2018.05.29,

Քննադատ

Հայաստանի հեղափոխական փորձը կօգնի ցանցի ակտիվիստներին

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Թավշյա հեղափոխությունը դեռ երկար ժամանակ կենթարկվի վերլուծության, քանի որ բավականին հետաքրքիր և արագ շարժում էր, որը հիմնված էր ցանցային մեթոդների վրա։

Վերաիմաստավորելով եղած փորձը, կարելի է մի քանի խորհուրդ տալ այն ակտիվիստներին, որոնք կուզենան օգտագործել ցանցային գործիքները տարբեր բողոքի ակցիաների ժամանակ։

ա) Յուրաքանչյուր պահի իշխանությունները կարող են սկսել արգելափակվել կամ ֆիլտրել ցանցը։ Այդ պատճառով հեռախոսը և համակարգիչը պետք է զինված լինեն VPN֊ներով։

Ընդ որում գերադասելի է ունենալ միանգամից մի քանի VPN ծառայություն, քանի որ դրանք կարող են նույնպես սկսեն արգելափակվել, բացի դրանից լինում են աշխատանքի խափանումներ։ Գերադասելի է հեռախոսում կամ համակարգչում ունենալ նաև Tor՝ վտանգի դեպքերում ցանցը ավելի լուրջ անոնիմիզացնելու համար։

բ) Սոցցանցերի դեպքում գերադասելի է օգտագործել բոլոր հնարավոր գործիքներն ու հարթակները։ Երբեք չարժե ամեն բան կուտակել միայն մեկ հարթակի վրա։ Օրինակ, Ֆեյսբուքի դեպքում շատ մեծ է հավանականությունը, որ դուք ամենավատ պահի կարգելափակվեք։

Շատ երկրներում գործում են թրոլերի ֆաբրիկաներ, որոնք հովանավորվում են պետության կողմից։ Դրանց ներուժը կարող է օգտագործվել ակտիվիստների դեմ՝ զանգվածային բողոքների մասին տեղեկացնելով (report անելով)։

Ֆեյսբուքի մոտեցումները հաճախ թույլ են տալիս գտնել մարդու հին գրառումներ և դրանց դեմ բողոքելով՝ օգտատերին որոշ ժամանակով դուրս բերել խաղից։ Նույնը Յություբում է, որտեղ հնարավոր է արգելափակել տեսանյութեր՝ չարաշահելով հեղինակային իրավունքը։

Այսպես, Հայաստանի ոստիկանությանը հաջողվել էր արգելափակել ընդդիմադիր SOS յություբյան ալիքի տեսանյութը, քանի որ այնտեղ օգտագործվել էին ոստիկանության կողմից նկարահանված կադրեր։

գ) Բացի արգելափակումների վտանգներից տարբեր սոցցանցերն օգտագործելը կարևոր է, քանի որ դրանք ունեն իրենց լսարանների յուրահատկություններ։ Օրինակ, տեսանյութերի դեպքում, զգալիորեն ավելի մեծ լսարան կարելի է ստանալ ֆեյսբուքի միջոցով, հատկապես, եթե դա ուղիղ եթեր է, սակայն մի քանի օր հետո արդեն արխիվացված տեսանյութերը հասանելի են դառնում Յություբում, որտեղ աշխատում է շատ ավելի մատչելի և տրամաբանական որոնողական համակարգ։

Ինստագրամը ավելի երիտասարդ հարթակ է։ Թվիթերը ավելի հասանելի է դրսից հետաքրքրվողների համար և այլն։

Իհարկե, ամեն երկիր ունի իր յուրահատկությունները, սակայն հարթակների տարբերությունների օգտագործումը կարևոր է։

դ) Հայաստանի փորձը ցույց տվեց, որ ամենամեծ ազդեցությունն ունեն ուղիղ հեռարձակումները Ֆեյսբուքում և Յություբում։ Ավելի թույլ, բայց նույնպես ազդեցություն ուներ Ինստագրամի ուղիղ եթերը։ Այստեղ մի քանի պատճառ կա․

  • Լայվերը կոտրում են ավանդական հեռուստաընկերությունների ազդեցությունը։ Փորձը ցույց է տալիս, որ ավտորիտար կամ հիբրիդային ռեժիմներում հեռուստատեսությունը հաճախ գտնվում է իշխանությունների ազդեցության տակ:
  • Լայվերը այսօրվա երիտասարդության համար ավելի ընկալելի են, քան տեքստային նյութերը:
  • Դրանք ստեղծում են անմիջական ներգրավվածության տպավորություն նրանց մոտ, ովքեր ֆիզիկապես չեն մասնակցում տվյալ պահին տեղի ունեցող բողոքի ակցիաներին։
  • Լայվերը վերացնում են միջնորդներին․ քաղաքագետներին, վերլուծաբաններին, քարոզիչներին, ինչը թուլացնում է իշխանության հնարավոր ներազդեցությունը, մանիպուլյատիվ տեխնոլոգիաների կիրառումը, ավելի անմիջական է դարձնում իրադարձությունների ընկալումը։
  • Լայվերը գրեթե բոլոր սոցցանցերի կողմից դիտարկվում են որպես ամենակարևոր բովանդակություն և ցուցադրվում են առավել մեծ լսարաններին։

ե) Պետք է հաշվի առնել, որ փողոցից սոցցանցերում գրառումներ անելը, առավելևս ուղիղ եթեր մտնելը, կարող է ունենալ տեխնիկական խնդիրներ, որոնք հիմնականում կապված են բջջային ցանցի ծանրաբեռնվածության հետ այն վայրերում, որտեղ միանգամից մեծ քանակի ակտիվիստներ են։ Նման դեպքերի համար պետք է հաշվի առնել մի քանի բան․

  • Գերադասելի է ունենալ մի քանի օպերատորի SIM քարտեր, քանի որ տարբեր բջջային օպերատորներ կոնկրետ վայրերում տարբեր հզորություններ են առաջարկում։ Որոշ դեպքերում մեկ օպերատորի մոտակա կայանները չեն կարողանա սպասարկել միանգամից մեծ քանակի օգտվողների և մարդկանց պարզապես կուղարկեն օֆլայն: Իսկ մյուս օպերատորը նույն վայրում կարող է շարունակել տրամադրել շարժական ինտերնետ։
  • Վատ կապի դեպքում կարելի է օգտագործել Facebook Lights-ը, որը շատ ավելի թեթև է և քիչ գործողություններ է իրականացնում՝ համեմատած հիմնական հավելվածի հետ։ Թվիթերը շատ ավելի համեստ պահանջներ ունի թրաֆիկի հանդեպ։ Կարելի է բացել Telegram ալիք, որը թույլ կտա հրապարակել նորություններ շատ ավելի թույլ ինտերնետ կապի դեպքում։
  • Ինտերնետ և բջջային կապի բացակայության դեպքում (որը կարող է առաջանալ ինչպես ցանցի ծանրաբեռնվածության դեպքում, այնպես էլ՝ իշխանությունների կողմից բջջային կապի խլացման) պետք է օգտագործել Fire Chat, որը թույլ է տալիս կապ ստեղծել օգտատերերի միջև՝ առանց միացման ինտերնետի կամ բջջային կապի։  

է)  Ընդհանրապես իրար հետ շփվելու համար պետք է դադարել օգտագործել անմիջական բջջային զանգերն ու SMS֊ները, որոնք կարող են գաղտնալսվել։ Հարկավոր է անցնել գաղտնագրվող կապի, որը հասանելի չէ հատուկ ծառայություններին՝ Signal, Telegram (Secret chat), Whatsapp, Viber.

Իհարկե, այս ամենից բացի պետք է հաշվի առնել բազմաթիվ տեխնիկական հարցեր․

  • Պետք է ունենալ լրացուցիչ մարտկոց, Power bank
  • Հեռախոսի վրա պետք է դրված լինի PIN կոդ, որպեսզի ոստիկանության կողմից առգրավման դեպքում հնարավորւթյուն չլինի մտնել հեռախոսի մեջ
  • Հեռախոսում պետք է միացված լինի օնլայն back up, որպեսզի լուսանկարները պահպանվեն ամպային տիրութում հեռախոսի անհետացման դեպքում։ Եվ back up-ը պետք է միացված լինի շարժական ինտերնետի համար, քանի որ որպես նախնական քայլ դրված է լինում միայն Wi-Fi կապով սինխրոնիզացիան։

Սամվել Մարտիրոսյան

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *