«Ավրորա» մարդասիրական մրցանակը համալրվել է տարբեր տրամաչափի այլ հարակից միջոցառումներով ու մրցույթներով, որոնք պետք է մեծ հումանիստական մրցանակի արբանյակները դառնան: Անցկացվել են կարճամետրաժ ֆիլմերի, մանուկների նկարների ու լուսանկարների մրցույթներ, որոնք ըստ կազմակերպիչների՝ պետք է հանրայնացնեն ու ավելի ըմբռնելի դարձնեն «Ավրորայի» ուղերձը: Ինչպես ասում են փիլիսոփաները՝ մեծը առավել նկատելի դարձնեն մանրուքներում…
Մարդասիրական գաղափարը, էմպատիան, կարեկցելու և աջակցելու ու հենց կարեկցելու և աջակցելու շնորհիվ լիարժեքության ու հարմոնիայի հասնելու պրակտիկան, իրականում, դժվար բացատրելի է:
Մրցույթների պայմանների համաձայն՝ լուսանկարները և ֆիլմերը պետք է արտահայտեն մարդասիրության գաղափարը, այնպես, ինչպես պահանջում են «Ավրորա» մրցանակի դափնեկրի ընտրության չափանիշները՝ խիզախություն, նվիրվածություն, ազդեցիկություն:
Այդ բառերը որպես չափանիշ արվեստի տիրույթ (կինո ու ֆոտո դաշտ) տեղափոխելը ռիսկային է, քանի որ արվեստը զուտ լրագրություն ու վավերագրություն չէ:
Եվ անհրաժեշտ է, որ իրադարձության արձանագրմանը գումարվի մի քանի հավելյալ շերտ՝ այդ թվում նաև սիմվոլիկ: Ի վերջո, ազդեցիկ ու խիզախ վարքը կյանքում և ազդեցիկ պատկերի ուժը կարող են նաև ահռելի հակադրության մեջ գտնվել:
Լավ լուսանկարը միշտ փաստի ու սիմվոլի միջակայքում է: Օրինակ, այս լուսանկարը, որի հեղինակը Արեգ Բալայանն է: 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին նա գտել է այն միջանցիկ ու ամփոփիչ կադրը, որը դուրս է պատերազմից, աղետից, ցավից, զենքից ու մահից: Եվ ոչ միայն դուրս է, այլև՝ վեր է:
Մարդասիրության մեջ առանցքը սերն է… Այս լուսանկարում կա սեր՝ առանց սեռականության: Կա դադար՝ հակամարդկային շղթայում: Կա ընկերության ու եղբայրության գաղափար, որը զինակից լինելու փաստից մի քանի անգամ ավելի արժեքավոր է:
«Ավրորա» մրցույթի համակարգող Արման Ջիլավյանը մրցանակների հանձնման ժամանակ ասաց. «Շատ կարևոր է արվեստի դերը, հատկապես՝ արդիական, որովհետև արվեստը յուրովի ամփոփում է ու գտնում այն բանալիները, որոնցով խոսքերը դառնում են էմոցիա, հետո՝ գործ։ Այդ պատճառով մենք կազմակերպել ենք այս մրցույթների շղթան, որպեսզի հավաքենք մարդասիրական մտքերը նաև արվեստի աշխարհից»:
Նայելով «Ավրորա» լուսանկարչական մրցույթի մասնակիցների լուսանկարներին, տպավորություն է ստեղծվում, որ բարձրակարգ միջազգային մրցույթին արժանի լուսանկարները քիչ են: Ավելին՝ գրեթե չկան: Եվ այդ ֆոնին շատ ավելի հնչեղ ու խոսուն են հայ լուսանկարիչների աշխատանքները, ինչը շատ զարմանալի է և միաժամանակ՝ մտահոգիչ:
Եթե առանցքային «Ավրորայի» կշռին համարժեք արբանյակ-մրցույթ չի արվում, կասկածի տակ է դրվում հիմնական մոլորակի ընթացքը:
Նույնն էլ կարելի է ասել ֆիլմերի մրցույթի մասին: Արդիականությունը, էմոցիան ու ազդեցիկ լինելու փաստը արվեստի գործերում պետք է ավելի խիտ ու խիստ ֆիլտրներով անցնեն: Եվ ոչ միայն տարիքային (այս մրցույթներին կարող են մասնակցել միայն 40 տարեկանը չբոլորած անձինք):
Թերևս սա այն դեպքը չէ, երբ պետք է սպասել, որ մրցույթը տարեցտարի ավելի մեծ թափ հավաքի: Եթե սկսվում է, պետք է միանգամից հավակնի բարձր չափանիշներ սահմանողի դերին:
Այսպես թե այնպես, ծավալուն գաղափարը պետք է արվեստի սահմանների մեջ դրվի: Եվ մեծ է վտանգը, որ եթե արվեստի սահմանները լղոզվեն, հօդս կցնդի հենց գաղափարը:
2017 թվականի «Ավրորա» լուսանկարչական մրցույթի հաղթողը «Վերջապես հանգիստ» լուսանկարն է (Արեգ Բալայան), երկրորդ տեղում է «Առօրյա ջրի խնդիրը սահմանամերձ Թլիկում» (Սարգիս Բուլղադարյան), երրորդ տեղում է «Անագե պատերի հետևում» (թաիլանդցի Վիզարուտ Սանխամ):
Լուսանկարների ընտրանին հավաքագրվել է «Մարդասիրության աչքերով» ցուցահանդեսում և բաց է հանրության համար «Դալան» պատկերասրահում:
«Ավրորա»-ի միջոցով հայերը շնորհակալություն են հայտնում 102 տարի առաջ իրենց փրկած մարդկանց: Այդ թվում նաև՝ այս մրցույթով: Թերևս լավագույն շնորհակալությունը կլինի արժեքային սանդղակի հստակեցումը: Մյուս տարի:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: