2017.11.16,

Քննադատ

Վախեցած դպրոց ու անվախ լրատվական դաշտ

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Աշխարհի ամենադաժան էակները երեխաներն են, թեկուզ միայն այն պատճառով, որ շատ արագ են ընդօրինակում շուրջը եղած վարքագծային մոդելները: Եվ եթե գործի են դրվում վարքագծային ուժային մոդելները (ճնշելու, ստորացնելու ու դրանով սեփական արժեքը բարձրացնելու), երեխաներն առաջինն են սկսում ճնշել ու ծաղրել թույլին, իրենց ոչ նմանին, ուրիշին, տարբերվողին: Այդպես նրանք իրենց ինքնագնահատականն են բարձրացնում, քանի որ սեփական անձը կարևորելու այլ ուղիներ չեն տեսնում:

Փորձի պակասը նրանց ավելի համարձակ է դարձնում (չգիտեն, թե ինչ են կորցնելու, բայց գիտեն, թե ինչ են ձեռք բերելու): Օրինակ, հեղինակություն, որի հիմքում պարզագույն ուժային հիերարխիան է:

Երբ մի քանի օր առաջ լուր հրապարակվեց՝ առաջին դասարանցուն բռնության ենթարկելու մասին, ակնհայտ երևաց, թե ինչպես են դպրոցն ու մեդիան ընկալում իրենց դերը՝ ամենախոցելի (դաժանության վիրուսի հանդեպ) երեխաների նկատմամբ:

Եվ այդ տեսանելի դարձած դերը շատ վտանգավոր է ընդհանուր հանրային առողջության համար:

7-ամյա տղայի նկատմամբ կիրառված բռնության վարկածն ու անհայտ հանգամանքներում նրա թարթիչները կտրելու փաստը դպրոցն ու մեդիան ընկալեցին տարբեր կերպ:

Դպրոցի տնօրենի դիրքորոշումը պաշտպանողական էր: Նա մեղադրեց բոլորին, բացի դպրոցից՝ քննարկման նյութ դարձնելով երեխայի ընտանեկան ու առողջական խնդիրները, անգամ՝ ծնողների ամուսնալուծված լինելու ու լարված հարաբերություններ ունենալու փաստը: Հետագայում տնօրենն ասաց, որ դպրոցում թարթիչները կտրելու տեղեկությունը «սուտ» է և «հերյուրանք»:

Հետաքրքիրն այն է, որ խոսքը ոչ թե համադասարանցիների կողմից տղային բռնության ենթարկելն էր կասկածի տակ դրվում, այլ պնդումը, որ թարթիչները կտրելու վայրը դպրոցը չէ:

«Ո՞վ է կտրել 7-ամյա տղայի թարթիչները»,- հարցնում է մեկ այլ լրատվամիջոց: Մոտավորապես այդպիսի հարցականներով հոդվածներն ու մեկնաբանությունները ողողեցին համացանցը, նշվեց, որ տղան ունի վառ երևակայություն, Հունաստանի քաղաքացի է, ու ինքն է կտրել իր թարթիչները, որ հատուկ կարիքներ ունեցող երեխա է և տարբերվում է մյուսներից (ենթադրաբար, «ճիշտ» երեխաներից): Դպրոցի համար այդ երեխան ցանկալի աշակերտ չէր:

Սոցիալական մեծ պատասխանատվություն ունեցող դպրոցը Հայաստանում վաղուց արդեն հեղինակազրկված է:

Եվ գլխավոր պատճառը ոչ թե անմշակ ծրագրերն ու ուսուցչական մարտնչող պահվածքն է, այլ դպրոցի անիմաստությունը, որը երեխաները շատ լավ են զգում:

Նրանք ընտելանում են ձևացնել, որ սովորում են, իսկ դպրոցը ձևացնում է, որ սովորեցնում է: Ծնողներն էլ խորհուրդ են տալիս իրենց երեխաներին՝ շատ չտարբերվել ու ընկալել դպրոցական տարիները որպես պարտադիր գործ (ինչպես զինծառայությունը):

Տարբերվողները միշտ վտանգավոր գոտում են, երբ իշխում է չտարբերվելու չգրված պարտադրանքը: Այս դեպքի հետ կապված անգամ կշտամբանք հնչեց, որ եթե բռնության ենթարկված տղան պատասխաներ (բնականաբար, ուժով), նրան բռնության չէին ենթարկի:

Երբ հանկարծ ի հայտ են գալիս նման էքստրեմալ դեպքեր, որոնք ո՛չ դպրոցը, ո՛չ էլ ծնողները ալևս թաքցնել ու կոծկել չեն կարող, հասարակությունը սթափվելու շանս է ստանում: Այդ շանսը տալիս է մեդիա արձագանքների նպատակային թիրախավորումը:

Կամ էլ ընդհակառակը՝ խլում է այդ շանսը, եթե լրատվամիջոցն ու լրագրողն իրենք չունեն պատկերացում, թե ինչպիսին պիտի լինի հեռանկար ունեցող հասարակությունը:

Եվ խոսքը ոչ թե այս դեպքի բոլոր կողմերի կարծիքը հանրայնացնելն է, այլ նախևառաջ՝ կողմեր որոշելը:

Ի վերջո, հրապարակելով թե՛ հուզված ու վրեժ պահանջող մոր կարծիքը, թե՛ դպրոցի վախեցած ու հարձակվողական մեկնաբանությունը, թե՛ մյուս ծնողների մեղադրական եզրակացությունները, լրատվամիջոցը ոչ թե կարծիքների բազմազանություն է ապահովում, այլ՝ հաստատում է, որ բազմազանություն լինել չի կարող մի հասարակությունում, որտեղ կասկածի տակ է դրվում ընդհանուր գծից տարբերվողի արժանապատվության իրավունքը:

Որ կարելի է ներխուժել ու փորփրել հոգեբանական խորխորատներում, հանել այդ խավարից թաքնված ագրեսիան ու վախերը ու լույս աշխարհ սփռել հանուն՝ անաչառության:

Կան դեպքեր, երբ կողմեր որոշելը հենց լրագրողի գործն է: Ավելի շուտ՝ կողմեր նշանակելը:

Վերջին տարիների հռետորաբանությունը սովորեցրել է մեզ խոսել ընդհանուրի անունից (ազգի, ժողովրդի, հայրենիքի, նաև՝ հայ մանուկների), բայց երբ հերթը հասնում է անհատին (այն էլ անսովոր, միգուցե նաև՝ ոչ հայ ու ավելի վառ երևակայություն ունեցող, քան ընդունված է), սկսվում է քաոսը: Հետո քաոսը բեկորացվում է, համալրվում մանր, թեժ ու հակադարձ մանրամասներով, բայց խնդիրը մնում է:

Խնդիրը անհատն է ու նրա միջավայրը:

Թերևս հենց դրանք են այն երկու կողմերը, որոնց մասին արժե խոսել: Միջավայրը կլանում է անհատին (թույլին, տարբերվողին, կտրած թարթիչներ, կամ ընդհակառակը՝ երկար ու կանաչ թարթիչներ ունեցողին) ու «թքում» նրա կյանքը միջավայրի զվարճանքի համար՝ որպես սկանդալների հումք:

«Անվախ» կերպով հեղեղելով տեղեկատվական դաշտը նորանոր վարկածներով ու երեխայի ֆիզիկական ու մտավոր առանձնահատկությունների ապացույցներով, մեդիան նպաստում է միակողմանի ու հետադիմական միջավայրի ինքնագնահատականի ամրապնդմանը:

Պարադոքս է, բայց որքան շատանում են կողմերը (միգուցե  շուտով հարցուփորձ կարվեն նաև երեխայի այլ ազգականները, բժիշկները, հարևանները, հարևանների ազգականները), այնքան նեղանում է մեդիայի դերը:

Մեդիան հանդիսատես է հավաքում՝ դառնալով հարթակ ագրեսիվ չտարբերվողների համար: Թեև կարող էր դառնալ նաև թելադրող՝ հանուն հեռանկարի:

Դպրոցի տնօրենի, դասղեկի համար այս տղան ցանկալի չէր, ինչպես նաև ցանկալի չէ այլ երեխաների ծնողների համար: Այս տղան միջավայրի զոհ է: Փոքր, անսովոր տղան հայտնվել է սովորական աղմկոտ-հարձակվողական միջավայրում:

Եվ եթե նա իրեն անպաշտպան է զգում ու ենթարկվում է բռնության, դա միջավայրի խնդիրն է:

Այդ մասին հրապարակում եղավ, իսկ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետը անթույլատրելի համարեց մարդու անձնական կյանքի մանրամասներ հրապարակելը թե՛ ծնողի, թե՛ տնօրենի, և թե՛ լրագրողի կողմից:

Բայց միևնույն է՝ այս թեմային անդրադարձները շարունակում են հաստատել այն միտքը, որ երեխաները ամենադաժան էակներն են, քանի որ նրանց շրջապատող վարքային մոդելների հիմքը անհատի արժևորումը չէ:

Եվ թող վերամբարձ չհնչի, բայց հիմա պետք է սովորել հանդուրժել ու գուրգուրել այլ տեսակի մարդկանց կարծիքը: Զսպել բոլորին սեփական հարմարավետության տեսակետից դատելը: 

Ընդունել, որ տարբեր լինելը պարգև է, այլ ոչ թե քարկոծման առիթ:

Դպրոցում այդ նպատակը չի դրված և ընդհակառակը՝ նպատակը բազմանկյուն ու բազմագույն աշխարհը շրջանակելն է, հավասարեցնելը: Դպրոցն անպետք է որպես հեռանկարներ ունեցող համակարգ, քանի որ սխալ պատկերացումներ է ստեղծում երեխաների մոտ ու դատապարտում նրանց լինել կա՛մ դաժան, կա՛մ մեկուսի:

Հետևաբար՝ նաև  պարտվող: 

 

Նունե Հախվերդյան

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *