2018.03.16,

Քննադատ

Ֆիլմ, որը դուրս է ժամանակի քարտեզից

author_posts/hakob-karapetyan
Հակոբ Կարապետյան
twiterfacebook

Լրագրող

Երևանի կինոթատրոններում մեկնարկել է «Արմեն и Я» անունով ֆիլմի ցուցադրությունը: Իրադարձությանը, թերևս, հարկ չէր լինի ուշադրություն արժանացնել, եթե ֆիլմը բավական ակտիվ չգովազդվեր, ընդ որում, ոչ միայն ավանդական գովազդի միջոցներով, այլև թաքնված կամ անուղղակի ձևով՝ տարբեր հեռուստաալիքների լրատվական թողարկումներում ներկայացվելով որպես մշակութային իրադարձություն:

Կինոթատրոններում ցուցադրվող տասնյակ ֆիլմերից ոչ բոլորին է նման պատիվ հասնում: Առավելևս, որ ֆիլմի պրոդյուսեր Նադեժդա Պետրովան ֆիլմի պրեմիերային նախորդող ասուլիսում հայտարարել էր, թե մտադիր է ֆիլմը Հայաստանի անունից ներկայացնել միջազգային կինոփառատոններին, մասնավորապես, Կաննի փառատոնին:

Կինոնկարի գեղարվեստական արժանիքների՝ ռեժիսուրայի, սցենարի, ձայնային ձևավորման, կերպարների հասունության ու դերասանական խաղի հետ կապված հարցերի պատասխանները թողնելով մասնագետներին՝ փորձեմ խոսել ֆիլմում տեղ գտած մի շարք խնդիրների մասին, որոնց մի մասը, կարծում եմ, չէին կարող վրիպել դահլիճում ներկա մարդկանց աչքից (եթե, իհարկե, նրանք, չեն քնել այնպես, ինչպես կողքիս բազկաթոռի տիկինն էր քնել):  

Եվ այսպես, հայ-ռուսական համատեղ արտադրության դրաման (ռեժիսոր Մաքսիմ Այրապետով), ինչպես կարելի է կռահել վերնագրի ոչ երկիմաստ բառախաղից, Արմենի և «իմ»՝ գլխավոր հերոսի մասին է: Սոս Ջանիբեկյանի և  ռուսաստանցի դերասան Միքայել Արամյանի մարմնավորած հերոսները մանկության ընկերներ են, որոնք դեռահաս տարիքում տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո երկար տարիներ իրարից տեղեկություն չունեն:

Ֆիլմի բուն իրադարձությունները տեղի են ունենում մեր օրերում, բայց պարբերաբար հետահայաց տեսարաններ են ցուցադրվում տղաների դեռահասության օրերից: Հենց այստեղ էլ սկսվում են տարօրինակությունները:

Գլխավոր հերոսը՝ ԱՄՆ-ում հաստատված հաջողակ գործարար Լևոնը (Սոս Ջանիբեկյան), օվկիանոսի ափին իր բնակարանում վերհիշում է Երևանում անցած պատանեկությունը: Հաջորդ տեսարաններից հասկանում ես, որ ընկել ես 80-ականների Երևան՝ զուտ սովետական շենքեր, փարթամ կանաչով պատված փողոցներ, որտեղ երթևեկում են АДР համարանիշերով «Վոլգա-21»-եր ու «24»-եր, կադրում հայտնվում են երջանիկ բարձրդասարանցիներ ու բալետի ռուսախոս պարուսույցը: Բայց հաջորդ դրվագներում ստիպված ես ընդունել սխալդ՝ դե իհարկե, 90-ականներն են:

Անկախության առաջին շրջանին բնորոշ ոչ մի խորհրդանիշ կադրում չես տեսնում, փոխարենը հերոսուհիներից մեկը հիշատակում է Սամի Նասերիի ու Ռոնալդոյի անունները: Հանճարեղ բրազիլացի ֆուտբոլիստը հենց 90-ականների վերջերին էր հանրահայտ, իսկ ոչ պակաս հանճարեղ Լյուկ Բեսոնի տաքսիստին մարմնավորած ֆրանսիացի դերասանը՝ կոնկրետ 98-ից հետո:

Ահա, ուրեմն, 90-ականների վերջն է: Ճիշտ է, փոքր ինչ շփոթության է մատնում մոտավորապես նույն հատվածում հայտնված ոստիկանը, որի հագին ՀՀ ոստիկանության՝ 2015-ին ներմուծված համազգեստ է, բայց որոշում ես «քթիմազություն» չանել ու շարունակել դիտումը:

Չէ, հաստատ 80-ականները չեն, 80-ականներին դպրոցականները կապույտ համազգեստ էին հագնում, իսկ այստեղ աղջիկները ազատ զգեստներով են, թեև դրանցում չկա 90-ականների կոլորիտը, որը ոչնչի հետ չես շփոթի:

Ինչևէ, արդեն հաստատ համոզված ես, որ հերոսները անկախության առաջին շրջանի դպրոցականներ են, բայց կրկին կադրում հայտնվում է սովետական համարներով հինավուրց BMW-ն (սովետական համարանիշները շրջանառությունից իսպառ դուրս են եկել ամենաուշը 96 թվին):  

80-ականների ու 90-ականների այս պայքարին անսպասելիորեն միջամտում է կերպարներից մեկը՝ պարզորոշ ասելով, որ մեզ հետաքրքրող դեպքերը տեղի են ունենում փոքր-ինչ ավելի ուշ՝ 2001-02 թվականներին:

Մինչև հասցնում ես գլխիդ մեջ  դասավորել այս ժամանակագրական փազլը, թատերաբեմ է մտնում Լևոնի հայրը՝ անդուր ու անկենդան նորահայտ օլիգարխը: Նա որդու հետ խոսում է… Nokia 8800 մոդելի բջջային հեռախոսով:

Բանն այն է, որ Nokia 8800-ի առաջին նմուշները շուկայում հայտնվել են 2006-ին՝ նկարագրվող դեպքերից առնվազն 5 տարի հետո: Ցանկացած ժամանակակից դպրոցական մեկ րոպեում «կգուգլեր» ու կպարզեր սա, միայն թե՝ ո՛չ ֆիլմի վրա աշխատած չորս սցենարիստները, ո՛չ էլ տարիուկես շարունակ չորս տարբեր երկրներում կինոն նկարող մյուս հեղինակները:

Ի դեպ՝ ողջ դիտման ընթացքում քեզ հետապնդում է այն միտքը, որ սցենարի բնօրինակը գրել են օտար լեզվով (ամենայն հավանականությամբ՝ ռուսերենով) ու հետո վերածել հայերենի, ընդ որում՝ դա արել են հայերենի հետ «դուք»-ով խոսող թարգմանիչները:

Երկխոսությունները լեցուն են անբնական, շինծու արտահայտություններով: Խիստ գրագետ հերոսներից մեկը, պատմելով ինչ-որ բիզնես կազմակերպության մասին, տեղեկացնում է, որ այն «սնԸնկացել» է, իսկ մեկ այլ դրվագում, երևանցի երիտասարդը, դիմելով փնթփնթացող ընկերոջը, ասում է. «Բավակա՛ն է նյարդայնանաս»: «Աստվա՜ծ իմ, այդ ի՜նչ ես անում», – բացականչում է մյուսը և այսպես շարունակ:

Տրամաբանության հետ կռիվ տվող այլ դրվագներ էլ կան, օրինակ, մի տեղ պարզվում է, որ 14 տարեկանում մորից բաժանված տղան 30 տարեկանում չի ճանաչում նրան, մինչև մայրը չի ներկայանում:

Կարճ ասած՝ դահլիճից դուրս եկա ծանր զգացողությամբ: Կարելի էր, իհարկե, ուշադրություն չդարձնել այս ամենին, եթե անհեթեթ վրիպումները փոխհատուցվեին շատ թե քիչ որակյալ խաղով, փոխանցվող ուղերձի ուժգնությամբ կամ, ասենք, գոնե, լավ սաունդթրեկով: Բայց չկան ո՛չ մեկը, ոչ մյուսը, ո՛չ էլ երրորդը:

Ու հատկապես, կարելի էր մոռանալ սրա մասին, եթե, ինչպես վերևում նշեցի, ֆիլմի հեղինակները չփորձեին այն ներկայացնել որպես «մեկ քայլ առաջ» հայկական կինեմատոգրաֆում ու չսպառնային, որ շուտով սկսելու են ֆիլմի երկրորդ մասի նկարահանումները:

Հակոբ Կարապետյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *