«Մեդիամարտը» խաղ է, որ ստեղծվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) կողմից, լրագրությամբ հետաքրքրվողների համար։ Անկախ Հայաստանի մեդիան արդեն ավելի քան քառորդ դարի պատմություն ունի, բայց կոռուպցիայի լուսաբանումը, կոռուպցիայի դեմ նրա պայքարը ավելի շատ դեռ խաղի է նման, գոնե արդյունավետության տեսանկյունից։
4. «Դե, արի, արի, արի տուն»
Վիճակագրական տվյալների համաձայն, անցյալ տարվա ապրիլ ամսի համեմատ արտասահմանից Հայաստան փոխանցումներն ավելացել են շուրջ 5 միլիոն դոլարով (4,6%)։ Լավ է, իհարկե։ Բայց։ Հայաստանից արտասահման փոխանցումները աճել են… 20 միլիոն դոլարով (31%)։
Ինչպես հստակ երևում է b4b.am կայքի տեղեկապատկերից, սա տարվա առաջին չորս ամիսների միտումն է։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հետևյալ կերպ է բացատրել դրամական արտահոսքը. այդ գումարները «Հայաստանի կազմակերպությունների կողմից որպես կանխավճար փոխանցվել են օտարերկրյա ներդրողներին հիմնական միջոցներ ձեռք բերելու համար», ներդրումային ծրագրերի շրջանակներում։
Այսինքն, ներդրումները հայաստանյան են, իսկ սփյուռքի/արտասահմանյան գործարարների կողմից հետաքրքրվածություն չկա։ Ի՞նչն է խնդիրը՝ նոր վարչապետը հորդորեց, կոչեր արեց, հանդիպումներ անցկացրեց։ Եթե դատենք անցած մի քանի տասնամյակի մեդիայի լուսաբանումից, հիմնական խոչընդոտը կոռուպցիան է։
Սփյուռքահայ ներդրողի ու հայաստանյան վարչակազմի հարաբերությունների ամենաբնորոշ օրինակներից մեկը «Փարիզյան սուրճի» գործն էր։ Աբովյան փողոցում գործող խանութն ու սրճարանը՝ իր բացօթյա հատվածով դարձել էին երևանցիների սիրված վայրերից, երբ 2011-ին դրանց սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանը հայտարարեց, որ հեռանում է Հայաստանից։ Պատճառը բացօթյա սրճարանը վերացնելու՝ քաղաքային իշխանությունների որոշումն էր։
Ձևական առումով ամեն ինչ ճիշտ էր՝ Աբովյան փողոցի մայթերին տարբեր տիպի սրճարաններ ու խանութներ էին բուսնել տարիների ընթացքում, բայց համեստ, համարյա փարիզյան լայնությունը, որ զբաղեցնում էր սրճարանը, հետիոտների անցուդարձին չէր խանգարում։
Թերթերն ու առցանց մեդիան պաշտպանեցին գործարարին։ Ի պաշտպանություն «Փարիզյան սուրճի» ստեղծվեց ֆեյսբուքյան խումբ, որը ցույց արեց սրճարանի մոտ։ «Մի՞թե Աբովյան փողոցում իր ուրույն տեղը գտած «Փարիզյան սուրճ» սրճարանն այն կառույցն էր, որից անհրաժեշտ էր սկսել ժամանակավոր շինությունների ապամոնտաժման գործընթացը»,- «Փարիզյան սուրճ»-ն էր մեղավոր» վերնագրով անդրադարձում հարց ուղղեց Երևանի գլխավոր դիզայներին «Սիվիլնեթը» (06.12.2011)։
Լրագրողներին հաջողվեց ժամանակի վարչապետ Տիգրան Սարգսյանի վերաբերմունքն իմանալ «Փարիզյան սուրճի» մասին։ Նրա պատասխանը նման է քաղաքագիտական որևէ դասագրքից արված մեջբերման.
«Պետությունը պետք է լինի սկզբունքային, և ոչ մի քաղաքական ճնշումներ կամ հրապարակային ճնշումներ, հանրությանը թյուրիմացության մեջ գցելու փորձեր մեր վրա չպետք է ազդի. մարդիկ օրենքի առջև պետք է հավասար լինեն»,- «Տեսակետների խաչմերուկ»:
tert.am-ին 12-րոպեանոց պարզաբանում տվեց Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը (26.12.2011)։ Ըստ նրա, ՊԵԿ-ը դեռ մի բան էլ ներողամիտ է եղել սփյուռքահայ գործարարի նկատմամբ, բայց «Առավոտի» նույն օրվա հրապարակման վերնագիրն ազդարարում էր, որ «Փարիզյան Սուրճի» սեփականատիրոջը վախեցրել են»։
Ինքը՝ Վալերի-Աշխեն Գործունյանը Հայաստանի դատական համակարգի կոռումպացվածությունը վկայակոչեց որպես իր ձախողման հիմնական պատճառ.
«Քանի անգամ` առաջին ատյան, երկրորդ ատյան` ես կորսնցուցեր եմ, որովհետև ես չեմ կաշառած»,- «Տեսակետների խաչմերուկ»:
Եթե այսօր Մոսկովյանի անկյունից իջնենք Աբովյանով, կտեսնենք, որ նույն տեղում սրճարանի բացօթյա հատված կա, և մայթերին, մինչև Հանրապետության հրապարակ 5-6 ուրիշ սրճարան կարելի է հաշվել։ Պատկան մարմինները երևի արդարացումներ գտնեն, բայց նրանք իրենց գործ էությունը սխալ են հասկացել, եթե օրենքներ պիտի վկայակոչեն ոչ թե քաղաքի դիմագծի, ոճի մաս դարձած կառույցները պահպանելու, այլ վերացնելու համար։
Իսկ ո՞վ էր, ի վերջո, մեղավոր «Փարիզյան սուրճ»-իշխանություններ հակամարտության մեջ։ Տարբեր պետական ատյանների որոշումներից ավելի, որոնք բավարար հանրային վստահություն չեն վայելում, պատկերացում կարող են տալ ուրիշ սփյուռքահայ/արտասահմանյան գործարարների ներդրումային պատմությունները։
(Շարունակելի)
Հոդվածաշարի սկիզբը՝ այստեղ
Վահրամ Մարտիրոսյան
ՄՆԿ «Լրատուն» մեդիա-թանգարան նախագծի ղեկավար
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: