Ցեղասպանության զոհերի թիվը կարո՞ղ էր անհամեմատ փոքր լինել, եթե այդ տարիներին արևմտահայ մամուլն ազատ լիներ:
Հիմնավոր եզրակացություն անելու համար բավարար ուսումնասիրություններ չկան, սակայն թերթելով 1913-1915 թթ. Պոլսում լույս տեսնող թերթերը, կարելի է անել մի հետևություն. հայերին սպառնացող հնարավոր վտանգի մասին հոդվածներ չկային:
Մամուլն անազատ էր, չուներ օբյեկտիվ լինելու հնարավորություն, հայկական կյանքին անդրադարձը կցկտուր էր՝ թուրքական քարոզչության կնիքով:
1914-ի սկզբին Պոլսում լույս տեսնող ավելի քան 30 թերթերից ու ամսագրերից 25-ը նույն տարվա ընթացքում դադարեց հրատարակվել:
Թե ինչպիսի վերահսկողության տակ էր մամուլը Թուրքիայում այդ շրջանում, պարզ է դառնում այս լուրից.
«Կեդրոնի հրամանատարութիւնը հրամայած ըլլալով թերթերու պատասխանատու-տնօրեններուն հաղորդել, թե արգիլուած է Փարիզի մէջ Շերիֆ փաշայի դեմ կատարուած մահափորձին մասին եւրոպական թերթերե արտատպումներ եւ ուղղակի հրատարակութիւններ անել, այսինքն՝ ո եւե (որևէ-խմբ.) կերպով խօսիլ այդ մահափորձին վրայ. կը փութանք իմացնել ձեզ» («Ազատամարտ», հունվար, 8/21,1914):
Ահա և «Էնվեր փաշայի նոր շրջաբերականը».
«Ինծի համար բացարձակապես անվիճելի է, որ անկրոն բանակ մը ոչ մէկ ատեն կըրնա յաջողիլ: Կրօնքը և կատարեալ յավատքը ամէնեն զօրաւորն են այն ազդակներուն մէջ, որոնք զինւորը կը մղեն իր պարտականութեան գործադրութեան մէջ աւելի ամէն զոհողութեան աչք առնելու… Հետևաբար բացարձակ կը պահանջեմ, որ ամեն զինվոր՝ իսլամ թե քրիստոնեայ, կէտ առ կէտ գործադրե իր կրօնական պարտականութիւնները» (նույն տեղում):
1914-1915 թվականներին Պոլսում լույս էր տեսնում հայատառ ընդամենը չորս թերթ՝ «Բյուզանդիոն», «Ժամանակ», «Վերջին լուր» և հայատառ «Ճերիտեի շարգիյե» («Արևելյան լրաբեր»):
Սրանց գոյությունն, ըստ Թեոդիկի «Ամէնուն տարեցոյց»-ի, երիտթուրքական իշխանությունը հանդուրժում էր՝ ի ցույց դնելու Պոլսում հայերի ենթադրյալ ապահովությունն ու մշակութային կյանքը:
Հայկական այս թերթերում ոչ մի արձագանք չկար Թուրքիայի և նրա դաշնակիցների ռազմական պարտություններին, հայերի տեղահանության, զանգվածային սպանություններին, հայերի և ազգային մյուս փոքրամասնությունների հանդեպ ճնշումների մասին:
Կրճատվել էր ոչ միայն հրատարակվող թերթերի թիվը, այլև թերթերի ծավալը: Մասնավորապես, լույս տեսնող 4 թերթերից մեկը՝ «Ժամանակ»-ը, 1914-ի սեպտեմբերի 2-ից լույս էր տեսնում երկու էջով: Այդ էջերում էլ հիմնականում Երվանդ Օտյանի երգիծական «Տոմսակներ»-ն էին և գրաքննության պարտադրած քաղաքական լուրերը:
Արդեն 1915-ի հունվարին «Ժամանակը» վերականգնում է չորս էջի նախկին ծավալը, չքանում են Օտյանի «Տոմսակները», ինչպես և «Թաղականին կնիկը» երգիծավեպը: Երվանդ Օտյանն այն խմբագիրներից էր, որը 1915 թ-ին աքսորվեց և միայն հրաշքով ողջ մնաց:
«Բիւզանդիոն»-ի 1914-ի համարներում հիմնական նյութերը պատերազմական լուրերն են:
«Ուսուցիչներու զինւորագրութիւնը» լուրն ասում է. «Երէկ Պոլսոյ կուսակալութեան կրթական տնօրէնութեան դիմում եղաւ՝ ներկայացուելով նախ Կեդրոնական Վարժարանի այն ուսուցիչներուն ցուցակը, որոնք անհրաժեշտ են դասախօսութեան համար և 27- էն վէր տարիք ունինզ»:
«Ներքին լուրեր» խորագրում պաշտոնական լուրեր են. «ՍՈՒԼԹԱՆՆ երէկ իր Ա Սենեկապետը ղրկեց պատերազմական նախարար Էնվէր փաշային առողջական վիճակին վրայ տեղեկութիւն առնելու տւաւ: Էնվէր փաշա խնդրեց Ա Սենեկապետէն իր երախտագիտութիւնը յայտնել Սուլթանին, ցոյց տուած հոգածութեան համար» («Բիւզանդիոն», 1914, Կ.Պոլիս, օգոստոս 15-28):
«Բիւզանդիոն»-ը երկու էջանոց, անհետաքրքիր թերթ էր՝ ամբողջությամբ թուրքական իշխանությունների վերահսկողության տակ:
Հայերին վերաբերող նյութերն էլ, որպես կանոն, թուրքական թերթերում եղած նյութերի արտատպություններն էին.
«Թուրքերն ու հայերը» հոդվածն անդրադարձել է Իզմիրի թուրքալեզու թերթերից մեկի հոդվածին.
«Այս տէրութեան ամէնէն հիմնաւոր կոճղերէն մեկն ալ Հայէրն են, որոնք կը գտնուին դիրքի մը վրայ, որ իրէն ձգտում ունի իր քաղաքական բաղձանքները համաձայնեցնել թուրքերուն քաղաքականութեան : Թուրքերը կը գնահատէն Հայոց հետ ունեցած կապերուն արժէքը և իբր այդ հայոց կը նային սիրավառ աչքերով» («Ժամանակ», 1914, ապրիլ 2-15):
«Վերջին լուր» թերթի 1915-ի հունիսի և հաջորդ ամիսների համարներում որևէ անդրադարձ չկա հայկական ջարդերին, առհասարակ, հայությանը վերաբերող խնդիրներին: Բոլոր համարներում բացառապես պատերազմական լուրեր են՝ «Ռոմանիո մէջ» «Եգիպտական մամուլին սուտերը», «Ավստրիական զեկոյց», «Գերման օդանավերը» վերնագրերով…(«Վերջին լուր», 1915, հունիս, 6-19):
Գրաքննությունն իրականացնում էր Ռազմական դրության գրասենյակը: Թերթերը զրկված էին ինքնուրույնությունից այն աստիճան, որ, ըստ Թեոդիկի վկայությունների, մամուլը պարտավոր էր գրել Գերմանիայի միայն հաղթանակների մասին, իսկ պարտության մասին լրատվությունը հրապարակելու համար թերթերը փակվում էին:
Այս կերպ փակվեց ՀՅԴ պաշտոնաթերթ «Ազատամարտ»-ը: Փակվելու վտանգն աչքի առաջ, բայցև իրականությունը չխեղաթյուրելու նպատակով «Վերջին լուրը» անդրադարձել էր Գերմանիայի պարտության մասին լուրին, սակայն, հավելել, որ միևնույն է, Գերմանիան, ի վերջո, հաղթելու է:
Սա՝ Պոլսում: Իսկ «գավառական» Վանում լույս տեսնող «Աշխատանք» թերթը 1915-ին կենսունակ էր և չափազանց համարժեք էր արձագանքում թե՛ հայ պաշտոնյաների կաշառակերությանը, թե՛ հայերի պայքարին, թե՛ Վանի հերոսամարտից հետո կատարված սխալներին, որոնք թանկ արժեցան:
Փաստորեն, 1915 թ-ին, Ցեղասպանության օրերին, թերթը գրում է. «Հասարակութեան մէջ սկսուած են մեղադրանքներ մեր պաշտօնեանէրեն, թե այնինչ մաևդը անարժան է իր պաշտօնին, միւսը կաշառակեր է եւ վատ անցեալ ունեցող, երրորդը զեղծարար է եւ թալանով միայն զբաղուող» («Աշխատանք», 1915, Վան, հունիսի 10):
«Ու՞ր է երեկուայ հերոսը» հոդվածում կարդում ենք.
«Յաղթանակի հաջորդ օրն իսկ վանեցին զէնքը վար դրաւ. քաղաքացին՝ քաղաքի պարիսպներէն, իսկ այգեստանցին՝ իր խրամատներեն անդին չանցան: Անոնք իրենց պարտականութիւնը այլեւս կատարած համարեցին, երբ թշնամին հեռացաւ իր սահմաննէրեն: Մտավորականութեան եւ յեղափոխականութեան բոյնը համարուող վանեցին անընդունակ դարձավ կռուի յաջորդ օրն իսկ մտածել ընդհանուր հայրենիքի ազատութեան մասին» (նույն տեղում):
«Ինչու՞ տեղի ունեցավ Ցեղասպանությունը» հարցի պատասխանը փնտրելիս՝ չափազանց օգտակար աղբյուր կարող է դիտարկվել 1914-1918 թթ. արևմտահայ մամուլը ևս…
Լիլիթ Ավագյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: