2017.05.12,

Քննադատ

Մարդը ցուցակում և ցուցակը մարդու մեջ

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Վերջին տարիների Հայաստանի ձեռբերումներից մեկը անհատի զարգացման վրա հիմնված կոնցեպտներից հրաժարվելն է:

Մարդակենտրոն հասարակության գաղափարի մասին քննարկումները դանդաղորեն դուրս են մղվում տարբեր ոլորտներից՝ հանրային գործիչների ճառերից, պետական ֆինանսավորում ունեցող մշակութային նախաձեռնություններից, դպրոցական ծրագրերից և մեդիա (հիմնականում, հեռուստատեսային) բովանդակությունից:

Մեծ ջանքեր ու ֆինանսներ են ներդրվում անհատական դրոշմը անկարևոր, երկրորդական, անէական դարձնելու համար: Անհատ չկա, կա միայն մեծի մասնիկ: Ասենք, ցուցակի տող:

Անհատը որպես ինքնաբավ ու անընդհատ զարգանալու ներուժ ունեցող միավոր այլևս ակտուալ չէ: Ակտուալ են խմբավորումները: Օրինակ, ազգային: Կամ ռազմական: Որքան մեծ, այնքան լավ: Որքան վերացական, այնքան ավելի լավ:

Այն կարգախոսը, որը առաջ քաշեց իշխանության հասած կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, իրականում, ընկավ պարարտ հողի մեջ: «Ազգ-բանակը» դարձավ միջոց՝ առանց տվայտանքների հրաժարվելու անհատական հարմոնիայի, ինքնազարգացման հաճույքի ու հարմարավետության մասին խոհերից:

Ասենք, եթե խոսվում է անհարմարավետ ու ստորացուցիչ պայմաններում քաղաքային տրասպորտով երթևեկելու մասին, պատասխանի մեջ անպայման հիշեցվում է հայ ազգի դարավոր տոկունությունն ու ռազմական գործողություններին պատրաստ լինելու առաքելությունը:

Եվ տրանսպորտի մասին հարց բարձրացնողը լռում է՝ շարունակելով խցկվել տհաճ ու հակահիգիենիկ երթուղայինների մեջ, քանի որ չի ցանկանում լինել հայ ազգից անջատ ու բանակի մարտահրավերներին անհաղորդ:

Կարծես մարդը ոչինչ է, եթե խոսում է միայն իր անունից՝ առանց միացնելու սեփական անձը ավելի խոշոր վերացական իմաստներին՝ ժողովրդին, հերոսներին, ու որպես դրա վերնաշերտ՝ ներկա իշխանություններին:

Բա, իհարկե, հարկավոր է սատարել Հայաստանի կառավարիչներին, քանի որ պատերազմող ու շրջափակված հանրապետությունը չի կարող թույլ տալ խոսել անձնական կոմֆորտից, կենցաղային խնդիրներից ու անհատական զարգացումից:

Մենք բոլորս պիտի բանակ լինենք: Լինենք ցուցակի տող: Լինենք բռունցք: Իսկ ցուցակի տողը կամ բռնունցքի մատը չի կարող բռունցքից դուրս լինել, քանի որ այդ դեպքում կասկածի տակ է դրվում հենց բռունցք-ցուցակի իմաստը:

Եթե հեռուստացույց եք նայում մեծ դադարից հետո, հաստատ նկատած կլինեք, որ էկրանից դուրս ցայտող լեզուն այնքան է ուռճացվել, որ այլևս աղերսներ չունի իրականության հետ:

Ալիքները կարծես լուռ համաձայնությունն են ձեռք բերել՝ խոսել այնպիսի լեզվով ու հյուր կանչել այնպիսի մարդկանց, որոնք տարբեր տևողության ու ձևաչափերի հաղորդումներում շեշտելու են միաբան, միասին լինելու իրենց ցնծանքը: Եվ անպայման՝ թշնամիներին (օրինակ, երգի մրցույթում կամ սպորտային հանդիպումներում) ոտնահարելու իրենց եռանդը:

Մայիսյան տոները գերհագեցրեցին լսարանը այդ եռանդուն առոգանությամբ: «Եվրատեսիլ 2017»-ի հեռարձակման ժամանակ, օրինակ, հաղորդավարներն այնպիսի ուժգին էին գոռում «Տեսե՛ք, ծածանվում է մեր եռագունը», «Մերոնք հաղթելու՛ են», որ տպավորություն էր, թե հիմա իրենց արտադրած պաթոսից ուղղակի պայթելու են:

Նրանք կապում էին երգի մրցույթը մայիսյան հաղթանակների ու մեր հերոսական անցյալի հետ՝ արհեստականորեն հնարված «եռատոն» բառը դարձնելով «քառատոն» և «հնգատոն»: Որքան շատ, այնքան լավ: Որքան վերացական, այնքան ավելի տոնական:

Փաստորեն, Հայաստանը ներկայացնող երգչուհին զինվոր է, որը բռնել է հերոսացման ուղին:

Իմաստային ծուղակները ոչ մեկին այլևս չեն հետաքրքրում, անգամ խրախուսվում են: Մայիսի 9-ին Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրված «Կյանք ու կռիվ-2» ֆիլմը դրա ապացույցն է: Մեր օրերի մասին պատմող այդ գեղարվեստական կինոնկարը արարում է մի իրականություն, որտեղ մարդ լինելու համար պետք է զինվոր լինել: Ոչ թե բժիշկ, դերասան, ուսուցիչ կամ պարզապես ինքնաբավ ու գործազուրկ մարդ, այլ բանակի մի մասնիկ: Եթե զինվոր չես, ուրեմն մարդ չես…

Բանակը անհատականության հականիշն է: Անձնականը լռեցվում է ու ստորադասվում ընդհանուր հրամանային համակարգին: Բանակում չեն մտորում, այլ ենթարկվում են:

Ինչպեսև չեն թողնում ռեստորանների ճաշկերույթն ու գնում օրինակ, թանգարան կամ գիրք կարդում: Ռեստորանը զանգվածային (ազգային, միաբան ու ուրախ) ժամանց է, իսկ սեփական ներաշխարհի զարգացման ու հարստացման գործողությունը՝ ինքնասույզ զբաղմունք:

Հիմա ինքնասույզ լինելու ժամանակ չկա: Հիմա քեզանից չի պահանջվում լինել անհատ, պահանջվում է լինել զինվոր: Եվ հետևաբար պատրաստ լինել մահվան ու նահատակության: Եվ ոչ թե կյանքի…

Պատահական չէ, որ հիմա Հայաստանում ամենատարածված բառ է դարձել «ցուցակը»: Բոլորը ինչ-որ ցուցակներով են շրջում, ինչ-որ բան բաժանում ցուցակագրվածներին, ինչ-որ բան ստանում ցուցակագրվածներց: Մեկ էլ տեսար, հայտնվեցին նոր ցուցակներ: Ոմանք էլ ասացին, թե դրանք այն ցուցակները չեն, որոնք ենթադրվում են, այլ հարակից ու հավելյալ այլ ցուցակների տեսակ են:

Կա նաև նուրբ հոգեբանական իրավիճակ. երբ մարդուն (նշանակություն չունի՝ կամա թե ակամա, ժամանակավորապես թե ընդմիշտ) ներառում են որևէ ցուցակում, այդ մարդն ավելի մեծ եռանդով ու հաճույքով է սկսում մյուսներին ևս ներառել ցուցակներում (նշանակություն չունի՝ նույն, թե բոլորովին այլ):

Ազատ ընտրության իրավունքից հրաժարված մարդը սիրում է մյուսներին էլ զրկել ազատ իրավունքի հնարավորությունից: Ես ցուցակում եմ, իսկ դու ինչո՞վ ես ինձնից լավը, որ ցուցակում չես ու ինձնից տարբերվում ես:

Տարբեր լինելը ուժ է պահանջում: Ցուցակից դուրս լինելը՝ նույնպես:

Եվ եթե հիմա Հայաստանի կառավարիչներն ուզում են, որ մենք ազգովի  հպարտանանք պատերազմով ու ամեն օր պատրաստ լինենք պատերազմի, տարբեր լինելը ավելի է բարդանում:

Տարբեր լինելը հիմա անհատ մնալն է: Անհատականությունը պատերազմի բացառությունն է:

Մարդն ուզում է պետք լինել ինքն իրեն: Նա պարզապես չի կարող երկար ապրել՝ կողք քաշված ու պետքականությունից զուրկ: Եվ երբ հանկարծ պարզում է, որ իմաստ պարունակող միակ բանը պատերազմն է, նա հրաժարվում է կյանքից ու ընտրում է պատերազմը: Հրաժարվում է անհատականությունից ու դառնում ցուցակի տող:

Հայաստանում պատերազմ են նաև ընտրությունները: Քվեաթերթիկը տուփը նետելը չի դիտարկվում որպես անհատական, ներքին խոհի վրա հիմնված գաղտնի գործողություն: Ընտրությունները դարձել են ռազմի դաշտ, որտեղ հարկավոր են ցուցակագրված զինվոր-քվեարկողներ, որոնք կատարում են հրահանգներ:

Հրամանատարները գոհ են, բայց Հայաստանի կենսունակությունը անկասելիորեն մարում է:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *