2018.11.09,

Քննադատ

Հեռուստաբանավեճի երկրորդ թարմությանը հետևում է երրորդը

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Քաղաքականությունը տարբեր խմբերի անհամաձայնության ու բախման համադրումն է և միշտ կա պահանջ գտնելու այն լեզուն, որով կարելի է միաժամանակ արտահայտել բախումն ու վերահսկել այն:

Պարզ ասած՝ անհամաձայնությունը պիտի գտնի այն ձևաչափը, որը կլինի հանրօգուտ:

Քաղաքական հեռուստաբանավեճը նման հանրօգուտ ժանրերից է, որը հրապարակայնացնում է քաղաքական խոսքն ու դարձնում այն տեսանելի:

Տարիներ շարունակ հեռուստատեսությունը Հայաստանում վերահսկվում էր իշխող քաղաքական ուժի կողմից՝ առանց եթեր բաց թողնելու անհամաձայնության թեկուզ աննշան տարրեր: Իհարկե, դա ոչ թե հանրօգուտ էր, այլ քայքայիչ թե՛ քաղաքականության, թե՛  հեռուստատեսության համար:

Բայց առաջին հերթին, հենց հեռուստատեսության:

Ի վերջո, լսարանը, կարող է և չդիտել հեռուստացույց, բայց հեռուստատեսային արտադրանք ստեղծողները ստիպված էին ընտելանալ, որ իրենց չեն դիտում, իսկ իրենք միևնույն է ստեղծում են:

Սուր թեմաները, սրախոս մարդիկ ու սրածայր բանավեճերը տեղ չունեին եթերում, իսկ հայտնվելու դեպքում էլ դառնում էին գլամուրային կամ պոռոտախոս շոուներ: Փայլփլող, սիրունիկ ու ցանկացած սուր բախումից խուսափող հաղորդավարներին բուծեց հեռուստատեսությունը:

Եվ քաղաքականությունը մեռավ նաև այդ պատճառով:

Այսօր Հայաստանում փաստացի զրոյական, մեկնակետային իրավիճակ է. չկա գործադիր իշխանություն (պաշտոնակատարներ են) և դեռ չկա օրենսդիր իշխանություն (երկարաժամկետ):

Կարծես պարարտ դաշտ է քաղաքական բանավեճերի վերակենդանացման համար, և առաջին հերթին հեռուստատեսային, քանի որ հեռուստատեսությունը կարող է անհամաձայնությունը դարձնել հետաքրքիր, թարմ, թափանցիկ, տեսանելի ու գրավիչ:

Այստեղ առանքայինը թարմն է…

Թավշյա հեղափոխությունից հետո նոր ու թարմ բանավեճեր եթերում չհայտնվեցին: Պատճառը մարդկային էր՝ դա անելու համար թարմ մարդիկ էին պետք, որոնք կկարողանային աշխատել ոչ թարմ իրավիճակում:

Նման փորձ արեց Հանրային հեռուստատեսությունը ու միանգամից ձախողեց: «Խաղի կանոններ» հեռուստահաղորդումը հավակնություն ուներ լրացնելու բանավեճերի բացը, բայց ունակ չէր դա անելու իր ընտրած լեզվի, նպատակների ու նաև վարողի կերպարի պատճառով:

Ի դեպ՝ ավելի հետաքրքիր քայլ կլիներ, եթե հեղափոխությունից հետո պահպանվեր այդ հաղորդման նախկին անունը՝ «Եռանկյունի» և նախկին վարողը՝ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը: Հյուրեր կանչելու մենաշնորհը կպատկաներ ալիքի լրատվական ծառայության նոր կազմին, իսկ բանավեճի մոդեռատորը՝ լինելով կարկառուն կուսակցական, շոուն կդարձներ դիտարժան ու փորձ կաներ վերահսկելու իրավիճակն ավելի լավ, քան դա անում է ներկա մոդեռատոր Արմեն Դուլյանը:

Հայտնի դարձավ, որ խորհրդարանական ընտրությունների նախօրեին նոր բանավեճային հաղորդում վարելու համար Հանրայինը հրավիրել է Պետրոս Ղազարյանին:  17 տարի «Կենտրոն» հեռուստաընկերությունում աշխատելուց հետո նա կտեղափոխվի մի ալիք, որը թարմ լինելու հայտ է ներկայացրել (դեռ միայն լրատվական բաժնում):

Ողջ հետսովետական քարոզչությունը Հայաստանում կառուցվել է այն մտքի վրա, որ այլընտրանք չկա: Անփոխարինելի են իշխանությունները, չինովնիկական ապարատը, կիսագողական տարրերը…

Մեզ համոզում էին, որ կան անփոխարելիներ: Նույն պատկերը նաև լրատվական դաշտում էր, մի ալիքի առանցքային դեմքը տեղափոխվում էր մյուս ալիք ու շարունակում մնալ անփոխարինելի: Հետո անցնում էր մյուս ալիք, կրկին անփոխարինելի լինելու շնորհիվ:

Հեռուստադեմքերը Հայաստանում կարծես չեն խամրում ու չեն համալրվում նորերով, նրանք անընդհատ ինչ-որ բացեր են լրացնում:

Ալիքները վաղվա ներուժ պատրաստելու ցանկություն չունեին, և դա զգացնել տվեց այսօր, երբ ցանկություն միգուցե և կա, բայց մարդ չկա:

Իհարկե, խոսքն այստեղ բնավ էլ պրոֆեսիոնալիզմի մասին չէ (պրոֆեսիոնալները պետք են միշտ ու ամենուրեք), այլ ավելի շուտ՝ հեռուստատեսության սնանկության, որը ոչ թե որոնում է ու ստեղծում, այլ հրավիրում:

Հանրայինը հրավիրում է նրանց, ովքեր կան դաշտում, հետո հրաժարվում է նրանցից, ում հրավիրում է, և նրանք հայտնվում են այլ ալիքներում՝ համբերատար ու անփոխարինելի լինելու հայտով:

Քաղաքական հեռուստաբանավեճը ժանր է, որը ժանգոտել է չգործարկվելով:

Եթե ընդունենք, որ արդի ժամանակներում կարևոր չէ մեդիա կրիչը, ապա ավելի հեռանկարային ճանապարհ են ընտրում ոչ թե վերգետնյա սփռում ունեցող հեռուստաընկերությունները (մասնավորապես, Հանրայինը), այլ ինտերնետային հեռարձակում ունեցող լրատվամիջոցները:

Համենայնդեպս, հիմա Հայաստանում ամենաթարմ բանավիճային ֆորմատներն ու հարցազրույցները առաջարկում է 1in.am-ը, որը անընդհատ հյուրերի ու վարողների շրջապտույտ է ստեղծում՝ փնտրելով, համոզելով, հրավիրելով ասելիք ունեցողներին ու խոսել կարողացողներին, լինի դա ուղիղ եթերում, ձայնագրված թե նույնիսկ սկայպով:

Իհարկե, արտահերթ ընտրությունները պահանջում են արտահերթ միջոցներ: Արագ միջոցներ:

Արագորեն ձևավորվում են նոր քաղաքական ուժեր ու նրանց պետք են արտահայտվելու հարթակներ: Ու տարբեր խոսք է գալիս առաջին պլան՝ զուգահեռաբար հղկվելով, պարտվելով ու անհետանալով: Կամ՝ համոզելով ու բարկացնելով:

Դասական քաղաքական բանավեճը հաջողվում է այն ժամանակ, երբ եթերը իրապես ազդում է կուսակցության վարկանիշի վրա՝ ձայներ ապահովելով կամ ձայներ խլելով:

Բայց քանի որ Հայաստանում եթերի տնօրինումը կատարվել է ոչ դասական օրենքներով, այլ փոխարինումներով (կարևորի և ոչ կարևորի), թերևս պետք է անել ամենաբախտորոշ քայլը. որոնել որակյալ խոսք:

Ոչ թե կրնօրինակել ու տարածել եղածը նույն մարդկանցով, նույն տաղավարներում ու նույն նպատակներով, ներկայացնելով դա որպես երկրորդ թարմություն, այլ որոնել այսօրվա խոսքը:

Քաղաքական բախում ու անհամաձայնություն ցուցադրելը չի նշանակում, որ պետք է լղոզել ասելիքը կամ դիմել պատեհապաշտ հռետորաբանությանը: Ի վերջո, քաղաքականությունը այն ամենն է, ինչը մեզ շրջապատում է:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *