2017.05.26,

Քննադատ

Մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս վերջին զանգ ենք

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Վերջին զանգը և ընդհանրապես դպրոցական զանգվածային արարողությունները այն ինֆորմացիոն առիթներն են, որոնք մեդիան սիրում է:

Մի կողմից դա հեշտ թեմա է, որը թույլ է տալիս խոսել կարծրատիպային բառապաշարով ու տեսաշարով (շարքային մանուկներ, պատանիներ, կոչված և զորակոչված ուսման, ուս ուսի տված, շնորհակալ ժպիտներով ու կրթությունը ասույթներով փառաբանող տոնական սանրվածքներով ուսուցիչներ):

Իսկ մյուս կողմից՝ մոդայիկ է, քանի որ դպրոցներն (ու անգամ մանկապարտեզները) մեր հանրապետությունում թաթախված են խորը քարոզչության մեջ:

Եվ եթե պետք է լինում պետական տեսակետը տարածել, ընտրվում է ժամանակակից Հայաստանի ամենազանգվածային վարչական միավորը՝ միջնակարգ դպրոցը: Այնտեղ են հայտնվում քարոզչական պաստառները, կոչերն ու ուղերձները:

Դպրոցները զանգվածային կառավարման միջոցներ են, որովհետև աշակերտ ասելով՝ պատկերացնում ենք նաև նրա ծնողներին, տատիկ-պապիկներին: Երեխան ընտանիքի կենտրոնում է, և բնական է, որ նրա շուրջ համախմբված է հարազատների մի քանի սերունդ: Այսինքն՝ պոտենցիալ ընտրազանգված: Եվ այդ զանգվածը կառավելու գայթակղությանը ոչ բոլոր իշխանություններն են դիմադրում:

Այս տարի տեսանք, որ դպրոցը մտավ ևս մեկ արտադպրոցային խաղի մեջ, որի անունն է «բիզնես՝ հայրենասիրական մենաշնորհով»: Լրագրողական աշխատանքի  շնորհիվ հայտնի դարձավ, որ ոչ միայն ուսման պրոցեսը, այլև հանգիստն է լինելու պարտադրված: Այսինքն, աշակերտները կոչվելու ու զորակոչվելու են նախօրոք իրենց համար գծագրված ժամանցային միջոցառումներին:

«Չումբո» նախաձեռնող խումբը, քաղաքապետարանի թույլտվությամբ և ԿԳ նախարության համաձայնությամբ մեկ ամիս շարունակ «փարթիներ» է կազմակերպել Երևանի 100 դպրոցների 40 հազար աշակերտների համար: Բոլորին առաջարկելով նույնանման ռեստորանա-պարային ժամանց, թրենդային «հայրենասիրական» երանգով: Ասենք, միախմբվելու ու ինչպես ասում են «Չումբոյի» ղեկավարները՝ «տժժալու» նպատակով:

Հայտնի է, որ երբ ուզում են ընտելացնել ենթարկվելու, հարկավոր է նաև պարբերաբար թույլատրել «տժժալ»: Այդ դեպքում դա նշանակում է ինքնամոռաց ու աղմկոտ (բայց թույլատրված) ուրախության զանգվածայնացում:

Այնպես, ինչպես արդեն տարիներ շարունակ տեղի է ունենում Վերջին զանգի արարողությունը, որը օրինականացնում է դպրոցի թելադրանքից ազատագրումը որպես աղմկոտ ու ցուցադրական անկիրթ վարք:

Բայց այս նոր համակարգված նախաձեռնությունը արդեն ոչ միայն շրջանավարտների, այլև բոլոր դպրոցականների համար է: Իսկ Երևանի գրեթե բոլոր դպրոցների գրեթե բոլոր աշակերտներին նույն բանը (ռեստորանային «փարթի») առաջարկելը շատ ավելի ռադիկալ քայլ է ցանկացած համակարգի համար:

Եվ հարց այն չէ, որ «փարթիների» կազմակերպիչներն ու երեխաներին ռեստորան տարած ուսուցիչները անթաքույց առևտրականացնում են երեխաների ժամանցը՝ չհետևելով անվտանգության կանոններին ու նպատակահարմարությանը: Հարցն այն է, որ դպրոցը ընդհանրապես զրկվել է իր դերից ու տեղից՝ վերածվելով կցորդ վարչական միավորի, որին ինչ ասեն, այն էլ կանի:

Դպրոցը անղեկ մի կառույց է, որին ասելու գործառույթը արդեն հանրային մտահոգություն չի էլ առաջացնում: Ընտելացել ենք, որ պետք է ասեն: Օրինակ, ինչը, ինչպես, և որքան «հայրենասիրական»: Հիմա էլ՝ ինչպես և որտեղ «հայրենասիրական» ժամանց անցկացնել:

Եվ արդեն չի զայրացնում «Չումբոյի» մենաշնորհային մուտքը մեր կյանք՝ արդեն մեր երեխաների միջոցով: Համակարգը որոշել է, որ կա «մանկապատանեկան ժամանցի բաց» և այդ պատճառով հարկավոր է այն լցնել «բարեգործական և հայրենասիրական մղումներով»՝ միասնաբար:

«Չումբո» բառի ստուգաբանությունը շատ լավ բացատրում է այն իրավիճակը, որի մեջ անգիտակցաբար սուզում ենք մեր երեխաներին: Չումբոն, կիսակոպիտ, կիսավիրավորական անվանում է այն տղամարդու, որը ծաղրի հասնող պարզունակ է մտածում. նախընտրում է խմել գարեջուր, ամերիկյան ֆուտբոլ դիտել, միս ուտել ու ընդգծված հետերոսեքսուալ է: Դա սպառողի տիպար է:

Համակարգը սպառում է դպրոցը, դպրոցը սպառում աշակերտների՝ բարդ լինելու հիմնարար սկզբունքը, իսկ ծնողներից բաղկացած հասարակությունը՝ սպառում է իր կրիտիկական վերաբերմունքը:

Վատ բան չենք տեսնում նման շինծու մենաշնորհային միջոցառումների մեջ: Եվ արդեն չենք էլ հարցում՝ իսկ ինչու՞ պիտի նախարարությունը թույլ տա կամ չտա ժամանց կազմկերպել դպրոցներում, ինչու՞ պիտի դա կազմակերպվի քաղաքապետարանի արտոնագրերով: Եվ, ի վերջո, ինչպե՞ս դա հնարավոր դարձավ ընդհանրապես:

ԿԳ նախարարն ասաց, որ մամուլի ու թեժ գծերի ահազանգերի շնորհիվ տեղեկացան, որ դրամահավաքների ձևով է գումար հավաքում, այլ ոչ կամավորական սկզբունքով: «Ստուգենք, հասկանանք, թե ինչպես է եղել: Հիմա պետք է կարգավորենք, սրբագրենք, իրենց ուղղություն տանք»:

Բոլոր ոլորտներում հիմնական նպատակը տնտեսական շահն է: Այդ մասին են վկայում վերջին երկու ընտրությունները, երբ երկու կողմերն էլ (ընտրողն ու ընտրվողը) արդեն բացեիբաց խոսում էին փողի մասին, և պաշտոնի՝ որպես այդ փողի երաշխավորողի:

Հերթը հասել է ապագայի ընտրողներին, որոնց արդեն դպրոցի տարիքից ընտելացնում են, որ ընտրություն չկա: Եվ ուրեմն, կարելի է և պետք է միահամուռ ու հայրենասիրական «տժժալ»:

Նախկինում Վերջին զանգի ծեսի ժամանակ ընդունված էր երգիծական երանգով ներկայացնել ուսուցիչներին՝ երբեմն կոպիտ հումորով, երբեմն էլ՝ մեղմ: Դա ավանդույթ էր, որի համաձայն կարելի էր քննադատել մինչ այդ պահը քննադատության հանդեպ «անձեռնմխելիություն» ունեցող ուսուցիչներին և տնօրեններին:

Հիմա Վերջին զանգերի ժամանակ քննադատություն չեք հանդիպի, հատկապես, որ սցենար գրելը արդեն հանձնարարվում է կոնկրետ սցենար գրելու վրա մասնագիտացած մարդկանց: Այնպես, ինչպես ժամանց կազմակերպողներին:

Հանձնարարականների ժամանակ առավել արժեքավոր է դառնում լրագրողների աշխատանքը: Եթե նրանք շարունակեն պարզապես շարադրել այն, ինչն իրենց ասում են (ինչպես դպրոցների տնօրեններին ու ուսուցիչներին), «տժժալը» կօրինականացվի որպես «ազգային-ազատագրական» գործունեություն:

Եվ ամեն օրը կանցնի այնպես, կարծես վերջինն է:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *