2017.07.12,

Քննադատ

Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի. Արդյոք բանակը հասարակության հայելի՞ն է

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան
facebook

Գրող, կինոդրամատուրգ

«Մեդիամարտը» խաղ է, որ ստեղծվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) կողմից, լրագրությամբ հետաքրքրվողների համար։ Անկախ Հայաստանի մեդիան արդեն ավելի քան քառորդ դարի պատմություն ունի, բայց կոռուպցիայի լուսաբանումը, կոռուպցիայի դեմ նրա պայքարը ավելի շատ դեռ խաղի է նման, գոնե արդյունավետության տեսանկյունից։

5. Արդյոք բանակը հասարակության հայելի՞ն է

Երկար ժամանակ ՀՀ իշխանությունը երկրի դժվարությունները պայմանավորում էր բանակի, անվտանգության համար պահանջվող մեծ ծախսերով, հանրության զգալի մասն էլ հույս ուներ, որ այդ ոլորտի վիճակը համեմատաբար բարվոք է։

Այդ վերաբերմունքի ձևավորմանը հավանաբար նպաստել է պաշտպանության նախկին Սեյրան Օհանյանի հայտարարությունը. նա ենթականերին արգելել էր օգտագործել «բանակը հասարակության հայելին է» արտահայտությունը, «քանի որ կարծում եմ, որ դրանով, կարծես, արդարացնում ենք այն դեպքերը, որոնք մերթընդմերթ լինում են բանակում»։

Ավելին, նա մերժում էր պատճառաբանությունը, թե «բոլոր բանակներում էլ այդպիսի դեպքեր լինում են»։ Ըստ նրա, «մենք ազգային բանակի վերջնական ձևավորման կամ կատարելության հասնելու վերջնագծում ենք գտնվում»:

Այնուամենայնիվ, Օհանյանի պաշտոնավարման օրոք էր՝ 2012-ին, երբ «Հետքը» բացահայտեց, որ զինվորները իրենց որպես տավարի միս մատուցվող մթերքի վրա գոմեշի մսի պիտակ են նկատել, բայց մեդիա-սկանդալը տարօրինակ զարգացում ունեցավ։  

Պետական մարմինների նախնական արձագանքը սովորականի նման խուսափողական չէր։

Պատճառներից մեկը երևի Սերժ Սարգսյանի ելույթն էր նույն տարվա սեպտեմբերին, երբ նա խոսեց «ատկատների» մասին ու պահանջեց «գլխից բռնել, մեծերին»։

Թերևս, հասարակության լավատեսական սպասումների մասին է խոսում այն փաստը, որ նախագահի լրատվական ծառայության տարածած տեսագրությունը «Յություբում»՝ աննախադեպ, 55 հազարից ավելի դիտում է ունեցել։ Ճիշտ է, մեդիայում հաճախ նաև այս հանկարծահաս խստությունը դիտարկում էին որպես 2013-ի փետրվարի նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկ։

2013-ի մարտին ՀՀ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ դեռ 2012-ին կալանավորվել է «Ա. Օհանջանյան» ՍՊԸ տնօրենը՝ նա էր գոմեշի մսի մատակարարը, իսկ «21.02.2013 թ. և 22.02.2013 թ. ձերբակալվել, անուհետև կալանավորվել են, համապատասխանաբար, N զորամասի հրամանատարը (կոչումով փոխգնդապետ) և նրա նյութատեխնիկական գծով տեղակալը (կոչումով մայոր): Միաժամանակ, նույն քրեական գործով, որպես խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին է ընտրվել և մեղադրանք է առաջադրվել նաև նույն զորամասի պահեստարանի պետին»:

Մեդիայում շոշափվեց Տիգրան Սարգսյանի անունը, բայց այդ օրերի վարչապետը «Հնդկաստանից միս ներմուծող» ընկերություններն իր անվան հետ կապելու մեղադրանքը վերագրեց «հայտնի քաղաքական ուժերին», որոնք փորձում են զրպարտել իրեն («Հրապարակ», «Նոր դեմքեր գոմեշի մսի հետևում», 04.10.2012. ըստ ամենայնի, Տիգրան Սարգսյանն ակնարկում էր ընդդիմադիր կուսակցություններին, որոնք նրա դեմ պայքարում էին, որպեսզի վարչապետի աթոռին տիրանա ԱԺ ժամանակի նախագահ Հովիկ Աբրահամյանը)։

2013-ի մայիսին Ալբերտ Օհանջանյանին ազատեցին կալանքից՝ պայմանավորելով դա նրա առողջական ծանր վիճակով ու պետության հասցված վնասի վերականգնմամբ։ Վերջին հանգամանքից ելնելով՝ երկու սպայի «խափանման միջոցը» ևս փոխեցին։

«Հայկական ժամանակն» այս առթիվ բարձրաձայնեց տարածված տեսակետը. «Պետության փողերի գողության բացահայտումները լինում են միայն այն դեպքում, երբ «վերխ» տեղ չի հասնում կամ ավելի ճիշտ՝ պակաս է վճարվում» («Փողը տուր, «ատկատիր» ինչքան ուզում ես», 22.05.13)։  

Վահե Սարուխանյանի թղթակցություններից, որ շարունակաբար հրապարակվում էին «Հետք»-ում, ուրիշ հանցագործության կոծկման պատկեր էր գծագրվում. «Պաշտպանության բանակը շատ սննդատեսակներ, այդ թվում՝ միս, ստանում է ՊՆ Երևանի պարենային բազայի պահեստից: Այլ կերպ ասած՝ ՊԲ զինվորականները միայն ընդունող են, սակայն հենց նրանք են այսօր մեղադրվում քրեական հոդվածներով»:

Այս դիտարկման իրավացիությունը հետագայում հաստատվեց զինվորականներից մեկի ընդվզմամբ, որին մեդիան համարյա չարձագանքեց. մեղադրյալներից մայոր Արտո Չիթչյանը իրեն մեղավոր չճանաչեց, նույնիսկ համաներումից հրաժարվելու գնով:

Ըստ «Լրագրի» («Գոմեշի մսի գործը կարող է հասնել Եվրադատարան», 08.09.2014), նա, «ինչպես նաև վկաները դատարանում ցուցմունք են տվել, որ ՀՀ ՊՆ և «Ալբերտ Օհանջանյան ՍՊԸ» միջև կնքված պայմանագիրը տեսել են միայն 2013թ. փետրվարի 13-ին: Ավելին, զորամասը մատակարարից ապրանք չի ստացել, ստացել է Պաշտպանության բանակի պարենային ծառայությունից և ապրանքն ընդունել ըստ հաշիվ-ապրանքագրի»:

Թե ինչպե՞ս է վարվել հետագայում մայորը, մեդիան չի հաղորդում։ Կա միայն մի նյութ՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության հայտարարությունը, որը մի զավեշտական ու մի արտառոց կոչ է պարունակում.

«ՀՀ քաղաքական իշխանություններին՝

  • բանակից հնարավորինս հեռու պահել ռազմական ոստիկանությունն ու զինվորական դատախազությունը,

Պաշտպանության բանակի հրամանատարին՝

  • ՊԲ կադրերի տրամադրության տակ գտնվող մայոր Արտո Էդուարդի Չիթչյանին կրկին վերցնել ծառայության Պաշտպանության բանակի շարքերում»:

Ըստ ամենայնի, սպային նորից ընդունել են ծառայության, և նա հրաժարվել է դատարանի որոշումը բողոքարկելուց։

Ըստ Վահե Սարուխանյանի,«մեդիան կատարեց «հսկող շան» իր դերը», բայց առկախ մնաց հարցադրումը.

«Ծիծաղելի է. փաստորեն «մեծերն» այս դեպքում երկու փոխգնդապետ, մի մայոր ու ենթասպա և մի գործարա՞ր են: Իսկ ի՞նչ եղավ գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալը, որը պատասխանատու էր բանակի սպառազինության եւ գնումների համակարգի համար»:

2016 թվականի ապրիլի 2-ը ավելի ակնհայտորեն բացահայտեց, թե ինչ արդյունք է տվել «բանակը հասարակության հայելին է» արտահայտության արգելքը։

(Շարունակելի)
Հոդվածաշարի սկիզբը՝ այստեղ

Վահրամ Մարտիրոսյան

ՄՆԿ «Լրատուն» մեդիա-թանգարան նախագծի ղեկավար

Կոլաժը՝ Նորայր Այվազյանի

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *