2017.07.14,

Քննադատ

Ռադիոուղերձը՝ իբրև քաղաքական գործիք

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան
facebook

Լրագրող

Ձայնը, պատկերը մոլորակի ցանկացած կետ հասցնելն, այն էլ՝ կենդանի ժամանակում, խնդիր չէ:

1940-ականներին ձայնը Հայաստանից աշխարհի որևէ անկյուն հասցնելու միակ և, ընդ որում, չափազանց բարդ ճանապարհը ռադիոն էր: Կոմկուսն էլ օգտագործում էր այդ ճանապարհը և Խորհրդային Հայաստանում ապրող արվեստագետների, գիտնականների ձայնով դիմում սփյուռքի հայկական գաղթօջախներին: Ավետիք Իսահակյանի, Երվանդ Քոչարի, Վահրամ Փափազյանի անձնական արխիվներում կան տեքստեր, որոնք այդպես էլ վերնագրված են՝ «Ռադիոուղերձ՝ սփյուռքահայությանը»:

Հանրային ռադիոյի մասին պատմող հոդվածում նշված է, որ Սփյուռքին ուղղված առաջին հաղորդումը հեռարձակվել է 1947 թ.-ին: Սակայն դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1940-1945) Հայաստանից ռադիոուղերձներով սփյուռքահայությանը կոչեր են ուղղվել: Այդ մասին մեզ հետ զրույցում պատմեց հանրային ռադիոյի արվեստի և գրականության բաժնի երբեմնի աշխատակից, ռադիոյի «հնաբնակ» Կլարա Թերզյանը:

Սփյուռքի հանդեպ տարվող խորհրդային քաղաքականությունն ուներ հստակ նպատակներ:

Նախ՝ պատերազմի ընթացքում ակնկալվում էր սփյուռքահայության նյութական աջակցությունը: Հայտնի է, որ հենց սփյուռքահայերի ջանքերով 1944 թ.-ին ստեղծվեց «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը՝ թվով 21 տանկ:  

Փարիզում լույս տեսնող «Ժողովուրդ» թերթը 1945թ. օգոստոսի 15-ի համարում տպագրել էր Ավետիք Իսահակյանի ռադիոուղերձի տեքստը՝ սփյուռքահայերին.

«Մենք գիտենք, որ ձեր հայրենաբաղձ հայացքներն ուղղված են Հայաստան: Հայ ժողովուրդն անձնվիրաբար մասնակցեց Հայրենական սրբազան պատերազմին՝ ընդդեմ ֆաշիզմի ու ռեակցիայի: Իր ավագ եղբոր՝ ռուս սխրագործ ժողովրդի կողքին կանգնած՝ նա կռվեց քաջի պես՝ պաշտպանելով մեծ հայրենիքն ու իր կուլտուրան: Սովետական մեծ միությունը հաղթանակեց: Հայաստանն այսօր ցնծության մեջ է և լցված է հավատով՝ մոտալուտ պայծառ ապագայի հանդեպ: Ֆաշիզմի ջախջախումով՝ ճնշված, ստրկացած ժողովուրդները ոտքի կանգնեցին: Հերոսական Կարմիր բանակն ազատագրեց ոտնահարված ժողովուրդներին»:  

Հայաստանից Սփյուռքին ուղղված կոչերի մյուս նպատակը արտասահմանում ապրող հայերի միջավայրում հայրենիք վերադառնալու տրամադրություն ստեղծելն էր: Ռադիոուղերձները Խորհրդային Հայաստանը հրապուրիչ ներկայացնելու արդյունավետ գործիքներից էին: 1946-1948 թթ. Սփյուռքից տեղի ունեցավ «Մեծ հայրենադարձություն» անվանումը ստացած ներգաղթը:

Տեխնիկապես ռադիոուղերձը կազմակերպելը չափազանց բարդ էր և աշխատատար: «Տեխնիկան 100 կգ կլիներ,-պատմում է Կլարա Թերզյանը:- Մեծ մեքենայով տեղափոխում էինք ձայնագրիչը և հսկայական դինամիկները: Բարձրացնում էինք գրողների, արվեստագետների բնակարան, ինչպես, օրինակ, Ավետիք Իսահակյանի դեպքում: 1955 թվականին նա արդեն տնից դուրս գալ դժվարանում էր»:

Ծանր տեխնիկան բնակարաններ բարձրացնելը բարդ էր, և ժամանակի ընթացքում գտան լուծումը. տեխնիկան մնում էր բակում, իսկ խոսափողը ռետինե երկար խողովակով բարձրացնում էին վերև:

Սակայն սա միակ բարդությունը չէր. մինչև 50-ականների վերջ Հայաստանի ռադիոյի հեռարձակման շառավիղը փոքր էր, կայանները՝ թույլ: Հնարավոր չէր ձայնագրությունը հեռարձակել Մերձավոր Արևելք, Եվրոպա կամ Արևմուտք:

«Մոսկվայից գալիս էին Երևան: «Ինտուրիստ» (այժմյան՝ «Երևան») հյուրանոցի մի համարը  ձայնագրման տաղավար էին դարձրել: Գրողները, գիտնականները գալիս էին այնտեղ, ձայնագրվում: Հետո ձայնագրությունն ինքնաթիռով հասցնում էին Մոսկվա, այնտեղից էլ հեռարձակում էին»,- պատմում է Կլարա Թերզյանը:  

1957 թ.-ից Երևանից սկսեցին հաղորդումներ տրվել նաև Եվրոպայում բնակվող սփյուռքահայերին: Այդ առիթով առաջին խոսքը սփյուռքահայերին ուղղեց դերասան Վահրամ Փափազյանը.

«Հեռավոր և միշտ մոտ հայ ունկնդիրներ, մեծեր և փոքրեր, այսօր սկսվում են Երևանից ռադիոհաղորդումներ հեռուներում ցրված, ուրիշ երկնքի տակ բաբախող կարոտակեզ հայ սրտերի համար: Երջանիկ եմ, որ ինձ առիթ է ընծայվում ողջույնի խոսք ասել ձեզ մեր հայրեն իքից՝ մեր բարգավաճող, արագ վազքով առաջ ընթացող վերածնված Հայաստանից…
….Հիմա առիթ է ներկայանում շարունակական ու անխափան կերպով լսելի դարձնել ձեզ մեր երջանիկ երկրի ձայնը, և թող այդ ձայնը լինի ձեզ համար այն լուսավոր, երբեք անմար լապտերը, որի լույսը, համոզված եմ, լուսավորում է ամեն մի հայու հոգին՝ ուր և ինչ պայմանների մեջ էլ նա լինի:

Մաղթում եմ ձեզ զվարթ լինել, առողջ, ուղիղ և անվարան աչքերով նայել ապագային: Երբեք չընկճվել և սիրել ձեր հայրենիքը, տունը, ամեն մի հայ մարդուն և երբեք չմոռանալ, որ լայն են մեր դռները, միշտ բաց, օթևանները՝ անհամար:» (Կլարա Թերզյան, «Բույլ մեծաց» գրքից, 2001, էջ 107-108):

Ռադիոուղերձի տեքստերում կոչեր էին հնչում նաև չմոռանալ մայրենի լեզուն: Ահա քանդակագործ, գեղանկարիչ Երվանդ Քոչարի 1968 թ.-ին ռադիոուղերձից մի հատված. «Պահեք ու պահպանեք հայ լեզուն, վառ պահեք հայ մշակույթի ջերմացնող ատրուշանը, որ բոլորիս սրտերի մեջ է, և բերում ենք շատ հեռու դարերից, անհիշելի ժամանակներից» (Երվանդ Քոչար, «Ես և դուք», 2007 թ., էջ 194):

Հետաքրքիր է, որ ռադիոուղերձների միջոցով անուղղակի ակնարկներ էին հնչում՝ պատմական հայրենիքի հանդեպ հավակնությունները չկորցնելու մասին. «Առաջին իմպերիալիստական պատերազմի գործած անարդարությունը հայ ժողովրդի հանդեպ պիտի վերանա: Ռուս ազնիվ ժողովրդի աջակցությամբ բարբարոսներից  մազապուրծ փրկված՝ թափառական, հալածական հայերը պիտի ստանան իրենց անկապտելի իրավունքը՝ ազատագրված հայրենիքը: Եվ պիտի իրականանա մեր դարերի բաղձանքը՝ մեր հայրերի նվիրական հողերում կարողանալ աշխատել և վայելել հայրենիքի քաղցրությունը:

Արտասահմանի հայությունը՝ բոլորանվեր, մի սիրտ ու մի հոգի, պիտի նպաստեն այս վսեմ, այս ամենաարդար գործին» (Ավետիք Իսահակյան, «Ժողովուրդ» թերթի 1945 թ.-ի օգոստոսի 15, Փարիզ):

Սա Երվանդ Քոչարի ուղերձից է. «Մենք երբեք և ոչ մի րոպե չենք մոռանում, որ մենք եղբայրներ ունենք՝ ամբողջ աշխարհով սփռված, չենք մոռանում, որ «եղբայր ենք մենք, որ մրրկով ենք զատված», իսկ «Ընդ աստեղոք ի՞նչ կա սիրուն, քան զանցկալի եղբայր անուն»: Մենք ոչ մի րոպե չենք մոռանում, որ եթե հայի գլուխն այստեղ է, նրա սրտի լարերը տարածված են աշխարհով մեկ և թրթռում, ապրում են ամեն տեղ միևնույն թրթիռով, որտեղ հայ կա, միևնույն ուրախության և տվայտանքի զգացումով: (Երվանդ Քոչար, «Ես և դուք»):

2001 թվականից հայկական ռադիոն դադարեցրեց Սփյուռքին ուղղված ռադիոուղերձների հեռարձակումը:

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *