2018.12.24,

Քննադատ

Մի քանի կանխատեսում 2019-ի մեդիադաշտից

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

2018֊ն այնքան արտառոցն էր մեդիա դաշտի համար, որ հաջորդ տարվա կանխատեսումներ անելը այնքան էլ իրատեսական չի թվում։ Կանխատեսելը բարդ է՝ հաշվի առնելով քաղաքական, տնտեսական վերադասավորումները, տարբեր գործոններն ու դրանց հնարավոր ազդեցությունը։ Բայց ինչ֊որ բաներ արդեն նշմարվում են։

Առաջինը դիտարկենք այն, ինչը մնում է կայուն վերջին ամիսներին։

Վարչապետի ֆեյսբուքյան էջը մնում է ամենաարագ աճողը Հայաստանում։ Չնայած, դեկտեմբերի ընթացքում աճը կազմել է մոտ 12 հազար ընթերցող, մինչդեռ երկու ամիս առաջ նույն ցուցանիշը մոտ երկու անգամ մեծ էր։

Իսկ ահա Ֆեյսբուքի լսարանը դադարել է աճել։ Մի պահ ամռանը այն հասավ 1,4 միլիոնի, բայց իջավ 1,3 միլիոն՝ ամսական կտրվածքով ակտիվ օգտատերի: Հետո կանգ առավ։ Փաստացի, լսարանը հագեցել է, և շարժ չի նկատվում։

Կարելի է ենթադրել, որ հաջորդ տարին նույնպես մեծ փոփոխություններ չի բերի (եթե անսպասելի հասարակական ակտիվություն չլինի)։

Տվյալ պահին ամենաակտիվ աճող սոցցանցը Ինստագրամն է։ Այստեղ լսարանը արդեն հասել է 700 հազարի և շարունակում է կայուն ձևով աճել։ Կարելի է համոզված լինել, որ այն կլինի եկող տարվա հիմնական հարթակներից մեկը և իր վրա կվերցնի Ֆեյսբուքի մի շարք հանրային գործառույթներ։

Կշարունակի աճել վիդեո բլոգերների ազդեցությունը, կնկատվի մրցակցություն ավանդական լրատվականների հետ, նաև կբացվի դաշտ՝ համագործակցությունների համար։

Twitter, Linkedin, Telegram․ տվյալ հարթակներում կարելի է սպասել ստաբիլ, բայց ոչ հեղափոխական աճ։ Մյուս կողմից, լրատվամիջոցները պետք է մտածեն այս հարթակների հետ ավելի սերտ աշխատանքի մասին, քանի որ Ֆեյսբուքը, ամենայն հավանականությամբ, կշարունակի իր վերջին տարվա քաղաքականությունը և էլ ավելի կնվազեցնի էջերի ցուցադրումները։

Լրատվականները նաև պետք է հաշվի առնեն, որ նվազում է համակարգչով օգտվողների թիվը։ Բովանդակությունը պետք է միանշանակ օպտիմիզացված լինի շարժական սարքերի համար։ Արդեն իսկ միայն համակարգչից օգտվողների թիվը Ֆեյսբուքում նվազել է՝ 10%-ից ցածր է։ Մինչդեռ միայն շարժական սարքերից օգտվողների թիվը հասնում է 60%-ի։

Վերջին ամսում Ֆեյսբուքից օգտվող հայաստանյան չափահաս օգտատերերի բաշխումը ըստ օգտագործված սարքերի

Միանշանակ կազդի եկող տարվա տեղեկատվական դաշտի վրա քարոզչական հակամարտությունը, որի մեջ ներգրավված են միանգամից մի քանի կենտրոն։

Իրականացվում է եղած լրատվական աղբյուրների վերաբաշխում, ինչպես նաև զանգվածայնորեն ստեղծվում են նորերը։ Դաշտ ներարկվում են, ամենայն հավանականությամբ, մեծ գումարներ։ Այնպես որ կարելի է ակնկալել դերակատարների ազդեցության վերաբաշխում։

Մի բան հաստատ է․ հետաքրքիր տարի է սպասվում։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *