2017.11.22,

Քննադատ

Լեզվի համար պայքարն իրական անկախության ցուցիչ է

author_posts/hovhannes-yeranyan
Հովհաննես Երանյան

Արձակագիր

Ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու` 2017 թվականին սրված հարցը նոր չէ: Խորհրդային երկրում ռուսերենը միութենական լեզու էր կոչվում, և ըստ էության բոլոր հանրապետություններում պետական լեզվի կարգավիճակ ուներ:

Բայց սա էլ երբեմն չէր բավարարում Մոսկվայի իշխանություններին: Կատարյալ հոմոսվետիկուսի  ձևավորմանը խանգարում էին ազգային լեզուները: Ուստի պահ առ պահ, հատկապես երբ երկրում նոր Սահմանադրություն էր ընդունվում, կամ դրանում ինչ-ինչ փոփոխության անհրաժեշտություն էր առաջ գալիս, մեկ էլ հիշում էին, որ տարբեր ազգեր դեռ խոսում են իրենց մայրենի լեզվով:  

Երբ նույն պարտադրանքը եղավ 1978 թվականին, սովետական ժողովուրդները դեռ հիշում էին լեզվի համար պայքարի ստալինյան տարիների դառը փորձը: Հայաստանում ստալինյան սահմանադրության այդ կետի դեմ ըմբոստացած  փաստացի ղեկավարը` Աղասի Խանջյանը, խոշորագույն գիտնականը` Հրաչյա Աճառյանն ու բազմաթիվ մտավորականներ կյանքով էին հատուցել, կամ բանտարկությամբ ու աքսորով:

Այդ տարիներին ըմբոստացման ողջ ծանրությունն իրենց վրա էին վերցրել Հայաստանն ու Վրաստանը:

78-ի նոր Սահմանադրությունից ՍՄԿԿ քաղբյուրոյի անդամ Սուսլովի առաջարկով հանվել էր կետը, ըստ որի տվյալ հանրապետության պետական լեզուն այդ հանրապետության մետրոպոլ ազգի լեզուն է: Օրինակ, Հայաստանի դեպքում չկար, որ ՀԽՍՀ պետական լեզուն հայերենն է:

Մոսկվայում գտնում էին, որ ազգային լեզուները զարգացած սոցիալիզմի օրոք ավելորդ շռայլություն են:

Բոլոր փաստերը կան պնդելու, որ հանրապետության երիտասարդ ղեկավար Կարեն Դեմիրճյանը դեմ է եղել այս փոփոխությանը: Սակայն գործել է զգույշ, բայց և թաքուն ուղղորդել է դժգոհության ալիքը:

Բողոքի առաջին ակցիան տեղի է ունենում Հայաստանի գրողների միությունում:

Գրողների միության ղեկավարը Դեմիրճյանի մանկության ընկերն էր`Վարդգես Պետրոսյանը: ԳՄ կոմկուսը, որը ղեկավարում էր Մկրտիչ Սարգսյանը, իր ժողովում դեմ է արտահայտվում նախագծին և առաջարկում այնտեղ փոփոխություններ կատարել լեզվի մասով:

Ժողովից անմիջապես հետո Կարեն Դեմիրճյանը զանգահարում է Մկրտիչ Սարգսյանին, տեղականում ժողովի որոշման մասին և հուշում, որ այդպիսի ժողով պիտի գումարել բազմաթիվ այլ կազմակերպություններում ու ձեռնարկություններում:  

Ի վերջո, Դեմիրճյանը Մոսկվա է ներկայացնում հանրապետության երեսուն խոշորագույն ձեռնարկությունների կուսակցական կազմակերպությունների ժողովների արձանագրությունը, որով պահանջվում էր չդիպչել հայերենին:

Երբ Թբիլիսում իմանում են Հայաստանում տեղի ունեցածի մասին ` 1978 թվականի ապրիլի 14-ին բազմահազարանոց բողոքի երթ են կազմակերպում: Ցուցարարները կրում էին Կարեն Դեմիրճյանի նկարը և «Հայաստանը մեզ հետ է» գրությամբ պաստառներ: Վրացուհիները պահում են իրենց այնպես, ինչպես կես դար հետո ֆեմինիստները Եվրոպայում:

Նրանք երթի առջևից գնում էին մերկացրած  կրծքով և վանկարկում. «Մենք մեր  երեխաների մեջ կրծքի կաթով ենք վրացերենը սերմանում, ոչ ոք այն մեզանից չի կարող խլել»: Ապրիլի 14-ը Վրաստանում դարձավ մայրենի լեզվի տոն:

Հայերի ու հատկապես վրացիների պայքարի շնորհիվ լեզվի մասին գլխավոր օրենքի դրույթը մնում է անփոփոխ:

Հետաքրքիր է, որ Կարեն Դեմիրճյանը դրանից հետո Մկրտիչ Սարգսյանի հետ մի զրույցում աում է.«Քանի° գրող կա, որ իր երեխաներին ռուսական դպրոց է տվել: Եթե հարազատ զավակները չեն կարդալու նրանց գրքերը, ուրեմն ուրիշների համար թող չգրեն» (Իրատես. Թիվ 61 15-18. 09. 2017թ.):

Հայաստանի անկախացումից հետո Ռուսաստանը չդադարեց ինքիշխան դաշնակցին պարտադրել իր լեզվին առավել բարձր կարգավիճակ տալ ու տարածում ապահովել:

Որքան էլ մեր հանրապետությունը Ռուսասատանից քաղաքական ու տնտեսական, իսկ մեր իշխանությունները Մոսկվայի գործընկերներից կամային կախվածություն ունենան, այնուհանդերձ իրավա-քաղաքական իմաստով նրանք շատ ավելի ազատ են, քան Աղասի Խանջյանն ու Կարեն Դեմիրճյանը:

Բացի այդ, խորհրդային տարիներին Հայաստանում ռուսերենի շատ ավելի մեծ պահանջարկ ու համակրանքի շատ ավելի մեծ բաժին կար, քան այսօր:

Հայաստանում ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու հարցը սրվել էր նաև 2000 ականների սկզբին: Հարցը նույնիսկ խորհրդարանում քննարկվեց: Ըստ որոշ տեղեկությունների, նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել է մի քանի մասնագետների, ներկայացնել հիմնավորումներ, թե ինչով է վտանգում ռուսերենի պետական կարգավիճակը մեր ազգային անվտանգությանը և այդ կռվանները ներկայացրել է ՌԴ իր գործընկերոջը:

Մերօրյա ճնշումներն սկսվեցին ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների հարցերով դեսպան Էլեոնորա Միտրոֆանովայի այն հայտարարությունից հետո, ըստ որի` ԽՍՀՄ նախկին երկրներում ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ շնորհելու հարցը կներառվի Ռուսաստանի արտաքին քաղաքականության հարցերի օրակարգում:

Դրան ի պատասխան` հայ քաղաքագետներն ու լեզվաբանները, անգամ` ռուսերենից-հայերեն գեղարվեստական թարգմանություն կատարողները  հայտարարեցին ու ասացին, թե դրանից ռուսական շովինիզմի ու կայսրապաշտության հոտ է գալիս:

Այնուհետ ՀՀ Աժ  նախագահ Արա Բաբլոյանին Մոսկվայում ընդունած ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնում է, որ Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքի վկայականները օրինական կհամարվեն միայն այն դեպքում, եթե Հայաստանում ռուսերենը պաշտոնականի կարգավիճակ ստանա:

Կարճ ժամանակ անց ՀՀ վարչապետի հանձնարարականով ԿԳ նախարարությունը մշակում և խորհրդարան է ներկայացնում ռուսերենի մասին հայեցակարգը, որով ուսուցման բացառիկ արտոնություններ են տրվում այդ լեզվին, թեև այն Հայասատանում հռչակվում է որպես օտար լեզու:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հերքում է, թե հայեցակարգը մշակվել է իր հանձնարարականով: Այդ դեպքում ստացվում է, որ Մոսկվայից արդեն ուղիղ հանձնարարականներ են տալիս մեր այս կամ այն նախարարությանը:

Ընդ որում՝ ՀՀ կրթության ու գիտության նախարարը ռուսերենի կատարյալ իմացության անհրաժեշտությունը հիմնավորում է գիտական օգտակարությամբ, մինչդեռ Պետդումայի նախագահն առաջին հերթին` խոպանչիական շահերով:

Սակայն հարցն իհարկե միայն ՌԴ-ում աշխատող հայ տաքսիստները չեն: Առհասարակ ռուսներին, հատկապես պաշտոնյաներին, շատ է վրդովեցնում, որ Երևանում էլ հայ տաքսիստները ռուսերեն չեն խոսում: Կատաղում են, որովհետև նրանց մտապատկերում Հայաստանը դեռ, ոմանց կարծիքով էլ` այլևս անկախ երկիր չէ:

Այս տպավորությունը մեր հասարակությունը դաշնակից ու բարեկամ երկրի ժողովրդին ու իշխանություններին լիուլի տալիս է:

Կրկնենք միտքը, որ ընդվզել և հաջողություն ունենալ թե՛ երեսնականերին և թե՛ յոթանասունականներին շատ ավելի բարդ էր: Հատկապես երկրորդ դեպքում էր դժվար, որովհետև Հայաստանում արդեն կար ռուսախոսների ու ռուսամոլների հսկայական զանգված, ռուսերեն խոսքը մեր առօրյայում ամենուր էր, համարվում էր զարգացվածության վկայություն ի հեճուկս հայերեն խոսող ու մտածող հետամնացների: Այսօր այդ զանգվածը չկա:

Բայց չկա նաև հայերենի դեմ ոտնձգություններին «Ո՛չ» ասող զանգվածը: Առհասարակ չկա բազմաթիվ այլ դժգոհությունները ընդվզումով արտահայտող հանրություն:

 

Հովհաննես Երանյան

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *