական գործիչները, զոհվածների հարազատները, տարբեր ոչ միանշանակ լրագրողները, նաև նկարիչը: Շատերը տեղյակ էլ չեն եղել, թե ինչի են մասնակցում և ինչ բովանդակության ֆիլմի համար են հարցազրույցներ տալիս:
Եվ հիմա առերեսվել են քաղաքական և պատեհապաշտ մոնտաժի հետ:
Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը, որը ֆիլմի հերոսներից մեկն է, պարզաբանեց, որ ֆիլմի հեղինակները չարաշահել են թե՛ իր, թե՛ զոհվածների հարազատների վստահությունը և արդյունքում ստեղծել «խայտառակ» ֆիլմ:
Սոցցանցերում գրառումներ կատարեցին նաև այլ մարդիկ, որոնք իրենց նսեմացված զգացին:
Ռուսաստանյան արտադրության ֆիլմը նաև հեղինակային իրավունքների հարց առաջ քաշեց:
2011-ին ստեղծված «Հայաստանի կորսված գարունը» հետաքննական ֆիլմի ստեղծագործական կազմը հայտարարեց, որ «Գործ N մարտի 1» ֆիլմում օգտագործվել են իրենց նկարահանած կադրերը՝ առանց ստեղծագործական խմբի գիտության և թույլտվության:
«Առաջարկում ենք արագ և անաղմուկ հեռացնել ֆիլմը 5-րդ ալիքի Ֆեյսբուքի էջից և Յություբի ալիքից։ Իսկ Ռոման Բաբայանի և ընկերների կողմից կատարված գողության փաստը կվիճարկենք դատարանում։ Մինչ այդ հեռացրեք և հրաժարվեք հանցակցությունից»,- գրել է ֆիլմի հեղինակ Տիգրան Պասկևիչյանը։
Նա պատմեց, որ արդեն ուղարկել են նամակ-տեղեկացում, որտեղ մանրամասն ներկայացված են խախտումները՝ գողացվել են ոչ միայն առանձին կադրերը, այլև մոնտաժված հատվածները:
Այժմ սպասում են Յություբի պատասխանին:
Այս խոշոր սոցցանցի համար հեղինակային իրավունքների պաշտպանությունը կարևոր կետ է:
Հնարավոր է նաև, որ իրենց խոսքը խեղաթյուրելու ու մոլորեցնող բովանդակության մաս դարձնելու համար բողոքեն նաև ֆիլմի այլ հերոսներ: Համենայնդեպս, հիմա (անկախ այն բանից, թե ով է պատվիրատուն) ֆիլմի տարածումը սահմանափակելը այն ելքն է, որը տեսանելի է:
Դատարան դիմելը, իհարկե, կլինի լավ նախադեպ, որը կօգնի հետագայում պատկերացնել, թե որտեղով կարող է անցնել մարդկանց արժանապատվության ոտնահարման, խոսքի ազատության ու մեկնաբանելու պատրաստակամության եզրագիծը: Եվ որտեղ է այդ գիծը արագորեն հատվում ստի հետ:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: