Լրագրողի համար կարևոր է շրջանցել ցանցի արգելափակումները։ Հայաստանում, իհարկե, տվյալ պահին ցանցային հարթակների համակարգված արգելափակում չի իրականացվում, ինչպես կատարվեց 2008 թվականի մարտին։ Իսկ 2016 թվականին մոտ 40 րոպեով մի շարք օգտատերերի համար արգելափակված էր Ֆեյսբուքը։
Հայաստանում արգելափակումների հանդիպում են Ադրբեջանի քաղաքականությունը լուսաբանող լրագրողները, քանի որ հենց ադրբեջանական պետական և լրատվական մի շարք կայքեր արգելափակում են հայկական IP֊ները։
Բացի դրանից, հայաստանցի լրագրողները երբեմն աշխատում են այնպիսի երկրներում, որտեղ արգելափակումը համակարգված է, օրինակ, Ռուսաստանում, Թուրքիայում և այլն։
Ցանցի արգելափակումները շրջանցելու հմտությունը կարող է օգնել լուծելու լրագրողների անվտանգության հարցերը։
Այսպիսով, ինչպե՞ս խուսափել հնարավոր արգելափակումներից։
Առաջին տարբերակը․ օգտվել VPN ծառայություններից։
Սրանք հատուկ գործիքներ են, որոնք ստեղծում են օգտատերի և հեռավոր սերվերի միջև գաղտնագրված կապ, և հենց այդտեղից է ապահովվում մարդու ելքը դեպի ցանկացած կայք։
VPN֊ը օգտատերին ապահովում է մի քանի կարևոր բանով․ թաքցնում է օգտատերի անձը, IP հասցեն, թույլ չի տալիս հաքերներին գողանալ տվյալները կապի մեջ ներխուժման միջոցով, թույլ չի տալիս գաղտնալսել ցանցային արգելափակումը և, իհարկե, թույլ է տալիս շրջանցել արգելափակումը։
Կարելի է նշել մի քանի ծառայություն, որոնք ունեն բավականին ընդունելի անվճար տարբերակներ՝ Psiphon-ը, TunnelBear VPN-ը, Hotspot Shield-ը։
Նման ծրագրերը կարող են աշխատել որպես բրաուզերի հավելված, համակարգչային ծրագիր, ինչպես նաև որպես հեռախոսային հավելված։
VPN-ը պարտադիր պետք է միացնել հանրային վայրերում WiFi կապից օգտվելու ժամանակ: Այն կօգնի խուսափել արգելափակումներից և աշխարհում շատ տարածված երևույթից՝ գաղտնալսման պատճառով տվյալների արտահոսքից։ Նման ծրագրերը չեն պահանջում հատուկ տեխնիկական գիտելիքներ և կառավարվում են ինտուիտիվ։
Մյուս տարբերակն է օգտվել հանրային DNS֊ներից։
DNS֊ը համակարգ է, որը թույլ է տալիս կայքը իդենտիֆիկացնել իր հասցեով։ Այսինքն, երբ դուք հավաքում եք media.am կայքի հասցեն, ապա համակարգիչը դիմում է DNS համակարգին և ստանում է տեղեկություն այն մասին, թե որտեղ է գտնվում տվյալ կայքը, դրա սերվերը։
Հաճախ արգելափակումները կատարվում են հենց DNS֊ների մակարդակում։ Այդ դեպքում արգելափակումը շրջանցելու համար բավական է օգտվել ոչ թե այն համակարգից, որը ներդրված է ձեր համակարգչում կամ հեռախոսում, այլ փոխել այն։
Օրինակ, Գուգլը առաջարկում է իր այլընտրանքային, հանրային DNS-ը, որը շատ դեպքերում, նույնիսկ, ավելի է արագացնում կայքերի հետ կապը։ Այսինքն, հնարավոր է պարզապես տեղադրել Գուգլի DNS-ը և մոռանալ այդ խնդրի մասին։
Սիմանթեքը և Յանդեքսը, օրինակ, առաջարկում են նաև DNS֊ների այնպիսի տարբերակներ, որտեղ գործում են անվտանգության ֆիլտրեր, և դրանք տեղադրելու դեպքում կարգելափակվեն վարակված կամ այլ տիպի վտանգավոր կայքերը (Յանդեքսն ունի նույնիսկ ընտանեկան տարբերակ, երբ արգելափակվում են մեծահասկաների համար նախատեսված կայքերը, բայց սա արդեն լրագրողների համար չէ)։
Այստեղ կարելի է տեսնել հանրային հասանելի DNS֊ների ցանկը։ Իսկ այն փոխելու համար այն, միշտ կարելի է հարցնել Յություբին։
Օրինակ, երբ Թուրքիայում հանրային խռովությունների ընթացքում պետությունը արգելափակեց Թվիթերը, մարդիկ պարզապես անցան Գուգլի DNS-ի՝ շրջանցելով պատնեշը։ Սակայն դրանից հետո պետությունը արգելափակեց արդեն Գուգլի DNS-ը։
Դրանից հետո պետք են գալիս VPN֊ները, որոնք թույլ են տալիս շրջանցել նման արգելքները։
Իսկ եթե արդեն արգելափակում են VPN֊ները, կարելի է անցնել ավելի բարդ համակարգերի, օրինակ Tor֊-ի։ Բայց եթե գործը հասել է այսպիսի բաների, ուրեմն ժամանակն է գրել նոր հոդված։ Հուսանք, որ Հայաստանում գործը նոր հոդվածների չի հասնի։
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: