2017.07.26,

Քննադատ

Ամենապահանջվածը՝ չպահանջվածներից

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան
facebook

Լրագրող

Աշխատանքի բերումով շատ լրագրողների եմ ճանաչում, ու որպես կանոն, պրոֆեսիոնալ, հետաքրքիր լրագրողները մասնագիտությամբ ֆիզիկոսներ էին, արևելագետներ, թատերագետներ, բանասերներ, երաժիշտներ և «անգամ մի կին ատամնատեխնիկ»: Եթե անկեղծ՝ չեմ հիշում հենց լրագրության բաժինն ավարտած լրագրողի: Հնարավոր է՝ կան, պարզապես համագործակցելու առիթներ չեն եղել:

Գրում եմ այս մասին, քանի որ  ԵՊՀ լրագրության ֆակուլտետի ընդունելության քննությունների հետ կապ ունեցող աշխատակիցներից մեկը (անձը չհրապարակայնացնելու խնդրանքով) պատմեց, թե իրենց ֆակուլտետում այս տարի տեղերն ավելի շատ էին, քան դիմորդները, և  ներքին կարգով քննական հանձնաժողովներին պայման է ներկայացվել՝ դիմորդին անբավարար նշանակել ծայրահեղ դեպքում (մեր տեղեկություններով նման հրահանգ եղել է բոլոր ֆակուլտետներում):

Այսինքն՝ լրագրության բաժին ընդունում են բոլոր դիմորդներին, որոնք տառաճանաչ են և վճարունակ: Մի քանի տարի համալսարանում անցկացնելուց հետո նրանք «կգործուղվեն» լրատվամիջոցներ:

Ընդունելության քննություններն արդեն ավարտվել են, արդյունքները հայտնի են, և հետաքրքիր է հասկանալ՝ որքանո՞վ էին հիմնավոր վերոնշյալ տեղեկությունները:  

Եվ նաև՝ լրագրությունն՝ իբրև մասնագիտություն, ինչու՞ է այնքան անհետաքրքիր թվում, որ դեռ թափուր տեղեր են մնում:  

Ահա պաշտոնական տվյալները. 2017-ին ընդունելության միասնական քննություններին մասնակցել է 9 737 դիմորդ: Նախորդ տարվա համեմատությամբ, ըստ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանի,  դիմորդների թիվը 1500-ով պակաս է:

ԵՊՀ լրագրության ամբիոնի վարիչ Նաղաշ Մարտիրոսյանի տվյալներով՝ լրագրության ֆակուլտետի 75 տեղի համար դիմել է 79 դիմորդ:

Սակայն ընդունելության քննություններով հարցը չի սահմափակվում: ԵՊՀ թափուր տեղերի մրցույթի հայտարարությանը ծանոթանալուց հետո լրագրության ապագայի մասին լոկալ անհանգստությունը վերածեց լուրջ տագնապի:

Ըստ վերոնշյալ աղյուսակի՝ այս ֆակուլտետում թափուր 6 տեղ կա (բոլորն էլ վճարովի համակարգում, ուսման վարձը՝ 430 000 դրամ): Սակայն համեմատած ԵՊՀ մյուս ֆակուլտետների թափուր տեղերի հետ՝ լրագրությունը  կարելի է  դասել ամենապահանջված, անգամ՝ էլիտար մասնագիտությունների թվին, ընդ որում՝ առանց չակերտների:

Դատեք ինքներդ.

  • ֆիզիկա. առաջարկվող 50 տեղից թափուր է 47-ը,
  • քիմիա` 24 տեղ` 26-ից,
  • ֆարմացիա` 33 տեղ` 68-ից,
  • կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա` 30 տեղ` 33-ից,
  • սերվիս` 55 տեղ` 125-ից,
  • տնտեսագիտություն` 80` 130-ից,
  • հայոց լեզու և գրականություն` 31 տեղ` 120-ից,
  • միջմշակութային հաղորդակցություն, ռուսաց լեզու` 40 տեղ` 40ից,
  • անգլերեն լեզու և գրականություն` 52 տեղ` 135-ից,
  • աստվածաբանություն` 38 տեղ` 45-ից,
  • եկեղեցաբանություն` 25 տեղ` 25-ից:

Եթե վճարովի տեղերի համար անցողիկ շեմը մշտապես բարձր է, ապա անվճար տեղերի համար, մասնավորապես, այս տարի, անցողիկ շեմն իջել է:

Նախորդ տարի անվճար տեղերի համար անցողիկ միավորը 55,75-ն էր, վճարովի տեղերի համար՝ 34,50-ը: Այս տարի, համապատասխանաբար, 56,25 և 29,25:

Սա վատ ցուցանիշ չէ, եթե համեմատենք, դիցուք, 2010-ի արդյունքների հետ, երբ  ԵՊՀ լրագրության ֆակուլտետում անցողիկ միավորը 43,25-ն էր (անվճար) և 24-ը (վճարովի):

Նաղաշ Մարտիրոսյանը լրագրության ֆակուլտետի հանդեպ ուսանողների հետաքրքրության պակասը հիմնավորեց ոչ միայն դիմորդների թվի կրճատումով կամ մասնագիտության հանդեպ հետաքրքրության պակասով: Հակառակը.

«Լրագրությունն ամենապահանջված, ամենավաճառվող մասնագիտություններից է, հետևաբար լրագրության ֆակուլտետներ են բացվում տարբեր բուհերում, կան տարաբնույթ լրագրողական դպրոցներ, լրագրության բաժին կա անգամ պտուղ-բանջարեղենի խանութներում»:

Մյուս կողմից, կարելի է նաև այլ եզրակացություն անել. լրագրության ֆակուլտետի որակը կամ ուսանողների սովորելու ցանկությունը չի գոհացնում գործատուներին: Նրանք էլ զանազան լրագրողական դպրոցներ են բացում՝ ցանկալի որակ ստանալու և իրենց անձնակազմն իրենց պատրաստած կադրերով համալրելու նպատակով:

Ի տարբերություն լավ ֆիզիկոսի, քիմիկոսի կամ երկրաբանի՝ Հայաստանում լավ լրագրողն, ինչպես ասում են, քաղցած չի մնա: Աշխատանքի շուկան ունի առաջարկներ:

Պարզապես, դատելով ԵՊՀ լրագրության ֆակուլտետի ընդունելության քննությունների ադյունքներից, կարող ենք եզրակացնել, որ լրագրողի համար դեպի աշխատանք տանող ճանապարհը միշտ չէ, որ անցնում է լրագրության ֆակուլտետով:  

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *