2017.09.20,

Քննադատ

Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի. առաջին մենաշնորհները՝ կապ

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան
facebook

Գրող, կինոդրամատուրգ

«Մեդիամարտը» խաղ է, որ ստեղծվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) կողմից, լրագրությամբ հետաքրքրվողների համար։ Անկախ Հայաստանի մեդիան արդեն ավելի քան քառորդ դարի պատմություն ունի, բայց կոռուպցիայի լուսաբանումը, կոռուպցիայի դեմ նրա պայքարը ավելի շատ դեռ խաղի է նման, գոնե արդյունավետության տեսանկյունից։

Առաջին մենաշնորհները՝ կապ

Հեռախոսակապը տնտեսության ամենաշահութաբեր ոլորտներից է։ Ամբողջ աշխարհում։

Բայց ՍՍՀՄ-ում, Սովետական Հայաստանում տարիներ էր տևում, մինչև հերթագրված մարդկանց տները «հեռախոս քաշեին», մանավանդ եթե «մաղարիչ» կամ կաշառք չէր տրվում։

Ի վերջո, 80-ականների երկրորդ կեսին բնակչության մեծ մասը օգտվում էր այդ ծառայությունից, բայց ՍՍՀՄ-ը փլուզվեց, ի թիվս ուրիշ պատճառների՝ նաև տնտեսության անեկամտաբերության, վատ կառավարման արդյունքում։

Նորանկախ Հայաստանում հեռախոսակապի մասնավորեցումը առաջիններից էր զանգվածային սեփականաշնորհման գործընթացում, որը նաև 90-ականների կոռուպցիոն խոշոր սկանդալներից մեկը դարձավ։

Թեման ՄՆԿ «Լրատուն» նախագծի առաջարկով ներկայացրել է մինչև 1998 թվականի իշխանափոխությունը ընդդիմադիր ճամբարի գործիչ Մովսես Արիստակեսյանը, որը եղել է «ԱրմենՏել» ՓԲԸ հիմնադրման, սեփականաշնորհման և գործունեության օրինականությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անդամ (նախագահ, ԱԺՄ կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Վարդանյան)։

Մեդիան 90-ականների սկզբից անդրադարձել է հեռախոսակապի վատ որակին, բայց վերլուծական բնույթի նյութերը սակավաթիվ են և հայտնվել են ավելի ուշ, երբ Ազգային ժողովը վերոհիշյալ հանձնաժողովը ստեղծեց։

90-ականների վերջից «Ա1+»-ը, «Ար»-ը թեժ թեմաները պահում են ուշադրության կենտրոնում, ներգրավում փորձագետների, ներկայացնում հակադիր տեսակետներ։

Կուսակցական կամ կուսակցամետ մամուլում նյութերը հիմնականում երկու կարգի են. մինչև 1998 թ. իշխանափոխությունն ընդդիմության ճամբարում գտնվող ուժերի մեդիան «ԱրմենՏելի» գործարքի համար մեղադրում է առաջին նախագահի թիմին, իսկ պահի ընդդիմադիրները՝ գործող իշխանությանը, որն արդեն գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը։

Նախկին ընդդիմադիրների հիմնական մեղադրանքը, որ հնչում է ԱԺ-ում և մեդիայում, պետության մենաշնորհը զիջելն է։

«Ամենամեծ ու կոպիտ սխալը, որ ժամանակին թույլ տվեց ՀՀ կառավարությունը… մենաշնորհը մեկ կազմակերպության տալն էր» («Արմենթելը լուրջ հիմնահարցերի առաջ է կանգնած», «Երկիր», 1999, հունվարի 13): Սա ՀՅԴ ԳՄ տնտեսական հանձնաժողովի ղեկավար Թաթուլ Մանասերյանի կարծիքն է։

Նույն հարցազրույցում նա հայտարարում է, որ «միջազգային պրակտիկայում երբեք չեք նկատի, որ հարևանը հարևանին զանգելու համար պետք է վճար մուծի»։ (Ցավոք, Մանասերյանը չի մանրամասնել, թե որն է «հարևան» հասկացությունը տնտեսագիտության մեջ, և որ երկրում, որ «միջազգային պրակտիկայում» են մարդիկ անվճար օգտվում հեռախոսից. այդպիսի «պրակտիկա» հազիվ թե գոյություն ունի, ինչը անշուշտ չի նպաստել, որ լուրջ ընդունվի սեփականաշնորհման բուն գործարքի քննադատությունը)։

«Առավոտ» օրաթերթը, որն այս ժամանակամիջոցում ավելի բարյացակամ է նախորդ իշխանության հանդեպ, կասկածում է ստեղծված հանձնաժողովի արհեստավարժությանը, որի ամփոփիչ փաստաթղթերը որևէ բացահայտմամբ չեն ցնցել հասարակությանը («Ուրիշի պատասխանը ուրիշի պատասխանատվություն է», 1999, դեկտեմբերի 12)։

Նույն թերթը հարցազրույց է հրապարկել Գրիգոր Պողպատյանի հետ, որտեղ ՀՀ կապի նախկին նախարարը հիշեցնում է տնտեսական աղետի իրավիճակը. «92-94 թթ. վտանգված էր հեռախոսակապի գործունեությունը երկրում։ Համակարգը՝ սյուներ, կաբելներ, թալանվում էր։ […] Եթե այդ տարիներին մենք ակտիվ քայլեր չձեռնարկեինք, ապա այսօր սակագնի հարց չէր բարձրանա։ Չէր լինի հեռախոս, որ սակագին բարձրացվեր» («Ինչից է սկսվում ղալմաղալը»

Հարցազրույցի հեղինակ Արա Գալոյանը բավականաչափ ուսումնասիրել է փաստաթղթերը, որպեսզի նկատեր որոշ արտասովոր մանրամասներ.

Ժամանակի մամուլից հայտնի է դառնում, որ Քոչարյանի նշանակած վարչապետ Արմեն Դարբինյանը զգուշացնում է Ազգային ժողովին, որ պետք է ձեռնպահ մնալ «Արմենտելի» գործարքի դեմ կտրուկ գործողություններից։

Ընդ որում, նա ոչ այնքան արդարացնում էր գործարքը, որքան փաստացի սպառնում էր ընդդիմախոսներին, որ եթե շարունակեն բողոքել, կվերանայվեն սեփականաշնորհման այլ անհաջող դեպքեր, որոնցում հավանաբար նրանք ինչ-ինչ մեղքեր ունեն. «Եթե քաղաքական կամք եք դրսևորում, դրսևորե’ք մինչև վերջ» («Ազգ», 1999, փետրվարի 11)։

«Արմենտելը» սեփականաշնորհվել էր արտասահմանյան՝ հունական OTE ընկերությանը։

Ավելի ուշ «Չորրորդ իշխանություն» թերթը հարց է տալիս. «Հո պատահական չէ՞ր Քոչարյանը «Արմենտելի» վարձած առագաստանավով շրջագայում Էգեյան ծովում»  («Կոռուպցիայի «վոժդերը»՝ «Деньги пахнут» – «Փողը հոտ ունի» հոդվածաշար, 2007, հունվարի 19)։

Այսպիսի մի հոդվածը բավական էր, որպեսզի ժողովրդավարական ավանդույթներ ունեցող որևէ երկրում առնվազն խորհրդարանական լսումներ նախաձեռնվեին գործող նախագահի կոռուպցիոն շահագրգռության թեմայով, բայց այն մնում է արնարձագանք, բազմաթիվ ուրիշ սուր հրապարակումների նման։

«ԱրմենՏել» ընկերության ձայնը նույնպես չի անտեսվել մեդիայի կողմից։

Քարտոֆոնների «մի մասն արդեն ջարդուփշուր է արված։ 60 տոկոսի ապակեպատ խցիկները կոտրված են»՝ բողոքում են հունական ընկերության ներկայացուցիչները («ԱՐՄԵՆՏԵԼԸ» շարունակում է հավաստիացնել. Արմենտել-կառավարություն ներդրումային հարցեր», «Հայոց աշխարհ», 2000, ապրիլի 22)։

Տհաճ է կարդալ կենցաղային վանդալիզմի այս զանգվածային դրսևորումների մասին, որոնք կարծես թե ժամանակի հետ նվազել են, բայց արդյո՞ք ազնիվ է եղել «ԱրմենՏելը»՝ ինքը, ՀՀ քաղաքացիների նկատմամբ։

Նույն թերթից տեղեկանում ենք, որ միջազգային դատարանի որոշմամբ «Լոնդոնի արբիտրաժային դատարանը վերջերս վճռեց պարտավորեցնել «ԱրմենՏելին» հայկական կողմին վճարել բաժնետոմսերի վաճառքի ժամանակ առաջացած շահութահարկը» (2,7 միլիոն դոլար. «Ուղևորափոխադրումները 5-6 անգամ պակասել են. Հարցազրույց տրանսպորտի և կապի նախարար Էդուարդ Մադաթյանի հետ», «Հայոց աշխարհ», 2000, հուլիսի 13)։

«ԱրմենՏելի» գործունեության հետագա մեդիա-անդրադարձների մասին պատկերացում կազմելու համար արժե դիտել «ԱԼՄ» հեռուստաընկերության հաղորդումներից մեկից արված «ծաղկաքաղը»։

Այն ցույց է տալիս, թե՛ հասարակության վերաբերմունքը, թե՛ լրագրողական չափանիշների աղետալի անկումը, որ տեղի է ունեցել հեռուստատեսային դաշտում «Ա1+»-ի փակումից, «Ար»-ի մեկնարկային թիմի հեռացումից հետո։

Ինչ վերաբերում է վերը նշված ժամանակավոր հանձնաժողովին, ապա 200 էջանոց գործը ոչ միայն վարչական կամ իրավական էական հետևանքներ չունեցավ, այլև հանձնաժողովի նախագահ Դավիթ Վարդանյանը, նշանակվելով պետական գույքի կառավարման նախարար, երբևէ, գոնե մեդիայի միջոցով, չփորձեց օգտագործել կառավարության անդամի իր դիրքը (2000-2003 թթ.) աղմկալի բացահայտումների մասին հայտարարությունները տրամաբանական վախճանի հասցնելու համար։

Իսկ «ԱրմենՏելի» կոռուպցիոն սկանդալը չօգնեց տնտեսության ապամենաշնորհայնացմանը:

Ընդհակառակը, հովանավորչության արատավոր փորձը, տարածվելով, մի օր բումերանգի նման հարվածեց նաև այդ կազմակերպությանը.

«Համաձայն համատարած շրջող լուրերի` Յուքոմ ՍՊԸ-ի բաժնեմասերի մի զգալի մասը տնօրինում են ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքի անդամները կամ մերձավորները:

Այսինքն` Գագիկ Խաչատրյանը, իր ղեկավարության տարիներին աստիճանաբար դուրս մղելով ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի ֆիքսված հեռախոսակապի օպերատոր և ինտերնետ ծառայություններ մատուցող ԱրմենՏել ընկերությանը և… անպատշաճ ձևով հարստացնելով իրեն և իր մերձավորներին». («Մոռացել է, որ պետական պաշտոնյա է», «Հայկական ժամանակ», 2012, սեպտեմբերի 25)։

(Շարունակելի)

Հոդվածաշարի սկիզբը՝ այստեղ  

Վահրամ Մարտիրոսյան,
ՄՆԿ «Լրատուն» մեդիա-թանգարան նախագծի ղեկավար
Կոլաժը՝ Նորայր Այվազյանի

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *