2018.05.12,

Քննադատ

Հայաստանում նորությունների հեղափոխական վերածնունդը ըստ որոնումների

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Անցած մեկ ամսվա ընթացքում Հայաստանում արագ տեմպերով թափ ստացած հեղափոխական շարժումը սկզբում երկու անուն ուներ՝ «Քայլ արա» և «Մերժիր Սերժին»: Հետո երկուսը միավորվեցին «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսում: Եկավ ու հաստատվեց «թավշյա հեղափոխությունը»: Հաճախակի հնչում է նաև «համաժողովրդական շարժում» տերմինը:

Հեղափոխական ամսվա ընթացքում իրադարձությունները զարգանում էին (զարգանում են) կայծակնային արագությամբ: Օրական մի քանի օրվա գլխավոր նորությունը (breaking news-ը) սովորական է դարձել: Տեսանք տասնյակ հազարավոր ցուցարարների մասնակցությամբ հանրահավաքներ, վարչապետի հրաժարական, նոր վարչապետի ընտրություն:

Քաղաքական քննարկումներն ամենուր են՝ հասարակական տրանսպորտում, սրճարաններում, փաբերում, խոհանոցներում ու սոցիալական ցանցերում: Մյուս թեմաները նահանջել են: Քաղաքականությունը զբաղեցրել է Հենրիխ Մխիթարյանի, Ռեալ-Բարսելոնա «կլասիկոյի», Եվրատեսիլի տեղը:

Հայաստանում մարդկանց հետաքրքրությունը նորությունների նկատմամբ հստակ արտահայտում են Գուգլի որոնումները:

Google Trends-ում վերջին 30 օրերին Հայաստանի որոնումների թեմաները բացառապես քաղաքական-լրատվական են:

Բացարձակ առաջատարը Nikol Pashinian-ն է: Հետո Liberty-ին: Մյուս 4 թեմաները լրատվական են՝ 1in.am, Live Television, television, news:

Սքրինշոթ Google Trends-ից. Հայաստանից որոնումները 2018թ. ապրիլի 12-մայիսի 11-ին

Այս թեմաներից առանձնանում է ուղիղ եթերը՝ Live Television-ը: Ուղիղ եթերը, ընդդիմության առաջնորդ, հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ միացումները ամրագրվել են որպես մարդկանց՝ լուրեր ստանալու հիմնական աղբյուրներ:

Google Trends-ում վերջին 30 օրերին Հայաստանից որոնված տերմինների ցանկում առաջատար տասնյակից 9-ը բացառապես Ազատություն ռադիոկայանի հետ են կապված՝ azatutyun radiokayan 2018, azatutyun tv, ազատություն ռադիոկայան, azatutyun.am, azatutyun radiokayan, azatutyun, azatutyun am, азатутюн тиви, azatutyun tv 2018: Տասնյակում միակ որոնված տերմինը, որը Ազատություն ռադիոկայանի հետ կապված չէ, nikol passhinyan-ն է:

Հայաստանից որոնված տերմինների 20-յակում լրատվական այլ աղբյուրներն են՝ 1in.am-ը, mamul.am-ը, news am-ը , lurer-ը:

Սովորաբար որոնվող տերմինները սիթքոմերն են ու հայկական աստղերի կամ հիթային երգերի անունները: Այս ամսվա համար 20 որոնվող տերմինների շարքում azizyanner-ն ու voske dproc-ն են (սերիալ-սիթքոմ):

Նորությունների նկատմամբ հետաքրքրության այս վերածնունդը շանս է հայաստանյան հեռուստատեսությունների ու լրատվական կայքերի համար: Որակյալ մեդիա արտադրանքի հնարավորություն, երբ լսարանը պահանջկոտ է ու որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ լուրերի կարիք ունի:

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *