Այլևս նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի ու «Քայլ արա, մերժիր Սերժին» անհնազանդության ակցիաների առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կարճ հանդիպումը, որը տեղի ունեցավ ապրիլի 22-ին ու տևեց մի քանի րոպե, վերջին հնարավորությունն էր տեսնելու Սերժ Սարգսյանին:
Նա մերժեց լրագրողների ներկայությամբ զրուցելու ձևաչափը, լքեց հանդիպման վայրը և կարճ ժամանակ անց հրաժարական ներկայացրեց, հայտարարելով. «Ես սխալ էի: Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր»:
Լրագրողների ներկայությունից, այսինքն, ուղիղ և ամբողջական կերպով հանրությանը իրազեկումից, խուսափելը կարող էր համարվել բնական (մի քիչ էլ հարմարվողական ու արհամարհական) պահվածք մի քանի շաբաթ առաջ:
Իսկ այսօր տարօրինակ է դիտվում, քանի որ կյանքը Հայաստանում անմիջականորեն կապված է փողոցներում ու փողոցներից ուղիղ հեռարձակումներով յուրաքանչյուր տուն մտնող ինֆորմացիայից: Հարցերը ծնվում են ամեն վայրկյան ու ամեն վայրկյան էլ պիտի մեկնաբանվեն:
Եվ թերևս այդ նոր իրավիճակը ընդունելու պատրաստ չեն իշխանությունները, որոնք ժամանակի ընթացքում բթացրել են արագ արձագանքման բնազդը՝ հույս ունենալով, որ այդպես վերահսկելի է:
Ապրիլի 24-ին Նիկոլ Փաշինյանը հրավիրեց ասուլիս՝ միջազգային լրատվամիջոցների համար: Այդ հարց ու պատասխանի ձևաչափը տևեց մեկ ժամից ավելի ու օգտագործվեց արտասահմանյան լրագրողների կողմից որպես Հայաստանում ստեղծված բարդ իրավիճակը մեկնաբանելու հնարավորություն:
Միջազգային մեդիան արդեն 12 օր տևող պայքարը լուսաբանում է՝ եթեր տալով հիմնականում փողոցային ակցիաները:
Կառավարությունը դեռևս չի դիմել հանրային խոսքով, կամ դիմել է հատվածաբար՝ ընտրյալ լրատվամիջոցներին փոխանցելով իշխող կուսակցության առանցքային դեմքերի կոչերը, որոնք և մեջբերում է մեդիան:
Հայաստանի հանրապետության վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ապրիլի 25-ի առավոտյան անհասկանալի ձևաչափով (հարցազրու՞յց, ասուլի՞ս, ճեպազրու՞յց) հանդիպեց երեք լրատվամիջոցների՝ ասելով. «Դուք այսօր ամենաակտիվ քաղաքացիական շերտն եք»:
Պարզ չէր, թե այդ ակտիվ շերտը միայն տվյալ լրատվամիջոցների լրագրողներն են, թե բոլորը: Եվ եթե բոլորը, ապա ի՞նչն էր դրդել չպատասխանել ավելի լայն լրատվական դաշտի հարցերին:
Իհարկե, Կարեն Կարապետյանը գիտեր, որ հիմա Հայաստանում լրագրողները շատ են, և առավել գնահատելի կլիներ, եթե որպես զբոսաշրջիկներ ժամանած ու դեռ ժամանող մարդիկ լսեին ավելի թափանցիկ, բաց ու պատրաստված խոսք:
Կառավարության դանդաղկոտությունը ակնհայտ է ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային մեդիայի համար:
Հաշվի առնելով, որ հատկապես այս օրերին շատ լրագրողներ կան Հայաստանում և միջազգային խոշոր լրատվամիջոցները թղթակիցների ծանրակշիռ դեսանտ են ուղարկել, առավել կարևոր է հենց կառավարության երկխոսությունը հասարակության հետ: Ընդ որում՝ ոչ թե վերջնագրերի ու կոչերի տեսքով, այլ հարց ու պատասխանի՝ լրատվամիջոցների միջոցով:
Առավելևս, երբ «Քայլ արա, մերժիր Սերժին» շարժումը լուսաբանող միջազգային լրատվամիջոցները ապահովեցին նաև Հայոց ցեղասպանության մասին անդրադարձների ծավալի աճը:
Նրանց այցի նպատակը «թավշյա հեղափոխությունն» էր, բայց ինքնաբերաբար արդիականացվեց նաև Հայոց եղեռնի թեման, որը լայն ծածկույթ ստացավ այդ օրը՝ զուգահեռաբար:
Ակամայից Հայաստանի մասին միջազգային լրահոսի համատեքստը ցեղասպանությունն էր, անգամ եթե լուսաբանվում էին ներկայում տեղի ունեցող հեղափոխությունն ու բռնության դեպքերը: Եվ նշանակություն չուներ, կասի, թե չի ասի ԱՄՆ նախագահ Թրամփը «գենոցիդ» բառը:
Եվ դա շատ ավելի կարևոր փաստ է, որը բացատրում է իրավիճակը, քան այն միտքը, որը կրկնեց Կարեն Կարապետյանը՝ նստած իր սեղանի շուրջ, հարմարավետ աթոռին ու դիմելով երեք լրագրողներին.
«Ես ռեգուլյար ձեռս պուլսի վրա եմ պահում և տեսնում եմ, թե որքանով է ընկնում զբոսաշրջիկությունը»: Ըստ նրա՝ մենք պրոբլեմներ ունենք. «զբոսաշրջիկները չեն գալիս, ինվեստորները վերադառնում են, և կա զորակոչ»:
Իրականության զարկերակը շատ արագ է բաբախում: Եվ հանրության հետ շփման վերահսկելի, լղոզված ու անվտանգ տարբերակները տեղը զիջում են ավելի ռիսկային ձևաչափերին: Եվ դրան կառավարությունը պատրաստ չէ:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: