2018.07.10,

Քննադատ

Անհասցե կայքերին հրավիրենք իրավական դաշտ

author_posts/mesrop-harutyunyan
Մեսրոպ Հարությունյան
twiterfacebook

Կոչումով` արձակագիր

Վերջերս ՀՀ Ընտրական օրենսգրքում ԶԼՄ-ների գործունեությանը վերաբերող կարգավորումների բարելավման վերաբերյալ քննարկման ժամանակ մեր գործընկերներից մեկը բողոքեց, թե ընտրությունների շրջանում լիքը նոր կայքեր են բացվում, որոնց ծագումն անհայտ է և առաջարկեց ընտրությունների լուսաբանման հավատարմագրում իրականացնելիս տարբերակել «գրանցված» և «չգրանցված» լրատվամիջոցները (ձևակերպումն իրենն է – Մ. Հ)։ Ստիպված եղանք հիշեցնել, որ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն «Լրատվության միջոցները թողարկվում և տարածվում են առանց նախնական կամ ընթացիկ պետական գրանցման, լիցենզավորման, պետական կամ որևէ այլ մարմնում հայտարարագրման կամ որևէ մարմնի ծանուցման»: Այսինքն՝ «գրանցված» և «չգրանցված» լրատվամիջոց հասկացություններ մեզանում գոյություն չունեն։

Մոտ քսան-քսանհինգ տարի առաջ էլ, երբ ինտերներտը զարգացած չէր, ընտրություների շրջանում հայտնվում էին թերթեր, որոնց միակ առաքելությունը լինում էր որևէ թեկնածուի նախընտրական շահերը սպասարկելը. լրագրողներին բարձր աշխատավարձով շահագրգռում էին, առավելագույնը կես տարի շահագործում, իսկ ընտրություններից հետո լրատամիջոցը փակվում էր՝ «փող չկա» պատճառաբանությամբ։ Հիմա ավելի հեշտացել է նման բան սկսել ցանկացողների գործը. լրատվական կայք բացելը օրերի խնդիր է, որևէ իրավական գործընթաց չի պահանջում, իսկ բացված կայքն էլ անմիջապես «բեյջ» է տրամադրում իր աշխատակցին, հետո էլ դիմում է հավատարմագրման։ Այդ «բեյջ» ունեցողներից շատերը կարող են նաև տարրական պատկերացում չունենալ լրագրողական պարկեշտության, էթիկայի և այլնի մասին։ Էլ չասեմ՝ «քոփի-փաստային» աշխատելաոճը, որին դավանում են նման կայքերից շատերը։ Այնպես որ՝ մեր գործընկերների մտահոգությունը հասկանալի է. կուզենային, որ բոլորն աշխատեն միևնույն իրավական դաշտում։

Այս խնդիրը լուծելու համար մենք ունենք առաջարկություն, որ տարիներ առաջ ենք արել և հիմա ուզում ենք կրկնել։

 «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն, զանգվածային լրատվության միջոցներ են նաև հանրային հեռահաղորդակցության ցանցով տարածվողները՝ ցանցային լրատվամիջոցները՝ «որպես որոշակի հասցե ունեցող, անսահմանափակ թվով անձանց համար հասանելի և լրատվություն ներառող տեղեկատվական պաշար՝ անկախ թարմացման պարբերականությունից, պահման ժամանակի տևողությունից և այլ չափանիշներից»։

Սակայն օրենքի 11-րդ հոդվածը թողարկման տվյալների պարտադիր ներկայացում է նախատեսում, ըստ էության, միայն տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների համար։ Եվ օգտվելով նման ազատական օրենքից, ցանցային լրատվության միջոցները սնկի նման աճում են՝ առանց նշելու հասցեն, հիմնադիրների և պատասխանատուների անունները: Ավելին, երբ որևէ առիթով նման կայքերին պատասխանատվության կանչելու հարց է առաջանում, չի գտնվում այն իրավաբանական կամ ֆիզիկական անձը, որի դեմ պետք է հայց ներկայացնել։ Բայց այս ամենով հանդերձ, այդ կայքերն ուզում են նույն իրավունքներն ու արտոնությունները ունենալ, ինչ այլ լրատվամիջոցները։ Ստացվում է անհավասարություն:

Արդ, մեր առաջարկն է. ցանցային լրատվության միջոցներին հրավիրել (այո, հենց հրավիրել, ոչ թե պարտադրել) միևնույն իրավական դաշտ։ Այն է. տվյալ կայքը լրատվամիջոց կհամարվի և կօգտվի լրատվամիջոցների համար նախատեսված արտոնություններից (հավատարմագրում պետական մարմիններում, հավատարմագրում՝ ընտրություները լուսաբանելու համար, նրա լրագրողը, որպես հասարակական պարտք կատարող անձ, իր պարտականությունները կատարելիս պաշտպանված կլինի ՀՀ օրենսդրությամբ) միայն այն դեպքում, եթե կայքն իր բացման էջում կունենա թողարկման տվյալներ։ Այսինքն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի կարգավորումը տարածել նաև ցանցային լրատվության միջոցների վրա։

Ներկայացրեք ձեր հիմնադրի (լրատվական գործունեություն իրականացնողի) տվյալները՝ «լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իրավաբանական անձի պետական գրանցման (կամ իրավաբանական անձի անունից գործող նրա առանձնացված ստորաբաժանման հաշվառման) վկայականի համարը, տրման օրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, ապա նրա անունը, ազգանունը, հասցեն, եթե նա անհատ ձեռնարկատեր է, ապա նաև՝ պետական գրանցման վկայականի համարը և տրման օրը», ինչպես նաև՝ լրատվության միջոցի թողարկման համար պատասխանատու անձի անունը, ազգանունը և, խնդրեմ, աշխատեք բոլորի նման ու օգտվեք ընձեռված բոլոր հնարավորություններից։ Իսկ եթե չեք ներկայացնում նման տվյալները, գերադասում եք անանուն գործել, ինչը ձեր իրավունքն է, ուրեմն մի պահանջեք հավատարմագրում, հավասար վերաբերմունք և այլն։

Մի բան էլ. «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 12-րդ հոդվածը սահմանում է ֆինասնավորման աղբյուրների թափանցիկությունը. «Լրատվական գործունեություն իրականացնողը, մինչև ընթացիկ տարվա մարտի երեսունմեկը ներառյալ, պարտավոր է լրատվության միջոցի հերթական թողարկման մեջ (եթե դա թողարկվում է) «Տարեկան հաշվետվություն» վերնագրի ներքո հրապարակել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը՝ կապված տվյալ լրատվության միջոցին առնչվող գործունեության հետ՝ նշելով համախառն եկամտի և դրա կազմում նվիրատվությունների մասնաբաժնի չափերը»: Ավանդական լրատվամիջոցները հիմնականում կատարում են այս պահանջը։ Կայքերի դեպքում ևս սրա պահպանումը պետք է դիտվի իբրև տվյալ կայքը լրատվամիջոց համարելու պայման։

Կրկնեմ, մեր առաջարկները պարտադրանք չեն ենթադրում, այլ հրավեր. ուզո՞ւմ եք հավասար դաշտում աշխատել, ուրեմն բարի եղեք հավասար կերպով թափանցիկ ու ճանաչելի լինել։

 

Մեսրոպ Հարությունյան

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *