2017.07.28,

Քննադատ

Խոսնակները որպես խոսքի ազատության կղզիներ

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Պետական մարմինների կամ պետական ֆինանսավորում ունեցող միավորների փոխհարաբերությունները լրատվամիջոցների հետ լավ առիթ են՝ տվյալ երկրի մասին պատկերացում կազմելու համար:

Երբ պետությունը կայուն ու հավասարակշռված քաղաքական կուրս ունի, մեդիայի հետ շփումը կառուցվում է ոչ թե սիրո/ատելության փաստի (դա ընդամենը ներքին, ենթագիտակցական ընկալում է), այլ` առնվազն զգաստ ու զգոն լինելու պատրաստակամության վրա: Պետությունն է զգաստանում մեդիայից, և ոչ՝ հակառակը:

Իսկ լրատվական դաշտի հանդեպ քամահրական վերաբերմունքը ախտանիշ է, որ պետական ատյանները կորցրել են զգոնության բնազդն ու այլևս կամուրջ չեն՝ պետության ու հանրության միջև: Կղզիներ են: Պետությունն էլ է կղզի:

Ընդհանրապես կղզիացումը ժամանակակից Հայաստանի ցավալի իրականությունն է: Այն, ինչը կղզիանում է, դանդաղորեն վերածվում է ճահճի: Անգամ, եթե այդ կղզիները տեղակայված են սոցցանցերի փակ խմբերում կամ անձնական զրուցարաններում:

Եվ երբ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Հրապարակի» լրագրող Վահե Մակարյանին ասաց, թե այսուհետ միայն գրավոր է պատասխանելու թերթի հարցերին, քանի որ լրագրողն իր դեմ հոդված է գրել, հարց առաջացավ, թե որն է ընդհանրապես խոսնակների դերը և որքանով է այդ դերը նպաստում պետական կառույցների լճացմանն ու հետագա անկասելի ճահճացմանը:

Այս դեպքը կարող էր դիտարկվել որպես փոքր դրվագ, եթե հետագայում արտահոսք տեղի չունենար «Մամուլի խոսնակներ հայոց» ֆեյսբուքյան փակ խմբից, որտեղ քննարկվել ու մեկնաբանվել են ոչ միայն կոնկրետ ատյանի ու լրագրողի շփման հեռանկարները, այլև ընդհանրապես գերատեսչությունների խոսնակների դիրքորոշումը:

Ֆեյսբուքից հայտնի դարձավ, որ խոսնակները լրագրողներին կարող են գցել սև ցուցակներ, ցուցադրաբար չնկատել, ձգձգել տեղեկատվության տրամադրումը, ինչից ըստ մի խոսնակի՝ լրագրողները «ընկնավորվում են»:

Իհարկե, սոցցանցում արված մեկնաբանությունները կիսապաշտոնական-կիսախոսակցական ոճի են, բայց դրանք կարևոր են հասկանալու համար, թե ինչպես են պետական (և միաժամանակ՝ հայոց) կառույցների խոսնակները ընկալում հանրային կապերը: Ի վերջո, նրանք այդ կապերի պատասխանատուներն են:

Եթե այդ կապերը թուլանում են ու անթաքույց արհամարհական դառնում, արդեն ծագում է բոլորովին այլ պատասխանատվության պահանջ: Այդ պահանջը միայն վերացական «հայոց» բառով չի բնութագրվում, դա ավելի հողեղեն ու տրամաբանական պահանջ է:

Ընդունենք, որ ոչ ոք չի կարող գտնվել անձի երկատվածության այն մակարդակում (եթե դա չի ապացուցվում հոգեվերլուծաբանի ախտորոշմամբ), որ ցանցում ասի մի բան, իր շեֆին՝ այլ բան, իսկ հանրությանը բոլորովին՝ այլ:

Դրան գումարած էլ՝ սոցցանցերի փակ խմբերը ընկալի որպես պարսպապատված տարածք, որտեղ կանոններ չկան:

Կանոններ կան, և ցանկացած տեղեկատվության բաց ու թափանցիկ շրջանառություն օգնում է հղկել դրանք: Օրինակ, արտահոսքը:

Արտահոսքի մաքրագործող ազդեցությունը  

«Մամուլի խոսնակներ հայոց» խմբի այն անդամները, որոնք ներգրավվել էին այս զրույցի մեջ ու միմյանց խորհուրդ տվել «նյարդեր սղոցող» լրագրողներին սև ցուցակներ գցել, հանդես եկան մեկնաբանություններով: Հիմնական միտքն այն էր, որ «ներմասնագիտական նման քննարկումները» նորմալ երևույթ են, խնդիրն այն է, որ դա արվել է փակ խմբում, և գրառումները հանրայնացնել չէր կարելի:

Մոլորություն է համարել, որ սոցիալական մեդիան, և մասնավորապես Ֆեյսբուքը, կարելի է համարել մասնավոր և հատկապես՝ անձնական տարածք, որտեղ «փակ» բառը հավասարազոր է «անձնական գրագրության»:

Ցանցը հանրային է իր էությամբ, ներառյալ՝ փակ խմբերը:

Իսկ ցանկացած արտահոսք ոչ միայն դա է ապացուցում, այլև այն, որ զգոն լինելը օգտակար է: Լավագույն լրագրողական հետաքննությունները (այսինքն նրանք, որոնք օգնել են մութ կետերի լուսավորմանը) տեղի են ունեցել արտահոսքի շնորհիվ:

Ինֆորմացիան մութ սենյակում պահելը երբեք հանրային շահերից չի բխել:

Որքանո՞վ է Ֆեյսբուքի փակ խումբը վահանի դեր կատարում

Սոցցանցերը հանրային տարածք են, և ցանկության դեպքում՝ բոլոր տեսակի ինֆորմացիան կարող է հասանելի դառնալ բոլոր տեսակի մարդկանց: Այդ մասին պետական կառույցների ու գերատեսչությունների խոսնակները պիտի որ իմանան, քանի որ հաճախ հենց սոցցանցերի միջոցով են պատասխանատու հայտարարություններ անում հանրության համար:

Եվ խոսքը ոչ միայն հայտարարությունների ու մտքերի բովանդակության, այլև լեզվի, ոճի ու ներքին խմբագրի մասին է: Եթե խոսնակի գրառումը փակ խմբում խիստ տարբերվում է պաշտոնական գրառումից, ուրեմն հանրությունը իրավունք ունի կասկածել թե՛ մեկին, թե՛ մյուսին:

«Փակ խումբ» պատրանքային անվանումը չի կարող լինել վահան, որը տարանջատում է երկու իրականությունները:

Վարքը սոցիալական մեդիայում հիմնված է այս պնդման վրա. «Միշտ ենթադրեք, որ ձեր բոլոր օնլայն գրառումները դառնալու են հանրային» (Assume everything you write online will become public):

Դա պարտադիր է ոչ միայն լրատվամիջոցների ու լրագրողների դեպքում, այլև  հաղորդակցության ու հանրային կապերի մասնագետներ դառնալ ցանկացող ուսանողների («Սոցիալական մեդիան ու օրենքը», Social Media and the Law):

Գունավոր ցուցակների առկայությունը

Իհարկե, այս պատմության կարևոր բացահայտումը սև ցուցակներն են:

Պարզ է, որ եթե լրագրողները հավատարամագրվում են որևէ կառույցի աշխատանքը լուսաբանելու նպատակով կամ էլ պահանջ են զգում ինֆորմացիա ստանալու պետական ատյաններից, նրանց պետք է հասանելի լինի տեղեկատվության այն հատվածն ու ծավալը, և այն ժամանակահատվածում, որը նշված, գրված ու վավերացված է օրենքներում, այլ ոչ թե՝ չգրված հասկացողության մակերեսում (ինչպես ընդունված է գողական աշխարհում):

Եվ եթե ըստ որոշ խոսնակների, իրոք, կա սև ցուցակ, ապա հանրությունը իրավունք ունի իմանալ այդ մասին (զուտ հետաքրքրությունից դրդված):

Իհարկե, տարբեր պետական կառույցների մամուլի խոսնակները (և ոչ միայն «հայոց»), կարող են փորձի փոխանակման կամ փորձի տարածման նպատակով լինել միասնական ու կուռ: Ասենք, ունենալ տարբեր գույների ընդհանուր ցուցակներ (և ոչ միայն սև ու սպիտակ, այլև կարմիր, կապույտ, նարնջագույն):

Բայց նման միասնական քաղաքականությունը ամեն վայրկյան փոփոխվող օրակարգի ու սոցցանցերի համատարած հասանելիության դեպքում, արդյունավետ չէ:

«Որևէ պարտավորություն չունեմ ամենօրյա ռեժիմում սուտը տարածողների համար օրենքով սահմանվածից ավելի ջանք ներդնեմ»,- ասել է ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

Նա թերևս նկատի ունի, որ սուտը տարբերակելու, մեկուսացնելու ու ստի դեմ պատժամիջոցներ կիրառելու գործառույթը ևս խոսնակների լիազորություններում է:

Ի վերջո, հանրային կապերը, որոնց ստեղծումը մեծ դեր է խաղում ցանկացած կազմակերպության վարկանշային սանդղակում (էլ՛ չասած պետության անունից խոսողների մասին) օդից չեն ծնվում ու հօդս չեն ցնդում: Կապերը կառուցվում են: Կտրելը ելք չէ:

Ու՞մ համար են աշխատում մամուլի խոսնակները

Այս հարցն, իրականում, ամենաարդիականն է: Գերատեսչություններն ու պետական տարբեր կառույցները սովորաբար բաց ու թափանցիկ չեն մեդիայի առջև: Ավելի շուտ՝ պաշտպանվում են մեդիայից:

Իսկ մամուլի խոսանակներն ավելի հաճախ ոչ թե կամուրջի դեր են կատարում՝ հանրության ու մեդիայի միջև, այլ ընկալում են իրենց դերը որպես պահապանի, որոնք ամեն ինչ անում են, որ իրենց ղեկավարները չանհանգստանան՝ լսելով լրագրողների ոչ հաճո հարցերը:

Ըստ «Տեղեկատվության ազատության մասին օրենքի»՝ տեղեկատվության ազատությունը իրականացվում է հետևյալ կերպ. դիմում ես տեղեկատվության տնօրինողին ու ստանում ես:

Խոսնակները օգնում են դա կազմակերպել հեշտ ու արագ: Եվ ոչ ավելին:

Նունե Հախվերդյան

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *