2017.07.20,

Քննադատ

Պայթեցնելով փիսիկով աղջկան քառակուսու մեջ

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Շվեդ կինոռեժիսոր Ռուբեն Էսթլունդի «Քառակուսի» («The Square») ֆիլմը, որը արժանացավ այս տարվա Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին ու ցուցադրվեց նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պրեմիերաների շարքում, իր էությամբ պրովոկացիոն երգիծանք է, որը պտտվում է մարդու, հումանիստական գաղափարների, մեդիա հնարքների ու ժամանակակից արվեստի շուրջ:

Այդ բոլոր պտույտները սրամտորեն կապվում են քառակուսու գաղափարի հետ, որը թե՛ հրապարակ է, թե՛ արվեստի ինստալյացիա, թե՛ Յություբի բացված էկրան, թե՛ շրջանակված երկրաչափական պատրանք: Մի խոսքով՝ դա այն այլաբանությունն է, որը ուրախ ու մտահոգիչ է միաժամանակ:

Գլխավոր հերոսը Ստոկհոլմի ժամանակակից արվեստի թանգարանի համադրող Քրիստիանն է, որը կրում է գեղեցիկ կոստյումներ, վարում է էկոլոգիապես մաքուր Տեսլա ավտոմեքենա, ունի երկու դուստր ու շատ համբերատար հայր է, սիրում է իր թանգարանն ու փորձում ժամանակակից արվեստը ժամանակակից ցանցային միջավայրում ներկայացնելու գործուն միջոցներ գտնել:

Եվ հենց ֆիլմի սկզբում մարդաշատ հրապարակից նրանից գողանում են հեռախոսն ու դրամապանակը: Դրամապանակը դեռ ոչինչ, կարևորը հեռախոսն է, որը այսօրվա մարդու համար մի ողջ աշխարհ է:

Հեռախոսի շուրջ էր կառուցված Ռուբեն Էսթլունդի մեկ այլ՝ «Ֆորս մաժոր» ֆիլմը, որի հերոսը ձնահյուսքի ժամանակ առաջին հերթին իր այֆոնն է փրկում, ոչ թե կնոջն ու երեխաներին: Դա ստացվում է այնքան բնազդաբար, որ անգամ երկընտրանքի ժամանակ չի թողնում:

«Քառակուսի» ֆիլմը այսօրվա մարդու ու միջավայրի սյուրռեալիստական դրվագապատում է, ներկայացված երբեմն նուրբ, երբեմն էլ կոպիտ հումորով: Բայց բոլոր դեպքերում դա ֆիլմ է, որտեղ ժամանակակից եվրոպացին (բարեկեցիկ, գեղեցիկ, կրթված, առանց բարդույթների, ընկղմված միջավայրի մեջ մեդիա պրոֆեսիոնալ) փորձում է իրեն սոցիումի մասնիկը զգալ: Եվ ոչ միայն զգալ, այլև իրականում լինել:

Դա այն ցանկությունն ու մղումն է, որը հաճախ է դառնում ժամանակակից արվեստի (contemporary art) թեմա և հետո որպես սադրանք ու միջամտություն ստիպում հանդիսատեսին դառնալ արվեստի գործի անմիջական մասնակիցը, այլ ոչ թե սոսկ դիտողն ու ըմբոշխնողը:

Ռուբեն Էսթլունդի համար ժամանակակից կոնֆորմիզմն ու մեդիան (արվեստն էլ որպես մեդիա) հետազոտելու ու հեգնելու առիթ են:

Քրիստիանը ձեռնարկում է արվեստի նախագիծ «Քառակուսի» անվանումով, առանձնացնելով մի փոքր ու շատ կոնկրետ տարածք, որտեղ ցանկացած ոք կարող է մուտք գործել ու հանրօգուտ մի բան անել: Թեկուզ ընդունել, որ այդ տարածքում ինքը պարտավորվում է հարգել մյուսներին ու պատրաստ է հոգ տանել նրանց մասին:

Ասենք, ցույց տալ, որ վստահում է շրջապատին՝ հատակին գծված քառակուսու մեջ թողնելով իր հեռախոսն ու դրամապանակը…

Շրջանակված հումանիստական տարածքը իրականում չի համալրվում: Մնում է արհեստականորեն ուրվագծված դատարկ մի մակերես:

Այդ նախագծի առաջխաղացման համար թանգարանը դիմում է անվախ փիառ մասնագետների, որոնք Յություբում տեղադրում են գովազդային հոլովակ ու ահռելի քանակի դիտումներ ապահովում:

Ցանցային կանոնների համաձայն՝ հոլովակի հերոսուհին փոքր աղջիկ է (անպայման՝ շիկահեր), ձեռքին՝ փիսիկ (դիտումներ ապահովող թրենդային կենդանի): Աղջիկը մուտք է գործում քառակուսի ու պայթում՝ փիսիկով հանդերձ: Արդյունքում՝ հազարավոր մարդիկ հետաքրքրվում են թանգարանով, իսկ թանգարանը ստիպված է ասուլիս հրավիրել ու բացատրություն տալ թույլ տրված էթիկական խախտման համար:

Իրական կյանքն ինքնին կարծես արվեստի նախագիծ է, տոտալ շոու, որտեղ բոլորը համամասնակից են ու շղթայված մեկը մյուսի որոշումներով: Երբ, օրինակ, Քրիստիանը հավելվածի շնորհիվ գտնում է իր հեռախոսի վայրը, նա շենքի բոլոր բնակարանների փոստարկղեր է նետում մի նամակ, որտեղ գրված է. «Ես գիտեմ, որ դու ես գողացել իմ հեռախոսը»: Այդ նամակի արդյունքը աղետալի է …

Հումորով ներծծված այս ֆիլմում ամեն մի դրվագ անեկդոտիկ կառուցվածք ունի:

Ինտելեկտուալ զրույցը արվեստի մասին ընդհատվում է պարբերաբար հնչող հայհոյանքներով, համադրողը չի կարողանում լրագրողին բացատրել իր իսկ գրած տեքստի իմաստը:

Թանգարանի ավազե ցուցանմուշներից մեկը հավաքարարը անգիտակցորեն փոշեծծում է, և աշխատակիցները ստիպված են փողոցից ավազի նոր զանգված բերել ու ամբողջացնել գաղափարը:

Ամերիկուհի լրագրողի ու Քրիստիանի սիրային արկածն էլ այնքան թատերային ու նյարդային է (մարդիկ վիճում են, իսկ կողքի պատին ինստալյացիա են հավաքում), որ դադարում է լինել թե՛ սիրային, թե՛ արկածային: Բեռ է դառնում:

Իհարկե, ամենատպավորիչ դրվագը պաշտոնական ճաշկերույթն է, երբ երեկոյան զգեստներով ու բյուրեղապակյա սպասքերով ճաշող վերնախավը մասնակցում է մարդ-կապիկ պերֆորմանսին (սա ուղիղ հղում է Օլեգ Կուլիկի 1990-ականներին հայտնի շուն-մարդ ակցիայի, որի ընթացքում հեղինակն ինքն էր ցուցանմուշ ու քաոս արարող): Եվ գեղեցիկ հագնված ու հարդարված շվեդները ծեծի են ենթարկում մարդ-կապիկին, երբ նա ակնահայտորեն ներխուժում է իրենց կյանք:

Հանդուրժելու ու ագրեսիայի սահմանը շատ փխրուն է: Ընդհանրապես, բոլոր սահմաններն էլ շատ փխրուն են: Քառակուսու մեջ չի տեղավորվում ո՛չ հարմոնիան, ո՛չ քաոսը: Շատ արագ մեկը վերածվում է մյուսի: Եվ դա ընդունելու համար Ռուբեն Էսթլունդը դիմում է պարոդիայի: Ի վերջո, հեգնանքը միշտ հնարավորություն է ազատվելու կլիշեներից ու նորից դիպչելու կարևորին:

«Քառակուսի» ֆիլմը սադրում է հանդիսատեսին (ինչպես անում է լավ արվեստի գործը): Եվ կարևորն այն է, որ դա անում է հենց այսօր ապրող մարդու մտածողությամբ և այսօրվա սիմվոլներով: Արվեստը, սեքսը, մեդիան, աղմուկը, էթիկան ուղիղ համեմատական են հանրային ներդաշնակության որոնումների հետ:

Միևնույն է այդ որոնումները շարունակվելու են, թեև ցանկացած տեսակի հավասարություն ընդամենը պատրանք է (նույնիսկ բարեկեցիկ ու սոցիալապես ապահով Շվեդիայում):

Իրականությունն ավելի կենդանի է, քան արվեստը, բայց դա հասկանալու համար արվեստ է հարկավոր: Էքսցենտրիկ, բարդ ու հաշվարկված արվեստ:

Ինչպես, օրինակ, Մալևիչի «Սև քառակուսին», որն իր մեջ կլանում է ամեն ինչ: Այդ թվում նաև՝ փիսիկով պայթող շիկահեր աղջկան կամ թուխ մաշկով ներգաղթյալ տղային:

 

Նունե Հախվերդյան

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *