2017.09.22,

Քննադատ

Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի. մենաշնորհից մենաշնորհայնացում

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան
facebook

Գրող, կինոդրամատուրգ

«Մեդիամարտը» խաղ է, որ ստեղծվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) կողմից, լրագրությամբ հետաքրքրվողների համար։ Անկախ Հայաստանի մեդիան արդեն ավելի քան քառորդ դարի պատմություն ունի, բայց կոռուպցիայի լուսաբանումը, կոռուպցիայի դեմ նրա պայքարը ավելի շատ դեռ խաղի է նման, գոնե արդյունավետության տեսանկյունից։

Մենաշնորհից մենաշնորհայնացում

Հեռահաղորդակցության ոլորտում «ԱրմենՏել» ընկերության մենաշնորհը մեդիա սկանդալ հարուցեց 1990-2000 թթ.-ին՝ կոռուպցիոն մոտիվներն ու ռիսկերն ակնհայտ էին։ Բայց սկանդալը չօգնեց տնտեսության ապամենաշնորհայնացմանը, ընդհակառակը,  «ԱրմենՏելն» ինքը դարձավ մենաշնորհի ձգտող ընկերության զոհը։  ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը իր ղեկավարած հաստատությունից հօգուտ Յուքոմ ՍՊԸ-ի դուրս մղեց «ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի ֆիքսված հեռախոսակապի օպերատոր եւ ինտերնետ ծառայություններ մատուցող ԱրմենՏել ընկերությանը… անպատշաճ ձեւով հարստացնելով իրեն եւ իր մերձավորներին»։ («Մոռացել է, որ պետական պաշտոնյա է», «Հայկական ժամանակ», 2012, սեպտեմբերի 25)։  

«ՀԺ»-ը զուսպ կերպով գրում է՝ «համաձայն համատարած շրջող լուրերի», Յուքոմ ՍՊԸ-ի բաժնեմասերի մի զգալի մասը տնօրինում են Գագիկ Խաչատրյանի մերձավորները, իրականում սեփական բիզնեսը ՊԵԿ նախկին նախագահի կողմից հովանավորելու մասին «համատարած» լուրերն բազմաթիվ հրապարակումներ են, որոնցից առավել հիմնավորներում ի հայտ է բերում նաև այն սողանցքը, որի շնորհիվ  Գագիկ Խաչատրյանը կարող է իր ազգականներին հսկայական օգուտներ բաշխել… օրենքի տառը չխախտելով։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան Հերիքնազ Տիգրանյանը մեկնաբանում է «Ազատություն ռադիոկայանի» տեղեկությունն այն մասին, որ Գագիկ Խաչատրյանի ղեկավարած Ֆինանսների նախարարությունն ու Պետական եկամուտների կոմիտեն հինգ տարի շարունակ առանց բաց մրցույթի տասը միլիոն դոլարի պատվեր են տվել «Այյունեթվորքս» ընկերությանը, որտեղ նրա ազգականը լուրջ ազդեցություն ունի («10 մլն դոլարի պատվեր` նախարարի հորեղբորորդու ընկերությանը», 2015, դեկտեմբեր 15). «Մեր օրենսդրությունը միայն փաստացին է ֆիքսում, այսինքն՝ եթե չկա, որ նրա մերձավոր ազգականը իրավական դրության բարելավում է ստացել, ուրեմն չկա շահերի բախում: Այս տեսակ ձևակերպմամբ շահերի բախում Հայաստանում երբևէ տեղի չի ունենա»: Ուրիշ խնդիր է, որ եթե Գագիկ Խաչատրյանի «բիզնեսները կամ նրա ազգակցականների մասնակցությամբ ընկերությունները պետական գնումներում միշտ շահած են դուրս գալիս, այստեղ բնականաբար պիտի լինի այն ողջամիտ կասկածը և մեկնաբանվի, որ նա կարող էր օգտագործել պաշտոնական դիրքը»:

Ո՞վ և ինչո՞ւ չի արտահայտում «ողջամիտ կասկածը»՝ մեդիայում երբեմն նույնիսկ չի հնչում այս հարցը. ակնհայտ է, որ իրավապահ մարմինները, վերահսկող կառույցները աչք են փակում բարձրաստիճան պաշտոնյաների հարստացման վրա, ինչը կոռուպցիոն երևույթները դարձնում է համակարգային։ Պատահական չէ, որ, ըստ մեդիայի, կապի ոլորտում գերակա դիրքի ձգտող նախկին ՊԵԿ նախագահը նպաստում է ուրիշ ոլորտի՝ շաքարավազի ներկրման մենաշնորհին տիրապետող Սամվել Ալեքսանյանի բիզնեսներին. «ՀԴՄ ժապավենների համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված «Ալեքսերվ» ընկերությունն առաջիկա 3 տարիներին լինելու է Հայաստանում ՀԴՄ-ների թղթի միակ մատակարարը: Ուշագրավ է, որ, չգիտես ինչու, այս ընկերությունը դարձել է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) «աչքի լույսը»: Կոմիտեն «Ալեքսերվին» անվարձահատույց տարածքներ է տրամադրել հարկայինի բոլոր 35 ստորաբաժանումներում» («Պետեկամուտների կոմիտեն սիրում է «Ալեքսերվին» , «Առավոտ», 2009, հունվարի 17)։ Նույնիսկ այս բարեգործությունը թե այլասիրությունը բացատրելի կլիներ, եթե չպարզվեր, որ… «հարկային ծառայության 35 տեսչություններից միայն 10-15-ն են սեփական շենքերում, իսկ մնացած մոտ 20 տեսչություններն իրենք են տարածք վարձակալում»։

«Մենաշնորհային կոռուպցիան», հովանավորչությունը, կլանայնությունը, ըստ մեդիայի ժամանակացույցի, արմատավորվում են 90-ականների վերջին և բավական արագ համակարգային դառնում։ Եթե 1999-ին լրագրող Թաթուլ Հակոբյանը, լինելով առաջիններից մեկը, ահազանգում ապագա խոշոր մենաշնորհատիրոջ՝ Միկա Բաղդասարովի մասին («Միկա Արմենիան» շուրջ երկու ամիս հացարտադրության բնագավառում կդառնա մոնոպոլիա», «Երկիր», 1999, հունվարի 28), ապա 2011-ին դժվար է գտնել ոլորտ, որտեղ կոռուպցիան չկա։

Դա է վկայում «Հայկական ժամանակի» «Սարգսյանի եւ Քոչարյանի բիզնես բուրգերը» հրապարակումը («Հայկական ժամանակ», 2011, սեպտեմբերի 15), որը հանրությանը ներկայացնում է ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մարի Յովանովիչի գնահատականը, ըստ «Վիկիլիքսից» քաղված նրա զեկուցագրի. «Ընդհանուր առմամբ գրեթե բոլոր շահութաբեր ճյուղերը եւ ձեռնարկությունները բաժանված են երկու գլխավոր քաղաքական/տնտեսական բուրգերի միջեւ. մեկը գլխավորվում է նախագահ Սերժ Սարգսյանի, իսկ մյուսը՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Ինչ-որ չափով առանձնանալով Քոչարյանի բուրգից՝ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանն այժմ գլխավորում է հնարավոր բիզնես նախաձեռնությունների երրորդ գլխավոր ճյուղը»:

Այս ամենից հետո բնական է թվում տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի եզրակացությունը, թե՝ «մոնոպոլիաները համառորեն ու հետեւողականորեն քայքայում Հայաստանի տնտեսությունը» («Հայկական ժամանակ», 2015, դեկտեմբերի 24)։ Նա բերում է բենզինի օրինակը. «Բենզինը Հայաստան է գալիս Ռուսաստանից: ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրով ՌԴ-ն մեզ բենզինի քվոտա է տրամադրել: Դա նշանակում է, որ այդ քվոտայի սահմաններում Հայաստանը կարող է էժան բենզին գնել ՌԴ-ից: Էժա՞ն… Մոսկվայում երեկվա դրությամբ մեկ լիտր բենզինի մանրածախ գինը եղել է 33 ռուբլի 87 կոպեկ, կամ 230 դրամ», Հայաստանից 2,3 անգամ թանկ։

2000-երի մեդիան հեղեղված է «բուրգերի» անդամների «համագործակցության» պատմություններով։ «Չորրորդ իշխանությունը», դիցուք, նկարագրել է էլիտար շենքերի կառուցման արշալույսը. «Մինչեւ Արմեն Գեւորգյանի թեւի տակ մտնելը, Ս. Մայրապետյանն արդեն որոշել էր բնակշինարարությամբ զբաղվել եւ այդ ժամանակ արդեն պետական կոնսերվատորիայի ռեկտոր Արմեն Սմբատյանի հետ պայմանավորվածության արդյունքում կոնսերվատորիայի տարածքում հողակտոր ստացավ եւ Բայրոնի փողոցում կառուցեց Երեւանում առաջին էլիտար շենքը» («Միշտ պատրաստ», «Չորրորդ իշխանություն», 2005, փետրվարի 25):

Արմեն Սմբատյանի անունը հետագայում՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան աշխատելու տարիներին, կապվում է ավտոմեքենաների բազմաթիվ դիվանագիտական համարներ վաճառելու («Дорогой Полад»-ի մոսկովյան բարեկամը», «Հրապարակ», 2016, մայիսի 28), Պետական հուշարձան հանդիսացող «ԱՕԿՍ»-ի շենքից տարածքներ յուրացնելու («Արմեն Սմբատյանը եւ Հասմիկ Պողոսյանը յուրացրել են պետական հուշարձանը», 2015, սեպտեմբերի 28), իսկ Արմեն Գեւորգյանի ու Սամվել Մայրապետյանի անունները՝ շինարարական այլևայլ կասկածելի գործարքների մասին մեդիա-սկանդալների հետ։

Արդյո՞ք այս հոդվածների արդյունքում հատուցվել է որևէ վնաս, որ, ըստ մեդիայի, հասցվել է պետությանը, կամ պատժվել են կոռուպցիոներները։ Ոչ, հոդվածում նշված անձինք շարունակել են պաշտոնավարել, երբեմն էլ առաջխաղացում են ունեցել։

Չնայած այս պատկերին, տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը բոլորովին ապարդյուն չի համարում մեդիայի հակամենաշնորհային պայքարը։

Իսկ թե ընդհանուր առմամբ մեդիան ինչ հաջողությունների է հասել կոռուպցիան լուսաբանելիս, որտեղ և ինչու է ձախողվել՝ ընդհուպ մինչև ինքն էլ կոռուպցիայի գործիք և համակարգի բաղադրիչ դառնալը, կներկայացվի հոդվածաշարի ամփոփման մեջ։

Հոդվածաշարի սկիզբը՝ այստեղ  

Վահրամ Մարտիրոսյան,
ՄՆԿ «Լրատուն» մեդիա-թանգարան նախագծի ղեկավար
Կոլաժը՝ Նորայր Այվազյանի

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *