Հիմա երբ ամենօրյա ռեժիմով տեքստեր գրելու մենաշնորհն այլևս լրագրողներինը չէ, քանի որ գրում, արտահայտվում ու մեկնաբանում են բոլորը, լրագրողներն ավելի մեծ հնարավորություն են ստանում սեփական նյութերը հաջողությամբ փչացնելու, դրանք անտեսանելի ու անհետևանք թողնելու ամենօրյա տեղեկատվական աղմուկի մեջ:
Այդ գործում կան բազային սկզբունքներ, որոնք էֆեկտիվ են թե՛ բովանդակության ընտրության, թե՛ գրելու ոճի ու կառուցվածքի դեպքում: Հիմնական բովանդակային սկզբունքները, որոնք հաջողությամբ կորակազրկեն լրագրողական նյութը, կարելի է այսպես ձևակերպել.
1. Կարևոր տեղեկությունը փոխարինեք թարմով:
Թարմ լուրն ու կարևոր լուրը հաճախ ոչ թե կազմում են մեկ ամբողջություն, այլ բառիս բուն իմաստով՝ հակադրվում են իրար: Մեդիան՝ իր ակտիվ լրահոսով ու տարածումով սոցիալական ցանցերում, ստեղծում է պատրանք, որ եթե գիտես թարմի մասին, ուրեմն տիրապետում ես կարևոր ինֆորմացիայի: Օրինակ, գիտես, թե հենց հիմա ո՛ր պատգամավորը ո՛ր գործարարին ինչ ասաց, ինչպես վիրավորեց ու դրա արդյունքում ինչ պատահեց մեկ այլ պատգամավոր-կուսակցականի հետ:
Ընդհանրապես թարմ լրահոսը մեր կյանքի «սուրբ կովն» է: Այստեղն ու հիման թելադրող է: Եթե գիտենք, թե ինչ է տեղի ունեցել հիմա, մեզ մոտ պատրանք է ստեղծվում, որ գիտենք կարևորը:
Եվ եթե լրագրողն իսկապես ուզում է հերթական անորակ, բայց թարմ լրագրողական նյութը պատրաստել, ուրեմն արժե լսարանին հերթական անգամ համոզել, որ կարևորը հենց թարմն է: Ամենաթարմը: Ավելի թարմը:
2. Շտապեք լինել սիրելի…
Ոչ միայն շտապեք լինել առաջինն ու գրել բոլորից արագ, այլև շտապեք հեղինակություն ձեռք բերել ու դառնալ սիրելի: Սերը կարևոր գործոն է լրագրության մեջ, ավելի ճիշտ՝ ցանկալի լինելը:
Ի վերջո, ավանդույթի համաձայն՝ լրագրողներին ոչ ոք չի սիրում: Չեն սիրում պաշտոնյաներն ու ինֆորմացիայի տիրապետողները, քանի որ շատ դեպքերում՝ թաքցնելու բան ունեն, իսկ լրագրողները խախտում են նրանց ներքին համոզմունքը, որ եթե թաքցնելու բան ունես, ուրեմն պետք է թաքցնես:
Լրագրողին չեն սիրում նյութերի հերոսները, քանի որ վստահ են, որ լրագրողը պետք է իրենց ներկայացներ այլ կերպ: Օրինակ, ավելի համարձակ, խորը ու ճշմարտախոս կամ էլ ընդհակառակը՝ ավելի թշվառ ու քարկոծված: Բայց ամեն դեպքում, հերոսները գիտեն, որ լրագրողը պիտի անի այնպես, ինչպես իրենք են ուզում:
Լրագրողին չեն սիրում մյուս լրագրողները: Կարող են հարգել, համագործակցել կամ առնվազն ձևացնել, որ հարգում ու համագործակցում են, բայց դա պատեհապաշտ զգացում է: Միևնույն է, չի ստացվում երկար ձևացնել, թե կա սեր ու չկա մրցակցություն:
Լրագրողը ինքն իրեն էլ չի սիրում, որովհետև ամեն օր ստիպված է լինում բարդ ընտրություն կատարել (գրե՞լ, թե՞ չգրել): Վախենում է հայտնվել էթիկական թակարդում կամ ուրիշների շահերի տարածքում ու կորցնել դժվար վաստակած հեղինակությունը:
Այս երկար քնարական զեղումից հետո կարելի է ասել, որ եթե լրագրողը նպատակ է դրել փչացնել սեփական նյութերը, ուրեմն պետք է շտապի ցանկալի ու սիրելի դառնալ ինֆորմացիայի տիրապետողների համար, անի այնպես, ինչպես ուզում են իր նյութի հերոսները, վստահ լինի ու ամեն տեղ հայտարարի, որ իրեն նախանձում են ուրիշ լրագրողները: Ու հանգիստ շրջանցի բոլոր էթիկական խութերը:
Իսկ մնացածն արդեն տեխնիկայի, այսինքն՝ ոճի հարց է:
3. Գրեք հարցական նշաններով
Սա կարևոր պահանջ է նյութը փչացնելու համար: Միաժամանակ մի քանի հարցականներով նախադասությունները թողնում են տպավորություն, որ լուրջ լրագրող եք: Չէ՞ որ հարցական նշանները բարձրաձայնած հարցերի հոմանիշն են:
Որքան շատ են հարցերը, այնքան մեծ է պատրանքը, որ մտահոգ ու պատասխանատու եք: Ի վերջո, պատասխան կարող են գտնել նաև ընթերցողներն ու դիտողները, իսկ ձեր գործը հարց տալն է: Իսկ ավելի լավ է, երբ շատ հարցերը (մի քանիսը մեկ նախադասության մեջ) ուղեկցում են թարմ լուրերը:
Ստացվում է, որ դուք արդեն գիտեք, թե որն է իրականությունը, բայց ամեն դեպքում, պահպանում եք լրագրողական չեզոքությունը և ոչ թե պնդում ենք կամ կարծիք հայտնում, այլ հարց կախում՝ որպես իսկական օբյեկտիվ լրագրող, որը չպիտի իր կարծիքն ունենա ու վստահի փաստերին:
4. Օգտագործեք ասույթներ ու խրատներ
Ընտրեք այնպիսի բառակապակցություններ ու նախադասություններ, որոնք պարունակում են բարոյական խրատներ կամ կազմված են թևավոր խոսքերից: Իսկ ավելի լավ է՝ գրեք ասացվածքներով: Օրինակ՝ այն, ինչ գրված է գրիչով, չես ջնջի բրիչով: Կամ՝ գեղ կանգնի, գերան կկոտրի: Կամ էլ՝ լավագույն տղերքը հեռանում են:
Միախառնեք բոլորին հայտնի ասույթները իրադարձային տեքստին ու կստանաք պոպուլիստական նյութի հիանալի նմուշ:
Որքան շատ լինեն ծեծված ու բազմիցս օգտագործված ասույթներն ու հայտնի ստեղծագործություններից մեջբերումները, այնքան ավելի մեծ է լրագրողական նյութը հաջողությամբ փչացնելու հավանականությունը:
Մի խոսքով՝ շատացրեք բառային կլիշեները: Եթե ճանապարհ է, ապա կանաչ, եթե երազանք է, ապա երկնագույն, եթե երիտասարդ է, ուրեմն մատաղ սերնդի ներկայացուցիչ:
Առավել հաջող հնարք է, երբ վերնագիր են դառնում ու տեքստում մի քանի անգամ կրկնվում են Աստվածաշնչից մեջբերումները, մանավանդ՝ «մեղք», «արդարություն», «Աստված» բառերով:
Դրանք վերնագիրը դարձնում են հնչեղ, էմոցիոնալ ու վեհ: Կարդում են վերնագիրն ու միայն վերնագրով էլ՝ բավարարվում:
5. Խոսեք ոչ թե կոնկրետ մարդու, այլ ընդհանուրի անունից
Անորակ ու հեշտ հոդվածները կառուցվում են, երբ ընտրվում են հերոսներ, որոնք ունակ են խոսել՝ դիմելով ազգին:
Եթե կա հնարավորություն, շրջանցեք կոնկրետ խնդիրը (ասենք, մթերքի որակը կամ թանգարանների սև բյուջեն) ու ընդլայնեք, նաև հեշտացրեք ձեր գործը: Օրինակ, գրեք՝ մինչև ե՞րբ պետք է տառապենք օտարամոլների լծի տակ ու չգնահատենք ազգայինը:
Ընդհանրապես «ազգային ավանդույթների», «ազգային արժեքների», «հայեցի կերպարի» տակ ով ինչ ուզում հասկանում է: Շատ խոսենք այդ մշուշոտ բաներից, քանի որ այդպես մոտեցնում եք ձեր հրապարակումները սոցցանցերի մակարդակին, որոնք, ինչպես հայտնի է, լրահոսի շարժիչ ուժն են:
Իսկ սոցցանցերում այդ ճռճռան բառերը աշխատում են: Թեկուզ իրենց քանակով: Իսկ ինչու՞ չպիտի աշխատեն նաև պրոֆեսիոնալ լրագրողների գրչի տակ, որը, ինչպես հայտնի է, այլևս բրիչ է ու մի քիչ էլ՝ սրիչ:
Ի վերջո, լրագրողական աշխատանքը ոչ միշտ է նյութականացվում, այսինքն՝ դառնում նյութ ու հրապարակվում:
Եվ քանի որ լրագրողը աշխատում է միշտ (մտածում, վերլուծում ու մտքում նյութեր է պատրաստում անգամ քնած ժամանակ), նա պարզապես չի կարող ունենալ այնքան հրապարկված նյութ, որքան մտքերի պահեստում է պահում: Դա ֆիզիկապես անհնարին կլիներ:
Կան բաներ, որոնք պետք է պահեստում էլ մնան:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
անվերջանալի ցուցակ
Մի քանիսն էլ իմ կողմից․
Նյութը սկսեք Նոյից կամ առնվազն Տիգրան Մեծից։ Մի երկու էջ գրեք, մինչև հասնեք բուն ասելիքին։ Մինչև կարդացողը հասնի ձեր բուն ասելիքին, կհսականա, որ շատ խելացի եք, էլ կարիք չկա մնացածը կարդալու։ Կարևորը, որ դուք ձեր խելացիությունը առաջին երկու էջում ի ցույց եք դրել։
Օգտագործեք այնպիսի բառեր, բարդ ստորադասական ու համադասական նախադասություններ, որ ձեզ միայն խելացիները հասկանան․ չէ՞ որ ձեր խնդիրը տեղեկացնելը չէ, այլ խելացի ներկայանալը։
Նյութի հենց սկզբում ձեր ծանրակշիռ եզրահանգումն արեք՝ դատավորի կեցվածքով․ չէ՞ որ ձեր ընթերցողը բութ է, չի կարող սեփական եզրահանգումն անել ձեր ներկայացրած փաստերից։
Օգտագործեք բոլոր հնարավոր միջոցները քլիք ապահովելու համար։ Օրինակ այսպես՝ «Կոտրել են Տարոն Մարգարյանի ավտոմեքենայի ապակին եւ գողություն կատարել» http://araratnews.am/kotrel-en-taron-margaryani-avtomekhenayi-apakin-e%D6%82-goghuthyun-katarel/ ։
Վազե՛ք օդիոզ պատգամավորների հետևից, հարցեր տվեք, կապ չունի՝ ինչ հարց։ Շտապեք մի հատ սենսացիոն վերնագիր դնել ու տարածել այդ «բոմբը»։
Լիրիկական զեղումներ թույլ տվեք ձեր հարցերում զրուցակիցների հետ։
Երբեք մի՛ խորացեք ներկայացված թվերի ու փաստերի մեջ։ Ափսոս է ձեր ժամանակը։
Ինչպես որ մամուլի հաղորդագրությունը գալիս է, էդպես էլ դրեք։ Հանկարծ ժամանակ չծախսեք անցյալ կատարյալը ներկա վաղակատար սարքելու։
Երբեք Գուգլ մի՛ արեք ինչ-որ բան իմանալու կամ ստուգելու համար։ Եթե ձեր զրուցակիցն ինչ-որ բան է հայտարարում, հենց այդպես էլ տվեք առանց խորանալու․ չէ՞ որ ձեր ժամանակը թանկ է։
Երբեք մի՛ պարզեցրեք տեքստը, մի՛ փորձեք մարդկանց հասկանալի լեզվով գրել։ Երկար ելույթները մի՛ փորձեք սեղմել ու մատչելի դարձնել․ չէ՞ որ կա հեշտ ձևը՝ copy paste ու վերջ։
Զրուցակիցներին ձեր հարցերում անպայման ընդգծեք, թե ինչքան վսեմ եք դուք։ Անպայման ձեր խոսքում անգլերեն ու լատիներեն, առնվազն՝ ռուսերեն բառեր օգտագործեք, եթե նույնիսկ դրանց համարժեքները կան հայերենում։ Հոգ չէ, որ դուք հայերենից բացի ուրիշ լեզու չգիտեք ու մայրենին էլ կիսատ-պռատ գիտեք։
Ընդանրացման մասին
Ուշագրավ է, որ կոնկրետ խնդիրներին անդրադառնալու համար հարկ չի եղել օրրինակներ, հատուկ անուններ, դեպքեր նշել` դա միայն կխանգարեր խնդրին` շեղելով ընթերցողի ուշադրությունը անձերի, լրատվամիջոցների և այլնի վրա: Կատարված է կոնկրետ ընդհանրացում, ուր մասնավորն ավելորդ է: Հեղինակին հետաքրքրում է երևույթը, այլ ոչ թե խաղացողներն ու միջադեպերը, և սա հակոտնյա չէ լրագրությանը` առակով, կամ լղոզված խոսել չէ: