Աշխարհի կարգը բացատրության ու նկարագրության կարիք ունի, կամ առնվազն՝ նոր գիտելիքի ու փորձի:
Մեդիան, որը վերջին դարում դարձավ իրականության հիմնական մեկնաբանողն ու նոր պատմություններ պատմողը, ուներ նման հավակնություն: Լրագրողները գրեթե փիլիսոփաներ էին, քանի որ պատմելով, նկարագրելով ու վերլուծելով էին իրականություն ստեղծում, հասանելի դարձնում տարբեր փորձառություններ: Եվ ի տարբերություն արվեստի մարդկանց կամ փիլիսոփաների՝ նրանք դա անում էին պարբերաբար, օրական ռեժիմով, ձգտելով սառնասրտության ու նվազագույն շեղումների:
Մինչ լրագրության հայտնությունը աշխարհը մեկնաբանողի դերը տրված էր ճամփորդներին: Այսինքն, ականատեսներին, որոնք գնում, իմանում էին, հետո գալիս ու փոքր տնակներում ծվարած մարդկանց պատմում մեծ աշխարհի մասին:
Եվ նրանց պատմածը ստուգելի չէր այնքան ժամանակ, մինչև մեկ ուրիշը նույն ճանապարհով չէր գնում ու գալիս նորից պատմում, միգուցե նաև՝ հերքում կամ հաստատում որոշ դրվագներ: Հետո գալիս-գնում էր երրորդը, չորրորդը, որոնք իրենց բաժին մանրամասներն ու նաև հորինվածքներն էին հյուսում նախորդների պատմածին, որպես հավելյալ ճշմարտություն:
Եվ ստացվում էր, որ փաստերը անբաժանելի են հորինվածքից, միֆերից, ճամփորդի երևակայությունից ու տպավորություններից: Կարճ ասած, այն բոլոր գեղեցիկ բաներից, որոնք վերջին ժամանակներում սովոր ենք անվանել «ֆեյք», և որի հակակշիռը փորձում է լինել պրոֆեսիոնալ լրատվամիջոցը իր լրագրողական սկզբունքներով:
Հիմա երբ ապրում ենք տեղեկատվական գերակտիվ միջավայրում ու մեկ վայրկյանում կարող ենք նոր մանրամասների ու ճշտումների տեր դառնալ, լրագրությունը այլևս չունի աշխարհի նկարագրողի մենաշնորհ: Ցանկացած տեղեկություն անընդհատ տարածվում, համալրվում ու մեկնաբանվում է, որի ընթացքում նաև ձևափոխվում է:
Եվ շատ բարդ է հասկանալ, թե որ պահից է այդ ձևափոխումը դառնում ճակատագրական ու կեղծ դարձնում լուրի առանցքը:
«Ֆեյք» տերմինն էլ հեղհեղուկ ու անիմաստ է, քանի որ կեղծ կարող է լինել ընդամենը մեկ տոկոսը կամ մեկ հորինված մանրամասը: Ի վերջո, ոչ հավաստի կարող են լինել հենց լուրի աղբյուրը, տրամադրությունը կամ դրդապատճառները: Իրականության գնահատումը դառնում է իրավիճակային:
Իրականությունն ինքնին ճոճանակ է, իսկ լրագրողը դրա վրա նստած ու հավասարակշռել փորձող հերոս, որի ուշքն ու միտքը փաստերն ու դրանց ազդեցությունը նույն մակարդակում պահելն է:
Երբեմն ազդեցությունը փաստերի հաշվին է լինում:
Ինչպես տեղի ունեցավ քննարկումների մեծ ալիք բարձրացրած գերմանացի լրագրողի դեպքում:
Կլաաս Ռելոտիուսը, որը հռչակվել էր «տարվա լրագրող», ստացել 11 մրցանակներ իր ռեպորտաժների համար ու եղել «Շպիգել» ամսագրի մշտական հեղինակը, հնարել էր իր հոդվածների հերոսներին ու այդ հնարված հերոսների հետ հարցազրույցներ արել ու խոսել նրանց անունից:
Մեդիա դաշտում այդ լուրը ցնցում առաջացրեց, «Շպիգելը» շտապեց ասել, որ այս ֆեյք տեքստերի հրապարակումն իր պատմության ընթացքում ամենալուրջ անկում էր՝ «Ռելոտիուսը բոլորին կուրացրեց»: Լրատվամիջոցը ներողություն խնդրեց ընթերցողներից ու գործընկերներից ու վստահեցրեց, որ այսուհետ ցանկացած փաստ ստուգելու ու վերստուգելու է զուգահեռաբար մի քանի անգամ:
Իսկ Ռելոտիուսը հետո խոստովանեց, որ հորինվածքի չափաբաժին կա իր գրեթե բոլոր նյութերում, հորինելն ընդհանրապես դարձել է սովորության պես մի բան:
Հնարելու ու խաբելու սահմանը հենց լրագրողի համար այլևս նշմարելի չէ: Հատվածները, դրվագները, ֆրագմենտները կարող են և լինել ճշմարտացի ու իրական, բայց ընդհանուր պատկերը լինի խեղաթյուրված:
Ի վերջո, գերմանացի լրագրողը իսկապես եղել է այն բոլոր թեժ ու կարևոր կետերում, որոնց մասին հետագայում երկար, գեղեցիկ ու ազդեցիկ տեքստեր է ստեղծել:
Նա ստեղծագործել է, եթե պետք է եղել տեղեկատվական առիթ, հնարել է կեղծ հեռախոսազանգ, եթե սյուժեն արգելակում է, նա դրամատուրգիական պտույտների մեջ է դրել նոր պերսոնաժների, որոնք մասամբ էին իրական:
Ու հասել գրեթե իդեալական ազդեցության՝ ընթերցողները կարեկցել են նրա հնարած հերոսներին ու մտորել կարևոր թեմաների շուրջ:
Նման մի պատմություն շրջանառվեց մեդիայում նաև 1988-ի Լենինականի երկրաշարժից հետո: Միջազգային լրատվական տարածքում հայտնվեց տեղեկություն փլված տան նկուղում 35 օր անցկացրած վեց տղամարդկանց մասին, որոնք կարողացան դիմակայել ու դուրս գալ փլատակների տակից՝ դառնալով յուրահատուկ ռեկորդակիրներ:
Մինչ այդ ոչ ոք չի կարողացել մեկ ամսից ավելի մնալ փլատակների տակ ու ողջ դուրս գալ: Այդ դեպքը հրաշքի էր նման, որը թեև հորինված էր (ընդ որում՝ ոչ ամբողջությամբ), այն ոգևորեց ու կրկին արդիականացրեց երկրաշարժի զոհերի թեման, որը 1989-ի սկզբին այլևս մարում էր:
Այս դեպքերը առիթ են մտածելու պրոֆեսիոնալ հիգիենայի մասին, որը թերևս ամենախնդրահարույցն է ժամանակակից մեդիա դաշտում:
Ճոճվող իրականությանը ցանկալի է մոտենալ լավ մարզավիճակում, պատրաստ լինել դրան:
Հակառակ դեպքում, չես հասցնի փախչել սրբող ու մաքրող ցունամիից: Երբ օրինակ, նայում ես այս կադրերը, կասկածում ես, որ ֆեյք է (լավագույն դեպքում՝ կինո), բայց այն իրական ու թարմ ցունամիի է: Թեև կարող էր լինել նաև հորինվածք:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: