Մահազդեր: Թերթը՝ սգո շրջանակի մեջ: Դարձյալ մահազդեր: Գնդակահարության ենթակաների ցանկ: Նորից մահազդեր: Դագաղում պառկած հայտնի մարդկանց լուսանկարներ…
1930-ականների մամուլը նույնքան չարագուշակ էր, որքան չարագուշակ էր ժամանակը:
Այդ շրջանում մամուլում ամեն ինչ չափազանց և պարզունակության հասնող ռեալիստական էր: Մարդը մահացե՞լ է. ահա նա՝ դագաղի մեջ: Մարդն ինչ-որ բան այն չի՞ արել, ուրեմն նա «ժողովրդի թշնամի» է: Թշնամի՞ է, ուրեմն նա պիտի գնդակահարվի կամ աքսորվի՝ «Մահ ծախված շներին»:
Առաջնորդը ելույթ է ունեցել, դահլիճը խանդավառվե՞լ է. «Ծափահարություններ, բուռն ծափահարություններ, որոնք վերածվում են օվացիայի»:
30-ականներին լույս տեսնող թերթերի առանձնահատկություններից մեկն այն էր, որ թերթերը մռայլ էին ոչ միայն իրենց բովանդակությամբ, այլև վիզուալ: Մահազդը՝ իբրև օրվա գլխավոր նորություն, գրավում էր թերթի ամբողջ, որոշ դեպքերում՝ երկու էջը: Մահազդներին կցված էին մահացողների լուսանկարները՝ դագաղում:
Այսօր, ծանոթանալով 20-30-ականների մամուլին, կարելի է ասել, որ յուրաքանչյուր թերթի յուրաքանչյուր համար, գրեթե ունի ՊԱԿ-ում պահպանվող արխիվային գաղտնի փաստաթղթերի արժեք՝ մամուլում հրապարակված մատնագրեր, զրպարտագրեր, մարդուն ոչնչացնող հոդվածներ…
Չեզոքություն, հավասարակշռություն. լրագրության այս կանոնները տեղ չունեին 30-ականների մամուլում: Ամեն բան գերադրական աստիճանի էր: Հոդվածների հեղինակներն անվերջ էյֆորիայի մեջ էին թե՛ «նացիոնալիստ-հակահեղափոխականներին» քննադատելիս, թե՛առաջնորդին գովելիս:
1936 թվականի հուլիսի 9-ին, Թբիլիսիում, ըստ պաշտոնական լրատվության, ինքնասպանություն էր գործել Հայաստանի կենտկոմի առաջին նախագահ Աղասի Խանջյանը:
Պատմաբանները վստահեցնում են, թե Խանջյանն ինքնասպան չի եղել, նրան անձամբ գնդակահարել է Լավրենտի Բերիան, իր աշխատասենյակում:
Թվում է, նրբանկատության բարձրագույն չափաբաժին է անհրաժեշտ՝ ինքնասպանության մասին մամուլով հանրությանը տեղեկացնելու համար:
1936 թ.-ին Խանջյանի մահը մամուլում այսպիսի արձագանք գտավ.
«Ինքնասպանության ակտը դիտում ենք որպես փոքրոգության արտահայտություն, որն անվայել է մանավանդ կուսակցական կազմակերպության ղեկավարի համար: Ինքնասպանության ակտով ընկեր Խանջյանը հանդես բերեց մանավանդ կուսակցության կազմակերպության ղեկավարի համար անվայել փոքրոգություն:
Վերջին ժամանակներս իր աշխատանքի մեջ մի շարք քաղաքական սխալներ էր թույլ տվել, որոնք արտահայտվել են նացիոնալիստական ու հակահեղափոխական-տրոցկիստական տարրերի մերկացման գործում բավարար զգոնություն չցուցաբերելու մեջ: Ընկեր Խանջյանի ընդհանուր վիճակը սաստկանում էր նաև նրա տևական հիվանդությամբ՝ ծանր տեսակի տուբերկուլյոզով»:
Խանջյանի ետմահու «կյանքը» մամուլում նույնքան ծանր էր, որքան ծանր էր քաղաքական այդ գործչի երկրային կյանքի վերջին մի քանի ամիսը:
«Խանջյանը նացիոնալ-ուկլոնիստ-սպեցիֆիկների վիժվածքն է»,-այս խոսքերի հեղինակը կենտկոմի 1-ին քարտուղար Ամատունին է («Գրական թերթ», 1936 թ., նոյ. 1):
«Վիժվածք», «ֆաշիստ», «տականք», «նողկանք», «վարձկան շներ», «գարշելիներ»… Սրանք հայ գրողների հոդվածներից դուրս գրված արտահայտություններն են՝ Խանջյանի, 37-ին ձերբակալված ու Երևանի բանտում մահկանացուն կնքած Չարենցի, Վահան Թոթովենցի, մյուս «հակահեղափոխական-տրոցկիստական շների» մասին:
Ահա Վահան Թոթովենցի մասին գրականագետ Արտաշես Ոսկերչյանի գրած «Դաշնակցական տականքը» հոդվածից մի հատված.
«Ֆաշիստական ատելությամբ լցվելով դեպի խորհրդային կարգերը՝ այդ գարշելի տականքը դիմում է նացիոնալիստական տրամադրության հրահրելուն»:
Չափազանց զարմանալի էր հանդիպել Դերենիկ Դեմիրճյանի հոդվածին՝ «Ոչ մի խնայում հայրենիքի դավաճաններին» վերնագրով: Գրող Արազին ևս անդրադարձել է Խանջյանին՝ «Գարշանքի անդունդը» հոդվածով:
Ահա և Նաիրի Զարյանի հոդվածը՝ «Միահամուռ պահանջը՝ մահ հայրենիքի դավաճաններին», Ստեփան Զորյանի հոդվածը՝ «Իմ նողկանքը», Զապել Եսայանի հոդվածը՝ «Մարդկության թշնամիները» խորագրով (37-ին ձերբակալվեց նաև Զապել Եսայանը)…
Ժամանակներն էին այդպիսին… Սա 1920-30-ականների մտավորականների արդարացումն է, թե ինչու էին բանտերում հայտնված իրենց գրչակից ընկերներին, «ժողովրդի թշնամիներ» հայտարարված մարդկանց հանդեպ այսպիսի հոդվածներ գրում: Չեզոքությունը կնշանակեր աքսոր կամ մահապատիժ:
Արդեն 50-60-ականների մամուլում վերոնշյալ տեքստերի հեղինակները հանդես կգան մեղայական հոդվածներով:
Մամուլի, գրավոր խոսքի մասին հայերենում ասույթները շատ չեն, բայց դիպուկ են. «Ինչը գրված է գրիչով, չես ջնջի բրիչով»:
Լիլիթ Ավագյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: