Հայկական առաջին մարզական թերթը «Մարմնամարզ»-ն է, որը լույս է տեսել Կ.Պոլսում, 1911-1914 թթ.: Հիմնադիրը Շավարշ Քրիսյանն էր, որը ցեղասպանության զոհերից էր. ձերբակալվել է 1915-ի ապրիլի 24-ին և սպանվել 29 տարեկանում:
Թերթից պարզ է դառնում, որ ինչպես այսօր, մեր դպրոցներում ու բուհերում, 20-րդ դարի սկզբին էլ ֆիզիկական դաստիարակությանը ձևական նշանակություն էր տրվում: Վիճակագրությունը ներկայացնում է մարմնամարզությունը չկարևորելու հետևանքները. 1841-ին Շվեդիայի երկսեռ վարժարաններում մարմնամարզությունը պարտադիր չէր, և պատանիների հասակը 166 սմ-ից չէր անցնում: Իսկ 1890-ին, երբ պարտադիր դարձավ, 170 սմ էր:
«1840-ին կենաքի տեւողութեան ընդհանուր միջինը 41, 5 տարի էր, 1890-ին բարձրացած է 50-ի» («Մարմնամարզ», 1911, փետրվար, հ.1):
Պոլսի «Մարմնամարզ» թերթը ջանասիրաբար փորձում էր կոտրել կարծրատիպերը՝ համոզելով, որ մարմնամարզությունը աշակերտների, ուսանողների համար նույնքան և անգամ առավել կարևոր է, քան մյուս առարկաները:
«Կիները և մարմնամարզը» հոդվածում ներկայացվում է վարժարաններում ֆիզիկական դաստիարակության պակասը. աղջիկները անհարմար են զգում շարժվել, ցատկել, վազել, փոխարենն ամբողջ օրը կարող են կռացած նստել՝ ոտանավորի հանգը գտնելու համար:
«Անզգալաբար՝ օրիորդին ողնաշարն ալ կ՜սկսի ծռիլ, աչքերուն տեսութիւնը՝ նուազիլ, ուսերը դէպի առաջ գալ…Բաղդատեցէք (համեմատեցեք – խմբ.) վարժարան չտեսած գիւղացի աղջկան մը և վարժարանի մէջ մեծցած քաղքենի աղջկան մը կազմուածքները: Կզարմանաք. դպրոցը՝ փոխանակ շինելու, կը քանդե…» («Մարմնամարզ», 1911, փետրվար, հ.1):
Թերթում չափազանց բաց տեքստով ներկայացված էին տղաներին անհանգստացնող խնդիրները:
«Բժիշկ մօրեղբայրս ինչպես սորվեցուց ինծի ծննդկան գործարաններու յատուկ բաները» հոդվածում կարդում ենք.
«Կը տեսնե՞ս պզտիկ գործարանը, որուն միջոցաւ կը միզես և անոր տակ պզտիկ պարկը՝ սա երկու բոլորշի գեղձերով, որոնք ամորձիք կը կոչուին, որոնք ծննդական գործարաններ են: Յիշե, տղաս, – ըսավ մօրեղաբայրս, – յիշէ, թե պետք չէ երբեք ձեռք դպցնել այս գեղձերուն և ոչ ալ զանոնք անհանգիստ ընել որևէ կերպով» («Մարմնամարզ», 1912, ապրիլի 5, թիվ 8, էջ 123):
Խորհրդային շրջանում արդեն կար առողջ հոկտեմբերիկներ ու պիոներներ կոփելու խնդիր:
«Ֆիզկուլտ դասերն անց են կացվում միջանցքում», «Դահուկներ և չմուշկներ Մեղրու շրջանի գյուղերին», «Ֆիզկուլտուրան առողջության դարբնոցն է, իսկ առողջությունը աշխատավորության միակ կապիտալը»,- ազդարարում էր «Սպարտակ» թերթը (1925, հունվարի 13):
Ըստ այդմ՝ «Մեր ֆիզկուլտուրայի նպատակն է ամրացնել յերիտասարդ բանվորների մարմինը, ձեռք բերել շարժումների մկանություն, համաձակ և ուժեղ բնավորություն, մեր օրգանիզմը դարձնել տոկուն հիվանդությունների դեմ»:
«Յուրաքանչյուր ակումբ, խրճիթ – ընթերցարան, գործարան, արհեստանոց, հիմնարկություն և գյուղ պետք է ունենա ֆիզկուլտուրայի կոլեկտիվ» (նույն տեղում):
«Առողջ խորհրդային մարմնի մեջ կոփենք կոմունիստակաան ոգի»,- սա արդեն «Ագիտ թերթիկ» մարզական թերթն է (1933, նոյեմբերի 23 ):
«Ձմեռային սպորտի ուսուցումն առաջնահերթ խնդիր է», «Վելո-մրցումներ. Երևան-Տուլա», «Ղարաքիլիսայի, Ղորդուղուլու և Ղամարլու շրջաններում ձմեռային սպորտի աշխատանքները դանդաղում են. բոլոր ֆիզկուլտ կոլեկտիվներին նախապատրաստել ձմեռային սպորտին». ձմեռային սպորտաձևերը 30-ականների մամուլի առանցքային թեման էր:
1937-ին մարզական մամուլում քաղաքական բաղադրիչը չափազանց շատ էր . առաջին էջերում Ստալինի հուշերն էին Լենինի մասին, «վնասարար-մարդասպան-ճիվաղներին» անհապաղ «ոչնչացնելու» մասին հոդվածները, սակայն երրորդ էջերից սկսվում էին արդեն մարզական ոլորտին վերաբերող քննադատական հոդվածները:
Օրինակ, այսպիսին՝ «Լեռնադահուկային սպորտը, որը Հայաստանի լեռնային պայմաններում ավելի անհրաժեշտ է և գերազանցում է հարթ և խորդուբորդ վայրերի դահուկային սպորտին, մեզ մոտ համարյա չի կիրառվում»:
«Կիրովի ռայոնի ֆիզկուլտ խորհրդի որոշմամբ և հատուկ հանձնաժողովի մասնակցությամբ՝ պետք է ուսումնասիրվի ռայոնի սպորտսմենների ու ֆիզկուլտ մասնագետների կենցաղային-բնակարանային և աշխատանքային պայմանները» («Կարմիր սպորտ», 1937, հունվարի 30):
1937-ի հունվարի 1-ին, լուսաշխի ակումբում տեղի ունեցած դպրոցականների արհմիությունների շախմատի մրցույթում առաջին մրցանակը պատեֆոնն էր:
Հոդվածագիրը հանգամանորեն ներկայացնում է հաղթողներին և հոդվածը եզրափակում այսպես. «Վերջին տեղերի գրավումը բնավ չպետք է վհատեցնի վերոհիշյալ ընկերներին: Այդ անհաջողության պատճառը շախմատի մարզանքի բացակայության մեջ է» («Կարմիր սպորտ» 1937, հունվարի 24):
Կահիրեում լույս տեսնող «Գրոհ» (1978-1979 թթ.) մարզական թերթը հետաքրքիր էր ոչ այնքան իր լուրերով, որքան հենց արևմտահայերենով. հայերենի այդ ճյուղը սպորտային տերմինները ներկայացնում է շատ դիպուկ, բովանդակությանը համարժեք տերմիններով:
«Դարպասապահ»՝ ասում ենք արևելահայերս, «բերդապահ»՝ ասում են արևմտահայերը: «Ֆուտբոլի աշխարհի առաջնություն»՝ ասում ենք արևելահայերենով: «Աշխարհի ֆուտբոլի ախոյենութիւն»՝ ասում են արևմտահայերը:
«Գինով բերդապահը» («Հարբած դարպասապահը» – խմբ.) լուրից տեղեկանում ենք, որ Տանզանիայի ֆուտբոլային հավաքականների խաղի ժամանակ մրցավարը տարօրինակ է համարել «Շիու» խմբի դարպասապահի վարքը:
«Իրաւարարը (մրցավարը – խմբ.), աւելի ևս մոտենալով բերդին՝ քննելու համար կացութիւնը բերդին մէջ, նշմարեց ոգելից ըմպելիի շիշ մը՝ «ճին» (ջին – խմբ) տեսակէն: Իրաւարարը ապշահար վիճակեն դուրս գալով՝ վտարեց գինեմոլ բերդապահը»,- գրում է թերթը:
Մարզական մամուլ՝ «դասական» առումով, այսօր Հայաստանում չկա: Կան կոնկրետ սպորտաձևերին նվիրված պարբերականներ՝ «Ֆուտբոլ պլյուս», «Շախմատային Հայաստան»…Իսկ սպորտի մասին լուրերին մարզասերները տեղեկանում են տպագիր մամուլի նախավերջին՝ մարզական էջերից կամ մարզական կայքերից:
Թեև բովանդակության առումով 1911 թվականին լույս տեսնող «Մարմնամարզն» անհամեմատ հետաքրքիր է: Մարզական որոշ թերթերի թվայնացված տարբերակներին կարելի ծանոթանալ այս հղումով:
Լիլիթ Ավագյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: