2018.01.15,

Քննադատ

Ծերերի սիրային կյանքը, ընտանեկան բռնությունը, վարակների դեմ պայքարը՝ 19-րդ դարի մամուլում

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան
facebook

Լրագրող

Հղիության արհեստական ընդհատումներ, ընտանեկան բռնություններ, մահացության աճ, ծնելիության նվազում, սեռավարակների աճ, տարեց մարդկանց սեռական կյանք… Այսօր այնքան արդիական այս թեմաները նույնքան արդիական էին 19-րդ դարի հայկական մամուլում:

1794 թ-ին, Հնդկաստանի Մադրաս քաղաքում, լույս տեսավ հայկական առաջին պարբերականը՝ «Ազդարար»-ը: ժամանակի ընթացքում հասարակական-քաղաքական ուղղության հանդեսներին զուգահեռ՝ սկսեցին  հրատարակվել նաև թեմատիկ  թերթեր՝ առողջապահական, կրթական, մշակութային, երիտասարդական, երգիծական, կրոնական, մանկական և այլն:

Այս հոդվածում կանդրադառնանք  առողջապահական ուղղվածության մամուլին:

Առաջին առողջապահական թեմատիկայով թերթն այդպես էլ կոչվում էր՝ «Առողջապահական թերթ» (1881-1884, Կ.Պոլիս): Թերթի բնաբանում գրված է. «Բժշկականությունը գործադրվում է նաև վայրի ազգերի մեջ, իսկ առողջապահորեն ապրում են միայն լուսավորյալ ազգերը»:  

Ի դեպ, 19-րդ դարի վերջին միայն Կ.Պոլսում լույս է տեսել առողջապահական հարցերին նվիրված հինգ պարբերական՝ «Մատենադարան» (ամսագիր , 1882-1885), «Գանձ» (շաբաթաթերթ, 1885), «Թանգարան» (ամսագիր, 1884-1886), «Փունջ» (1891), «Առաջնորդ առողջաբանության» (ամսաթերթ, 1896):

1881 թվականից մինչ օրս լույս տեսած առողջապահական թեքումով պարբերականների թիվը 117-ն է:

Պատերազմներից, ցեղասպանությունից հետո դեմոգրաֆիկ լուրջ խնդիր կար: Գրագիտության պակասը մահացությունների պատճառ էր: «Առողջ կեանք» թերթի առաջաբանում գրում է.

«Խմբագրությունը որոշել է բոլոր գյուղական ու քաղաքային դպրոցներին, գրադարան-ընթերցարաններին և հայկական ընկերություններին «Առողջ կեանք»-ի բոլոր համարներն ուղարկել ձրի: Միայն առողջ, քանակով զորեղ և որակով պիտանի ժողովուրդը կարող է առողջ սոցիալական և քաղաքական իդէալներ ունենալ և այդ իդեէալներն իրականացնել»:

Բաքվում լույս տեսնող թերթը հայտնում էր, որ պիտի «ուսումնասիրի հայ ժողովրդի ֆիզիկական կացությունը և պիտի պայքարի այն բոլոր երևույթների դեմ, որոնք նպաստում են մեր ժողովրդական մարմնի տկարացման ու սպառման»

Նաև իր առաջին համարում, որը լույս տեսավ 1917 թվականի հունվարին, գրում էր, որ «պիտի կռվի այն բոլոր ընտանեկան ու հասարակական խոչընդոտների դեմ, որոնք արգելք են հանդիսանում մի առողջ ու բարեկազմ, հավասարակշիռ ու հզորակամ սերնդի առաջացման»:

20-րդ դարասկզբի առողջապահական մամուլը ներկայացնում է նաև հիվանդությունների և մահացության վիճակագրությունն՝ ըստ թվականների:

Երևանում տպագրվող «Առողջապահիկ» թերթը 1920 թվականին ներկայացնում է 1906, 1907, 1908, 1909 և 1910 թվականների տվյալները, որոնք քաղված են նախկին նահանգական բժշկական վարչությունից և կազմված են նահանգի գավառներից ստացած տարեկան  հաշվետվություններից.

«Վերջին ժամանակներս թե՛ Երևան քաղաքում և թե՛ նրա նահանգում սաստիկ տարածված են բծավոր տիֆ, վերադարձ տենդ և ուրիշ հիվանդություններ, որոնք հաճախ լինում են պատերազմի ժամանակ… Այդ հիվանդությունները մեծ զոհեր են տարել թե՛ քաղաքում և թե՛ մանավանդ գյուղերում՝ շնորհիվ բժշկական գործի անբավարար կազմակերպության: Ահա իսկական պատկերը»:

Պարզ է դառնում, որ վարակիչ հիվանդությունները տվել են մահացություն. 1906-ին նահանգում քութեշով (скарлатина) հիվանդացել են 644 հոգի, իսկ մահացել՝ 232, դիֆթերիտով հիվանդացել է 506 հոգի և մահացել՝ 158:

«1907-ին նահանգում առատ հունձ էր անում քութեշը. այդ տարում քութեշով հիվանդացել են 5337 անձ, որոնցից 1164 հոգի մեռել են,- հաղորդում է «Առողջապահիկ»-ը 1920-ի, մարտին:

Ընտանեկան բռնությունը, ծնողների անգրագիտությունը, երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքը տարածված էին հայկական ընտանիքներում. «Տղոց վրայ եղած խստութեանց և անհոգութեանց թիւը անհամար է, անանկ, որ անկարելի է անոնց ձեւերը և կերպը նկարագրել, ինչպես ապտակէն սկսելով, մինչև ձեռքի, բուռնի, ոտքի, կոշիկի, հողաթափի, տեսակ-տեսակ գավազաններու, չուանի, խարազանի, թիակի, ունելիքի հարուածներն և վերջապէս զանազան վիրաւորիչ գործիքներուն ըրած վէրքերը: Ասոնցմէ զատ շատ անգամ այն խեղճ էակներն իբրեւ քար գետինը նետել, ասդին անդին քաշկռտել, կըսմըթել: Ամէն կերպ պիտոյքէ զրկել» («Կիլիկիա», 1861, հունվար, Կ.Պոլիս):  

Հոդվածում նշված է, թե ինչպես շատ տղաներ՝ չդիմանալով ընտանիքում ընունված ֆիզիկական ու բարոյական բռնություններին՝ կա՛մ մահանում եմ, կա՛մ կյանքին վերջ դնում ինքնասպանությամբ:

Տարեցների սեռական կյանքի խնդիրը ևս առողջապահական մամուլի ուշադրության տիրույթում էր:

«Ծերերի սիրային խայտանքերուն հետևանքների» մասին է «Ծերերը և սերը» հոդվածը, որտեղ քննվում է՝ տարեցները կարո՞ղ են սեռական կյանքով ապրել և ինչպես են այդ հարաբերություններն անդրադառնում նրանց առողջության վրա:  

Ի դեպ, ըստ հոդվածի՝ «ծեր» նշանակում է  60 և ավելի տարեկան: Վտանգավո՞ր է այդ տարիքում սեռական կյանքով ապրելը. «Եզրակացությունը սա է, որ 60 տարեկանին մոտ ետ կենալու է ծանօթ յարաբերութիւններէն, ապա թէ ոչ՝ վերջին ժամը փութով կըհասնի» («Դարման», 1920):

Պարզվում է՝ սեռավարակները, նախաամուսնական սեռական հարաբերությունները լուրջ խնդիր էին 20-րդ դարի սկզբի հայ ընտանիքներում:

Բանը հասել էր նրան, որ տեղական իշխանությունների որոշմամբ՝ ամուսնացող  զույգը պարտադիր բուժզննություն պիտի անցներ:

Ահա «Ամուսնացողներու քննութիւնը» հոդվածը. երիտասարդներն ամուսնությունից առաջ պարտավոր են ստուգվել՝ վեներական հիվանդությունները նախապես հայտնաբերելու նպատակով, և միայն բժշկական համպատասխան թղթի հիման վրա քահանան իրավունք կունենար կատարել պսակի կարգը եկեղեցում:

Հոդվածի հեղինակը բժիշկ է, որը ներկայացնում էր մասնագիտական ու հոգեբանական այն բարդությունները, որոնց բախվում են իրենք՝ նման թուղթ տրամադրելիս:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հատուկ հոդվածներ կային, թե ինչպես կարող են զինվորները ռազմի դաշտում իրենց զերծ պահել վարակներից:

Օրինակ, պաշտպանվել ճիճուներից: Թե ինչպես ճիճուները՝ ընկնելով զինվորի սննդի մեջ, կարող են նրան անգամ անդամալույծ դարձնել, այսպիսով նաև փոխելով ճակատամարտի ընթացքը՝ հօգուտ թշնամու:

«1828 -ին ռուս եւ թուրք պատերազմին, երբ ռուսական բանակի 100 000 զինվորները անցան սահմանի գետեն իրենց բանակատեղին մէջ, պատերազմի առաջին գնդակը դեռ չարձակուած՝ 80 000 քաջարի զորքերը կուրսուեցան այլևայլ հիվանդութիւններէ, որոնց մէջ ամենէն շատ մահ տուողը թանջախտ եղած էր՚  («Բուժակ», ամսաթերթ, 1917, ապրիլ):

21-րդ դարի հեռավորությունից չափազանց հետաքրքիր են առողջապահական ուղղվածության այս թերթերի նյութերը: Պարզ, կիրառելի խորհուրդներ՝ ինչպես առողջ լինել, բուժել այս կամ այն հիվանդությունը: Եվ ոչ մի խոսք  սոդայով և կիտրոնով քաղցկեղի բուժման մասին…
 

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *