2018.02.12,

Քննադատ

Անհետացած ազգային տոների դժվար վերարթնացումը

author_posts/hovhannes-yeranyan
Հովհաննես Երանյան

Արձակագիր

Բուն Բարեկենդանը շվայտության ու զեխության, անզուսպ կերուխումի ու զվարճությունների, ըստ էության՝ թույլատրված մեղքի ու անպատժելի զանցանքների տոն է:

Այն տարեգրում էր մեկ տարվա կյանքն ու այն մասին իրազեկում բոլորին:

Տոնը հիշողություն է, ուրեմն նաև ավանդույթները, այդ թվում՝ ազգային, պահպանող գործոն: Վերազգային պետական կառույցները մշտապես փորձել ու փորձելու են վերացնել այդ տոները՝ սնանկացնելու համար ազգային հիշողությունը:

Սովետական բազմազգ պետությունը բացառություն չէր, և քանի որ նպատակ էր դրված մարդկային հոմոսովետիկուս տեսակի ստեղծումը, երկրի գաղափարախոսներն անմիջապես արգելեցին ոչ միայն եկեղեցական տոները, այլև՝ աշխարհիկները:

Դրանցից ամենավտանգավորը Բարեկենդանի տոնն էր: Զարգացած սոցիալիզմի  դպրոցականների մեր սերունդը ոչ մի կերպ չէր կարողանում ընկալել Թումանյանի ՙ «Բարեկենդանը» հեքիաթի իմաստը, որովհետև չգիտեինք, թե դա ինչ է: Մա՞րդ էր այդ բարեկանդանը, բարի՞, թե՞ չար կենդանի:

Լեռ Կամսարի՝ դեռևս 1925 թվականին լույս տեսած «Մահապուրծ օրագիր»  գրքում կարդում ենք. «Բարեկենդանի տոները կմոտենան: Սազանդարները կլարեն սազերնին, բայց շվարած՝ չեն գիտեր ինչ պիտի երգեն: Հին, ազգային երգերը արգելված են, կառավարությունն ալ նոր, ապազգային երգեր չի հորիներ»:

«Բարեկանդանի սազանդարները» չգիտեին ինչ երգել, քանի որ պիտի երգեին այն, ինչը կար: Այսինքն, կյանքը պիտի դարձնեին տեղեկություն ու մի քիչ էլ ավելին:

Տոնն ինչքան կրոնական խորհուրդ, բազմապատիկ ավելի աշխարհիկ տարածում ուներ: Բարեկենդանի տոնը մեր ժողովուրդն ու հարևան ազգերը կոչում էին Հայոց տոն, որովհետև ոչ մի ուրիշ տեղ այնքան երկար ու շուքով չէին նշում, որքան հայկական միջավայրում: Հայ ժողովրդի համար այն եղել է ամենասպասված ու ուրախալի տոնը:  

«Ահա եկան հայոց ազգի օրերը, հանեցեք հիները, հագեք նորերը»,- երգում էին շուրջպար բռնած հայերը:

Ոչ մի ուրիշ տոնի այդքան կենդանի ու թռչուն չէր մորթվում: Բարեկենդանի տոնը տևում էր տասը կամ տասնչորս օր, Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ Պահք, բայց տոնախմբություններն իրենց բարձրակետին հասնում էին վերջին երեք օրը, վերածվելով՝ խելահեղության: Քանի որ հաջորդ օրը պաս պիտի պահեին, փորձում էին ուտել, վերջացնել բոլոր մսեղենը, որ չփչանար մինչ զատիկ:

Բարեկենդանը թարսության տոնն էր: Աղջիկն այդ օրերին տղա էր դառնում, կինը՝ տղամարդ, հարուստը՝ աղքատ, ջահելը՝ ծերունի, վանականը՝ աշխարհիկ, մուրացկանը՝ իշխան և այլն:

Երգերի, պարերի, մրցույթների ու խաղերի կողքին ամենահիշարժանը թատերախաղերն էին, որ ներկայացվում էին կտուրներին, բակերում, փողոցներում, հանդերում: Կարևորը երգիծանքն ու ծաղրն էր:

Ծաղրում էին բոլորը-բոլորին: Երգիծանքն ու ծաղրն այն հնարներն էին, որոնց միջոցով միակ անգամ հանրայնորեն լսվում էր ճշմարտությունը:

Ըստ էության, այս տոնն ու թատերախաղերը նաև որոշ իմաստով զանգվածային լրատվության դեր էին կատարում, որովհետև մասսայական հաղորդակցման եզակի միջոց էին:

Հին ու ավանդական ծաղրվող կերպարների կոնկրետ հանցանքները դառնում էին այդ տարվա երգիծանքի թեմա: Դա տեղեկացնելու, տեղեկությունը հանրայնացնելու յուրահատուկ  ձևաչափ էր:

Ասենք՝ Տանուտերը հարստահարել է համագյուղացուն: Թատերախաղի կերպարն այնքան նման էր լինում տվյալ գյուղի տանուտերին, որ բոլորն իմանում էին, թե նա այդ տարի ում է ունեզրկել է: Կամ ինչպիսի անարդար դատավճիռներ է կայացրել Դատավորը: Նույնը վերաբերում էր նաև օտար իշանավորների ոտնձգություններին:  

Լեռ Կամսարը նույն գրքում գրում է. «Բարեկենդան է, այո, բուն Բարեկենդան, սակայն ոչ մեկը չի ուզե թամադա ընտրվել ուրախության սեղանին: Ինչո՞ւ, վասնզի այսօր Չեկա նստողներուն 90 տոկոսը թամադաներ են: Ճշմարտությունը միայն երեխաներն ու խենթերը չեն, որ կըսեն, հարբածներն ալ նույն դժբախտությունը ենթակա են…»:

Բարեկենդանի օրերին ճշմարտությունն էր ասվում…

Թատերախաղերը, որոնք կոչվում էին Շահ, Խան, Իշխան, Դատավոր, Տանուտեր և այլն, ծաղրում էին ինչպես օտար իշանություններին, այնպես էլ սեփական: Դրանք հիմնականում դատի տեսք ունեին, այսինքն անց էին կացվում դատավարության ծաղրանմանությամբ, սակայն ի տարբերություն իրական դատավարության, այստեղ մեղավորը մշտապես պատժվում էր:

Ինչպես իտալական Կոմեդի դել Արտե թատրոնում, այս ներկայացումներն էլ ունեին հիմնական կերպարներ: Բայց մեզանում ոչ թե հատուկ դերասաններն էին խաղում, այլ ժողովուրդը, պատահական մեկը կարող էր լինել դաժամ շահ, արնախում խան, անարդար դատավոր, անկուշտ տանուտեր, ռուս հարբեցող չինովնիկ, յաթաղանը ձեռքին հայ աղջիկ փախցնող թուրք, հայի ոչխարները գողացող քուրդ, կամ խաբեբա հրեա վաճառական:

Անարդար դատավորին կարող էին թարս նստեցնել էշի վրա ու ճիպոտահարելով ման տալ փողոցներում, դաժան իշխանի կամ տանուտերի վրա աթարի կտորների կամ ոչխարի կտիտների հեղեղ տեղալ և այլն:

Պատկերացրեք, ինչքան նման թատերախաղերի հումք կտար մեր դատական համակարգը, կամ կոռումպացված իշխանությունը:

Իսկ ինչու՞ էին օտար կամ սեփական իշխանությունները հանդուրժում ճշմարտությունն ասելու այս երգիծանքի ու խաղի ձևը: Նրանք գուցե հասկանում էին, որ տոնը հենց այն բանի համար է, որպեսզի մասսաները ծիծաղեն, և ծիծաղով դուրս հանեն այն դժգոհությունը, որը կուտակվելով՝ կարող է ավելի լուրջ բողոքի ու ըմբոստության առիթ դառնալ:  

Պատահական չէ, որ ըստ արևմտյան տեսաբանների գնահատականների՝ ոչինչ այնքան չի նպաստել Սովետական իշխանության երկարակեցությանը, ինչքան Արկադի Ռայկինի և մյուս ռուս երգիծաբանների հումորը, որովհետև սովետական մարդն էլ ծիծաղելով էր ազատվում հսկայական դժգոհությունից, որն առաջացնում էր երկրի դրվածքը:

Հետխորհրդային տարիներից փորձեր են արվում Բարեկենդանի տոնը վերականգնել, բայց հիմնականում շեշտը դրվում է հնացած խորհրդանիշների՝ տրեխի, չուխայի, չարոխի ու նման բաների վրա:

Ինչպես մեր պարագայում չի ստացվում լիարժեքորեն վերականգնել Բարեկենդանը, այնպես էլ ռուսներն են ձախողում իրենց համանման Մասլեննիցա կոչվող տոնը վերականգնելու փորձերը: Ինչո՞ւ: Որովհետև ոչ այստեղ, ոչ էլ այնտեղ ժողովուրդը իսկական լիաթոք ուրախության սիրտ չունի: Ուրեմն «խավար միջնադարում» մարդիկ ավելի ուրա՞խ են ապրել, քան՝ այսօր:

Երևի պատճառն այն է, որ մարդկանց արտահայտվելու իրավունքը այն ժամանակ գտնում էր իր դրսևրումը: Եվ բոլորը կողմերը գիտեին, որ այդ իրավունքը կարևոր է:

Հովհաննես Երանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *