Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մայիսի 15-ին Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սոցցանցերի որոշ օգտատերեր այդպես էլ չեն հասկանում, որ ֆեյսբուքը նույնպիսի հանրային տարածք է, ինչպես, ասենք, փողոցը, բակը, հրապարակը, որտեղ չի կարելի աղմկել, զազրախոսել, առավել ևս՝ հայհոյել: Նայում ես՝ նկար է դրել. մեղմ ասած՝ տիկին է, երեխան էլ գրկին, կարդում ես՝ ինչ բերանը եկել է, գրել է՝ անեծքից մինչև սեռական բնույթի հայհոյանքներ: /…/
Կարծում եմ՝ ինտերնետային տիրույթի հետագա աղտոտումը ոչ միայն անթույլատրելի է, այլև վտանգավոր է դառնում, և ամեն ոք պիտի պատասխանատվություն կրի իր խոսքի ու գրի համար: Իսկ դա հնարավոր է միայն այս վաղուց հասունացած խնդիրը իրավական դաշտ տեղափոխելով»:
Մայիսի 15-ին արված այս գրառմանը նախորդել էր մայիսի 14-ը: Այդ օրը Երևանի ավագանու ընտրություններն էին: Համացանցում մեկը մյուսի ետևից հայտնվում էին լրագրողների տեսանյութերը՝ ընտրակաշառքի դեպքերի, լրագրողների աշխատանքը ՀՀԿ նախընտրական շտաբում հավաքված մարդկանց կողմից խոչընդոտելու մասին: Քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր հանդեպ ոստիկանների գործողությունները ևս սոցցանցերում ծավալուն քննարկումների պատճառ էին դարձել: Օգտատերերի արձագանքը երբեմն չափազանց բուռն էր, առատ ոչ նորմատիվային բառամթերքով:
Մեր սոցիալական մեդիան ունի հաղորդումներ, որոնք մեծ դիտում ունեն: SOS-ի յուրաքանչյուր հաղորդում մեկ-երկու օրվա ընթացքում միջինը 42 500 դիտում է ունենում: Ֆեյսբուքյան էջում էլ, որտեղ երևում են հաղորդումը հավանողներն ու մեկնաբանություններով արձագանքողները, շատ են կանայք: Ի դեպ, հաղորդումը տեղադրվում է «21+» նշանով և նախազգուշացնող գրությամբ, որ այն նախատեսված չէ ընտանեկան դիտման համար: Այս հաղորդումն առանձնանում է իր թունդ, հայհոյանք արտահայտող որակումներով, որոնք հաճախ ասվում են առանց ձայնային ազդանշաններով խլացնելու:
Մեկ այլ հաղորդում, որը ևս «18+» նշանով է տեղադրվում սոցհարթակում, դարձյալ շատ դիտումներ ունի: Խոսքը Սերգեյ Դանիելյանի գլխավորած «Քաղաքացիական ակտիվ քայլ» կուսակցության «Ք 1» հաղորդման մասին է:
Այստեղ ուղիղ հայհոյանք, ոչ նորմատիվային բառեր չեն գործածվում: Միայն ակնարկներ են, բառերի առաջին վանկերի վարպետորեն արված շեշտեր, որոնք ստիպում են դիտողին իր մտքում կրկնել այն, ինչ ցանկանում էր ասել կամ ինչ նկատի ուներ հաղորդավարը:
Իսկ Դանիելյանի ֆեյսբուքյան էջում երևում է, որ հաղորդումները հավանում են նաև կանայք: Աշոտ Ահարոնյանի տեսակետը, թե հայհոյանքները կարդում են դրանք գրողների «երեխաները, մայրերը, թոռները, իրենց կանայք, ամուսինները, սիրած աղջիկներն ու սիրած տղաները», թեև ճիշտ է, սակայն պետք է հաշվի առնել կարևոր մի հանգամանք: Ինչու՞ են լսում և ինչու՞ են լսում հաճույքով:
Ճշմարիտ, ուղիղ խոսքը մարդիկ (անկախ սեռից ու տարիքից) պատրաստ են լսել անգամ ոչ նորմատիվային լեքսիկոնով: Մի դիտարկում. SOS-ի կամ «Ք1»-ի հաղորդումները դիտողները իրենց արձագանքներում հայհոյանքներ, անպարկեշտ համարվող արտահայտություններ չեն գրում: Հիմնականում՝ հավանության նշաններ:
Եվ հակառակը՝ պաշտոնական զտված, մաքուր հայերենով մատուցվող տեղեկատվությունը, դիցուք՝ ՀՀԿ-ՀՅԴ դաշինքի մասին «Ազատություն» ռ/կ-ի ուղիղ հեռարձակումը, ողջ ուղիղ եթերի ընթացքում ուղեկցվում էր օգտատերերի ամենաբազմազան հայհոյանքներով ու ոչ նորմատիվային խոսքերով: Իսկ տեղի ունեցող դաշինքն այնքան անմեղ իրադարձություն է թվում, չէ՞:
Հիմա՝ ինչպե՞ս կարողանալ վերահսկել մարդկանց էմոցիաները: Դիցուք, ընդունվում է համապատասխան օրենք, որն արգելում է սոցցանցի օգտատիրոջը ոչ նորմատիվային լեքսիկոնով արտահայտվել Ֆեյսբուքի իր պատին: Տուգանքն էլ կլորիկ գումար է: Ֆեյսբուքյան իր էջում դերասան Սերգեյ Դանելյանը գրել է. «Ես ռուսական կրդություն ունեմ: Խնդրում եմ ասեք: Բազեն Ա յովա ՞ գրվում, թե Օ յով»: Հիմա՝ սա հայհոյախոսությու՞ն է: Կարո՞ղ է մեկն ապացուցել, որ օգտատերը խախտել է «պարկեշտության մասին» օրենքը:
Ի դեպ, աշխարհում նման փորձ չկա, երբ իրավական հարթություն տեղափոխեն սոցցանցերում օգտատերերի գրառումները կամ կարծիքները: Պարտադիր միակ պայմանը «18+» նշանը դնելն է…
Ռուսաստանում «ՌԴ պետական լեզվի մասին» օրենքում փոփոխություններից հետո արգելվել է ԶԼՄ-ներում, գրականության, կինոյի, թատրոնի մեջ ոչ նորմատիվային բառամթերքի օգտագործումը: Օրենքը գործում է 2014-ի հուլիսի 1-ից: Խախտողների համար սահմանված են դրամական տուգանքներ:
Օրենքով սահմանափակել մարդկանց հայհոյելու իրավունքը հայհոյանքի դեմ պայքարի արդյունավետ, առավել ևս՝ «կանխարգելիչ» միջոց չէ: Հատկապես որ, «անկախ փորձագիտական հանձաժողովը» պետք է որոշի՝ ո՞ր խոսքն է ոչ նորմատիվային, որը՝ թույլատրելի:
Առհասարակ, նույն խոսքին կամ նույն արարքին կարելի է լրիվ հակառակ մեկնաբանություն տալ: Օրինակ՝ երբ այս ռեպորտաժում երկու առողջ տղամարդ զգուշությամբ և ընդգծված խնամքով դեպի ընտրատեղամաս են ուղեկցում 91-ամյա կնոջը, կնոջ հանդեպ հարգանքի՞, թե՞ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է:
Թվում է՝ մարդիկ օգնում են կնոջը, բարի գործ են անում, իսկ տեսանյութի մեկնաբանություններում տղամարդկանց հասցեին ոչ նորմատիվային բառեր են…Այնպես որ, հայհոյանքը իրավական հարթություն տեղափոխելուց առաջ պետք է հստակ ձևակերպել՝ հայհոյե՞լն է հասարակական վտանգ ներկայացնող արարք, թե՞, դիցուք, 91-ամյա կնոջը ընտրատեղամաս ուղեկցելը և, այդքանից հետո, դեռ նրա 10 000 դրամը չտալը…
Լիլիթ Ավագյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: