2018.10.02,

Քննադատ

Քը՜շ-քը՜շ․․․

author_posts/armen-ohanyan
Արմեն Օհանյան

Արձակագիր

Ռումինացի գործընկերոջս՝ պոետ Ռադու Վաջույի հետ զրուցում էինք բառի բանից, ես իրեն մեր «Մերժիր Սերժին» երկբառ պոեմի հետ էի ծանոթացնում, ինքն ինձ «MuiePSD» (արտասանվում է «մույե պեսեդե») կարգախոսի ոդիսականն էր ներկայացնում։ «Muie»-ն օրալ սեքսի գործողություն ցույց տվող ռումիներեն թունդ հայհոյանքն է, իսկ PSD-ն իրենց ՀՀԿ-ն է։

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ շվեյցարաբնակ մի ռումինացի իր «MuiePSD» համարանիշով մեքենայով մուտք գործեց Ռումինիա ու ճանապարհային ոստիկանությանը ցուգցվանգի մատնեց։

Բնականաբար, մեծ աղմուկին հաջորդեց Եվրոպայի տարբեր անկյուններից բազմաթիվ նմանատիպ համարանիշներով մեքենաների արշավ, ու «MuiePSD»-ն շատ արագ վերածվեց ժողովրդական դիմադրության սիրված կարգախոսի, որը կարելի է այժմ տեսնել ամենուրեք՝ անգամ օդանավից։

Հիմա բոլորը՝ կին-տղամարդ, ահել-ջահել, անկաշկանդ հայհոյում են իշխանություններին՝ մինչդեռ «muie»-ն առանց «PSD»-ի գործածելը նախկինի պես համարվում է չափազանց անքաղաքավարի։

Փորձեցի հիշել վերջին տասնամյակներում Հայաստանում վանկարկված բոլոր կոչ ու կարգախոսերը, ու, զարմանալիորեն, ամենակոպիտը «ԱշոԾյան սիկտիր»-ն էր։ Սխալ կլիներ եզրակացնել, որ մենք ռումինացիներից ավելի քաղաքավարի ժողովուրդ ենք, բայց ԱշոԾյանի նկատմամբ անհատական մոտեցում ենք ցուցաբերել՝ ընդունված ու տարբեր առիթներով բազմիցս կիրառված «հե-ռա-ցիր»-ը փոխարինելով «սիկտիր»-ով։ Ինչո՞ւ։  

Պարզ պատճառով, քանի որ դիմադրության լեզվի կոպտությունը ուղիղ համեմատական է հասցեատիրոջ կաշվի հաստությանը։

Թե՛ PSD-ն, թե՛ ՀՀԿ-ն ի դեմս ԱշոԾյանի, ինչ խոսք, մեծ հաճույքով դատի կտային իրեց «վիրավորող»-ներին, բայց իշխանությունը ժողովրդին ո՞նց կանչի դատարան՝ անգամ եթե վիրավորանքն անձնավորված է՝ ինչպես մեր դեպքում։

Հանրությունից չես կարող պահանջել պոլիտկոռեկտություն, մտքին եկածը դեմքիդ կշփացնի։ Ցանել ես՝ հնձիր։

Քաղաքացիներն ազատ են սրտների ուզածի չափ հայհոյել իշխանություններին՝ թե՛ գործող, թե՛ նախկին, քանի որ դրանով չեն սերմանում խտրականություն որևէ էթնիկ, կրոնական, սեռական կամ այլ խոցելի խմբի նկատմամբ, այլ ընդամենն իրենց հուզական և կոշտ քննադատական վերաբերմունքն են արտահայտում իշխանության հանդեպ, որն, ի դեպ, ոչ թե գերբնական ուժ է, այլ շատ կոնկրետ անձանց հավաքականություն, որոնցից յուրաքանչյուրն այս կամ այն իրավիճակում կարող է արժանանալ հասարակական պարսավանքի։

Սատկած հավի ծիծաղն է գալիս, երբ «Ա1+»-ը փակողները խոսքի ու արտահայտման ազատության սահմանափակումից են ճառում, էլ չասեմ՝ համաժողովրդական մերժումը փորձում են ներկայացնել իբրև «ատելության խոսք»։

Անգամ ամենակոպիտ բառերով իշխանություններին հայհոյող քաղաքացին օգտվում է իր խոսքի ու արտահայտման ազատության իրավունքից, ու դա, ուզես-չուզես, երկրում բացախոսության, ոչ թե ատելության մթնոլորտի ցուցանիշ է։

Զրուցընկերոջս պատմեցի թուրքերենից եկող մեր «սիկտիրի» մասին, հետն էլ՝ մի անեկդոտ․ մանկապարտեզում մի ագռավ է հայտնում, երեխեքը ոգևորված գոռգոռում են «սիկտի՜ր», դայակն ասում է՝ «երեխեք ջան, չի կարելի տգեղ բառեր օգտագործել, ասեք՝ քըշ-քըշ, ինքը կսիկտիրվի»։

Ռադուն հումորս չընկալեց, բայց քաղաքավարությունից դրդված մի թեթև խնդմնդաց։

«Գիտես, – ասաց, – յոթ տարեկան տղաս մի օր եկավ, թե՝ հայրիկ, «muie»-ն ի՞նչ է։ Ասեցի՝ վատ բառ է, որը կիրթ մարդիկ օգտագործում են միայն «muiePSD» արտահայտության մեջ, եթե մի տեղ լսես՝ կասես «PSD», ոնց որ «շնորհակալությանն» են ի պատասխան ասում՝ «խնդրեմ»։

Էլ ի՞նչ ասես։ Քը՜շ-քը՜շ․․․

Արմեն Օհանյան

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *