Այս օրերին մեդիա դաշտում ու համացանցի տիրույթում ամենից շատ արծարծվող թեման սննդամթերքի աննախադեպ թանկացումներն են, բայց ավելի շատ այդ հարցի շուրջ Աժ երկու պատգամավորի՝ էլ ավելի նախադեպը չունեցող մեկնաբանությունները։
Աժ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահը հայտարարեց, թե աղքատները չեն տուժի այդ թանկացումներից, որովհետև նրանք առանց այդ էլ միս ու կարագ չեն ուտում։ Գրեթե նույն բանն էր ասել նաև պատգամավոր Խոսրով Հարությունյանը.«Պատկերացրեք՝ կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը միևնույն է գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել»:
Խորհրդարանի ամբիոնից դեռևս քսանհինգ- քսանվեց տարի առաջ հնչած իշխանական այն հայտարարությունը, թե բոլորը չէ, որ ձու պիտի ուտեն, այլ միայն նրանք, ովքեր կարող են իրենց թույլ տալ, այսօր արդիական է դարձել մսի ու կարագի տեսքով։ Բայց այն ժամանակ դեռ չկար Սահմանադրություն, որը մեր երկիրը սոցիալական պետություն էր հռչակում և կապիտալիզմի խուժան դրսևորումները դեռ առջևում էին։
Սա առաջ բերեց բնականորեն կրքոտ ու անխուսափելիորեն հայհոյախառը պատասխաններ։ Կայքերում ու սոցցանցերում երկու պատգամավորներին ձոնված հոդվածների կողքին, էպիգրամների , դառը հումորի ու անեծքի պակաս չէր զգացվում։
Համոզված ենք նաև, որ նույն այդ մեծամասնությունը այդքան ցինիկորեն անկեղծ չէր լինի մեկ տարի առաջ։ Սա միանգամայն նոր բան է, լրատվամիջոցների հետ շփվելու նոր եղանակ։
Ընդամենը մեկ տարի առաջ նրանք կփորձեին լղոզել իրականությունը, վիճակագրական գունեղ գրաֆիկներ ներկայացնել, խոստանալ ինչ-ինչ օժանդակություն սոցիալապես խոցելի խմբերին, ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումից սպասվելիք՝ երկնքից ընկնող երեք խնձորի մասին ու այլ հեքիաթներ պատմել, ինչպե անում էին ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո։ Շուրջ երկու տարի առաջ վերոնշյալ երկու պատգամավորներից մեկի հետ տեսահարցազրույց էինք նկարահանում։ Լրագրողի խաչաձև հարցերին հույժ լավատեսական պատասխաններ տալուց հետո, երբ նկարահանումն ավարտված էր, կամերաներն ու միկրոֆոններն անջատված, լրագրողն ասաց, որ այնուամենայկնիվ համաձայն չէ նրա մի քանի պնդումների հետ։
«Կարծո՞ւմ ես, ես համաձա՞յն եմ էն ամենի հետ, ինչ որ հիմա էստեղ ասացի»-եղավ պատասխանը։
ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր նույնպես հեքիաթներ պատմեց մեզ սպասվելիք դրախտի մասին, իսկ նկարահանումից հետո դեմքի մռայլ կերպարանք առնելով՝ասաց․«Իրականում վիճակը շատ ավելի վատ ա, քան դուք եք կարծում։ Իսկ ամենացավալին էն ա, որ թունելի վերջում լույս չի երևում»։
«Հիմա ավելի հետաքրքիր եք խոսում, բերեք սա նկարենք»-առաջարկեց գլխավոր խմբագիրը։
«Չէ, ի՞նչ եք ասում, հենց միկրոֆոնը միացնեք, նորից կասեմ, որ ամեն ինչ շատ լավ ա։ Էդ ա մեր գործը»,- պատասխանեց պատգամավորը։
Այս երկու օրինակներն արդեն կարծես թե անցած պատմություններ են, և Հակոբ Հակոբյանի ու Խոսրով Հարությունյանի հայտարարությունները նոր դրևսորումներ են ի հայտ բերում։ Նույն կամ մնացած պատգամավորները կարող էին ասեք խոսել առողջության վրա մսի ու կարագի անբարենպաստ ազդեցության, խոլեստերինի վտանգի մասին։ Սակայն իշխանությունն այլևս իմաստ ու անհրաժեշտություն չի զգում սոփեստություն անելու, խաբխբելու, սքողելու։ Ինչո՞ւ, ի՞նչ է փոխվել այս ընթացքում։ Ուշադիր լինելու դեպքում այս հարցի պատասխանն էլ կարող ենք գտնել Խոսով Հարությունյանի մի քանի բառի տակ։ Հարցին, թե ինչու է իշխանությունը տեղում, երբ քաղաքացին սոված է, նա պատասխանել է. «Ուրեմն, նայեք՝ քաղաքացին սոված է, իշխանությունը՝ տեղում, քաղաքացիական հասարակություն, ընտրություն․ բոլորս ազատ ենք… Մենք գիտենք, թե ընտրություններն ինչպես են անցել»։
Իսկ,ինչպե՞ս են անցել ընտրությունները։ Անցել են այնպես, որ իշխանությունն այլևս պարտավորություն չի զգում ոչ ընտրողի, ոչ էլ ողջ հասարակության առաջ։
Այդպես է լինում բոլոր այն տեղերում, որ իշխանությունն ու հասարակությունը միմյանց բարոյազրկելով երկիրը հասցնում են մի վիճակի, երբ վերանում է իշխանության համար քաղաքական առողջ պայքարն ու մրցակցությունը, տեղը զիջելով միայն ներիշխանական ինտրիգներին։
Սրանից զատ, երկու հանրապետական պատգամավորների հայտարարությունները փաստում են, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս սոցիալական պետություն չէ, ինչը Սահմանադրության գլխավոր հիմնադրույթներից մեկն է։ Նրանք, անկեղծ ասած, ակամա վկայում են այն անդունդի մասին, որ կա փոքրաթիվ հարուստների, բնակչության երեսուն տոկոսը կազմող աղքատների ու մնացած ժողովրդի միջև։ Խոսքը միայն ֆինանսական ու նյութական տարբերության անդունդի մասին չէ, այլ այն արհամարհանքի, որ տածում է փոքրամասնությունը աղքատների նկատմամաբ, և անտարբերության վերածված այն ատելության, որ դրսևորում է բնակչության մեծ մասը կարագ ու միս ուտելու «իրավունք» ունեցող փոքրամասնության նկատմամբ։
Սոցիալական համերաշխություն մեզանում վաղուց չկար, բայց արդեն չկա նաև դրա գաղափարի հեռավոր հույսն իսկ։ Սա ամենավտանգավոր բանն է, քանի որ փոքրամասնությունն ու մեծամասնությունը արդեն կանգնած են դեմ- դիմաց դեռևս զսպված թշնամությամբ։ Նրանք այլևս պետություն կոչվող նույն օրգանիզմի անդամներ չեն։ Ուղեղը չի կարող արհամարհել ոտքերին, սիրտն ատել գլուխը և այլն։
Այս պայմաններում հեռու չէ օրը, որ մի պատգամավոր կառաջարկի միսը հանել բանակի, հատկապես սահմանային զորամասերի ճաշացանկից։ Չէ որ այնտեղ հենց այն խավի զավակներն են, որոնք մինչ զորակոչվելը միայն կարտոֆիլ են կերել, և զորացրվելուց հետո էլ միս չեն ուտելու։
Այս համապատկերում որքան անտեղի են թվում մամուլի այն լուրջ-լուրջ վերլուծությունները, թե այս թանկացումներն ամենից շատ միջին խավին են դիպչելու։ Նրանց, ովքեր իրենց շռայլություն էին թույլ տալիս մեկումեջ միս վայելել, և ամիսը մեկ էլ բուսայուղի փոխարեն կարագ գցել թավայի մեջ։
Հովհաննես Երանյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: