Հոդվածի առիթը ռուսաստանաբնակ արձակագիր Նարինե Աբգարյանի հարցազրույցն է Tert.am կայքին, բայց չէի ուզենա, որ այն ընկալվեր որպես գրչընկերուհուս դեմ գրված խոսք: Հոդվածն ավելի շուտ նրա հարցազրույցում բարձրացված թեմաների շուրջ է, քան` դեմ:
Անշուշտ, ուրախանալու և հպարտանալու առիթ է, որ մեր հայրենակցուհին արժանի ճանաչում է ձեռք բերում հսկայական բարձրարժեք գրական ավանդույթներ ու հարյուր հազարավոր գրող ունեցող երկրում: Առավել ուրախալի է, որ Նարինեի գրքերը մեր` իր հայրենակիցների ու Հայաստանի մասին են: Եվ քանի որ նրա գրքերը բեսթսելեր են, ուրեմն միլիոնավոր մարդիկ են ծանոթանում մեր երկրի ու նրա մարդկանց հետ, առնչվում նրա մտահոգություններին և ուրախություններին: Կարճ ասած` ճանաչում են Հայաստանը:
Բայց եթե նույնիսկ սա գրողի համար գրելու նպատակ ու շարժառիթ է, այնուհանդերձ, չի կարող դառնալ գրականության խնդիր: Բոլոր թվարկած արժանիքներով հանդերձ, Նարինե Աբգարյանը չի ստեղծում հայ գրականություն: Գրականության պատկանելությունը չի սահմանվում նրա հեղինակի ազգային ծագմամբ: Հակառակ պարագայում աշխարհում քաոս կտիրեր: Կստացվեր, որ նույն ռուս մեծ գրականության մի զգալի մասը եբրայական է, մյուս մասը` լեհական կամ շվեդական:
Հասկանալի է, որ գրականության պատկանելությունը որևէ առնչություն չունի նաև հեղինակի նախասիրած թեմաների հետ: Հայաստանի մասին գրված գիրքը դեռ հայ գրականություն չէ: Ո՞ր գրականությանն է պատկանում Վրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը: Երբևէ որևէ խելքը գլխին մարդ չի մտածի, որ այն հայ գրականություն է, թեպետ հայ ժողովրդի պատմության դաժանագույն շրջանի ամենահերոսական պատմություններից մեկն է նկարագրում: Բայց երբևէ խելքը գլխին որևէ մարդ չի պնդի նաև, թե այդ վեպը հրեական գրականություն է` նկատի ունենալով Վերֆելի ազգային ծագումը: Վեպը գրվել է գերմաներեն, ուրեմն այն գերմանական կամ ավստրիական գրականություն է, որն ըստ էության նույն բանն է: Գրականությունը լեզվի տիրույթ է, նրա արտահայտման նշանն ու կիրառման տարածքը: Ուրեմն գրականության, և բոլոր արվեստներից միայն գրականության ազգային պատկանելիությունը լեզվով է սահմանվում:
Հարցին, թե որ հայ գրողներին է հավանում, Նարինե Աբգարյանը տալիս է երեք անուն, որոնք բացառապես ռուսերեն են գրում: Ցավոք, նրանք հայ գրողներ չեն, այլ ազգությամբ հայ գրողներ: Նարինե Աբգարյանն էլ հայ է, և դատելով հարցազրույցներից` հրաշալի հայ է ու նույնքան լավ մարդ: Նաև տաղանդավոր գրող է` դատելով ընթերցողների, հրատարակիչների ու գրականագետների արձագանքից: Հայ է, գրող է, բայց հայ գրող չէ: Եվ որևէ առեղծված այստեղ չկա: Հակառակը` եթե մի ռուս, եզդի կամ ասորի գրում է հայերեն, անկախ թեմայից, նա հայ գրող է:
Պատասխանելով, թե երբևէ կգրի հայերեն հարցին, Նարինե Աբգարյանը ասում է. «Ես փորձ արել եմ, բայց, քանի որ իմ գրական հայերենը շատ թույլ է, ես մանկությունից բարբառով եմ խոսել, ցավոք սրտի, չկարողացա հայերեն գրել: Ավելի շատ զավեշտալի պատմություն էր, երբ խմբագրիս ասացի՝ ինչպես կարող է լինել, որ ես հայ եմ, բայց հայերեն չեմ կարողանում գրել, նա ասաց՝ դու մի անհանգստացիր, քո ռուսական տեքստերը հնչում են հայերեն: Այնպես որ, որոշեցինք, որ ես հայերեն եմ գրում»:
Այո, զավեշտալի է, կամ իրեն իսկապես հայ համարող և հայերեն գրել չկարողացող անկեղծ մարդու սփոփանք: Մանավանդ որ հայերեն չիմացող խմբագիրը չէր կարող հասկանալ` հայերե՞ն է հնչում ռուսերեն տեքստը, թե` ոչ: Եվ առհասարակ, մի լեզվով գրավոր տեսքտը չի կարող այլ լեզվի նման հնչել: Գրավորը բանավոր խոսք չէ, որ արտասանողի առոգանությունից կարելի լինի կռահել մարդու ծագումը:
Մեկ այլ հարցի պատասխանելիս Նարինե Աբգարյանն ասում է. «Պարզապես հիմա անհնար է ինչ-որ բանի հասնել հայերեն գրելով: Եթե դու ուզում ես հնչելի լինել, ապա պետք է գրես անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն: Շատ դաժան և անարդար իրավիճակ է»:
Ասված է ստույգ ու ճշմարիտ: Այո, ճանաչման ու հռչակի հասնել հայերեն գրելով` շատ դժվար է, եթե ոչ անհնար: Բայց ոչ միայն հիմա: Այնուհանդերձ լավ կլիներ, որ հայ գրականությունը շարունակվեր ու շարունակվեր տաղանդավոր մարդկանց գրով: Քանի որ, նորից կրկնեմ, նա ով հայերեն չի գրում, ստեղծածը հայ գրականություն չէ: Պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել. Սարոյանն ստեղծել է տիպիկ ամերիկյան գրականություն:
Ես էլ կուզեի հնչելի լինել, ճանաչում ձեռք բերել ու հռչակ, բայց ավելի շատ ուզում եմ հայերեն գրել: Գրողական իմ երջանկությունն ավելի շատ հայերեն գրելու մեջ եմ զգում, քան հնչելի լինելու: Մեծագույն վայելք է, երբ հայերեն նոր ձևակերպում ես տալիս արդեն գրված մտքիդ, նոր համեմատություն գտնում, նոր հոմանիշ պեղում ու էլի մի անգամ սքանչանում քո լեզվով:
Այսքանով հանդերձ, Նարինեն ճիշտ է` շատ դաժան ու անարդար իրավիճակում է հայտնվել: Քանի որ արվեստներից միայն գրականությունն է լեզվի դրսևորում, ուրեմն արվեստներից միակն է, որ չունի սեփական ոտքեր: Ոչ սիմֆոնիան, ոչ կերպարվեստի գործը աշխարհով մեկ քայլելու համար չունեն հենակների` այսինքն թարգմանության կարիք: Գրականությունն ունի: Եթե ուշադիր նայենք վերջին հինգ տասնամյակում Նոբելյան մրցանակ ստացած գրողների ցանկին, կտեսնենք, որ նրանք կամ համաշխարհային տարածում ունեցող լեզուներով են ստեղծագործել` անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, կամ` տարածման փոքր շրջանակ ունեցող լեզվով, բայց թարգմանական հսկայական միջոցներ ծախսող երկրում:
Մոտավոր հաշվարկով, Թուրքիան տարեկան 500 միլիոն եվրո է ծախսում թուրք գրողներին մեծ լեզուներով թարգմանելու և տարածելու վրա: Չկա եվրոպական մայրաքաղաք կամ մեծ քաղաք, որտեղ թուրքերը չունենան մեկ-երկու գրախանութ, ուր թուրք հեղինակների գրքերն են վաճառվում: Առանց այս ամենի, Օրհան Փամուկն էլ հնչելի ու ճանաչված չէր դառնա աշխարհում, և բնականաբար` Նոբելյան մրցանակ էլ չէր ստանա:
Եթե ոչ նույն ծավալի ֆինանսական ծախսերով, բայց գոնե նույն սրտացավ մտահոգությամբ ու գիտակցումով են առաջնորդվում սկանդինավյան ու մերձբալթյան պետությունները, փոքրաթիվ բնակչություն ու լեզվական տիրույթ ունեցող շատ այլ երկրներ: Հեռու չէ օրը, որ նախանձով կհետևենք վրացի գրողի նոբելյան սանդղակներով բարձրանալուն:
Այնպես որ հայերեն գրել թողնելը միակ ճանապարհը չէ միջազգային ասպարեզում հաջողության հասնելու համար: Գրականությունն առավել, քան մյուս արվեստները, ունեն պետության աջակցության կարիքը: Նախընտրելի, բայց պարտադիր չէ, որ պետության ղեկավարները գրականություն հասկանան: Բավարար կլիներ, որ նրանք գրականության դերը հասկանային:
Հովհաննես Երանյան