Վահրամ Մարտիրոսյան
Գրող, կինոդրամատուրգ
jail

«Մեդիամարտը» խաղ է, որ ստեղծվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) կողմից, լրագրությամբ հետաքրքրվողների համար։ Անկախ Հայաստանի մեդիան արդեն  ավելի քան քառորդ դարի պատմություն ունի, բայց կոռուպցիայի լուսաբանումը, կոռուպցիայի դեմ նրա պայքարը ավելի շատ հենց խաղի է նման, արդյունավետության տեսանկյունից։

2. Ճաղավանդակներից մեդիա նետված ահազանգեր(II մաս)

«Դոլարներ Քրեական օրենսգրքում»` այսպես է կոչվում «Գոլոս Արմենիի» թերթի հրապարակումներից մեկը (2009, հունվարի 20)։ Երկու անչափահասների միջև կռիվը վերջացել է դանակահարությամբ։ Ոստիկանության Կոտայքի բաժնի քննիչ Սերոբ Խաչատրյանը, իր բաժնի պետ Վիկտոր Պապյանի իմացությամբ, դանակահարողի մորից  5.000 դոլար է պահանջել։

ԱԱԾ աշխատակիցները տեղում ձերբակալել են քննիչին, փողը դրված է եղել Քրեական օրենսգրքի մեջ։ Խորհրդանշական է` Քրեական օրենսգիրքը ոչ թե մեղավորներին պատժելու միջոց է, այլ կաշառքի աղբյուր և այն թաքցնելու տեղ հանցագործ ոստիկանների համար։

Ապօրինի եկամուտի մեկ ուրիշ աղբյուր նախնական կալանքն է։ Ահա մի հատված Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի և Epress.am-ի «72 ժամ ազատությունից հետո. խոշտանգումներ ոստիկանությունում» համատեղ ֆիլմից (հեղինակ` Տիգրան Պասկևիչյան)։  

Մեկ ուրիշ կալանվածի` Մհեր Ադրեասյանի դեպքում ոստիկանությունը արձագանքել է  միայն այն ժամանակ, երբ խոշտանգման փաստը հանրայնացվել է։ «Ծեծը դադարել է ոչ թե ոստիկանների «գթասրտության», այլ նրանց վախի հետեւանքով: Նրանք տեսել են, որ Անդրեասյանն ուշագնաց է եղել, ինչից հետո Շտապ օգնություն են կանչել: Դեպքի վայր հասած բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել ծեծի ենթարկվածին ու հեռացել» («Հայկական ժամանակ», «Դաժան ծեծ ոստիկանությունում», 2012, նոյեմբերի 30):

Ֆիլմը ներկայացնում է նաև դեպքեր, երբ նախնական կալանքի ենթարկվածին ոստիկանության պատերի ներսում այնպես են ծեծել, որ նրան այլևս ո´չ բժիշկը կարող էր փրկել, ո´չ մեդիան։ Գյումրեցի Գալուստ Դիլանյանի դիակը հարազատներին է վերադարձվել կալանելուց մեկ օր անց։

Օրենքը պահանջում է, որ նախնական կալանքը չպարունակի պատժի տարրեր, բայց ըստ ֆիլմի փորձագետների, այն վերածվել է իսկական պատժի։ Իրավասու մարմինները մերժում են կալանման միջոցը փոխելու միջնորդությունների 90 տոկոսը, ընդ որում`  ղեկավարության պարտադիր հավանությամբ։ Իսկ ոստիկանությունում նախնական կալանքի փորձություններին հաջորդում են դատարանի, դատախազության, հաճախ նաև փաստաբանների փոխպայմանավորված կոռուպցիոն ճնշումը մեղադրյալների վրա։

Պատահական չէ, որ Եվրադատարանը պարբերաբար բեկանում է ՀՀ դատավորների վճիռները։ Այս գործընթացը արդարացիորեն «Քո գրպանից…» հաղորդաշարի շրջանակում է տեսել «Սիվիլնեթը». դատավորները անարդար վճիռ են կայացնում՝ փողի համար կամ քաղաքական ճնշմանը ենթարկվելով, իսկ վնասը փոխհատուցում է պետբյուջեն, որ գոյանում է մեր` ՀՀ քաղաքացիներիս հարկերից։

Եվրադատարանի նման վճիռների զգալի մասը վերաբերում է 2008-ի մարտի 1-ին ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ բողոքող ցուցարարների դեմ կիրառված բռնություններին։ Բազմաթիվ են նաև պետական գերակա շահի անվան տակ սեփականությունից զրկված բնակիչների վերաբերյալ վճիռները։ Հյուսիսային պողոտայի հարակից տարածքի երբեմնի սեփականատերերի խնդիրներին է նվիրված Տիգրան Պասկևիչյանի «Օտարում» տեսաֆիլմը։ Հեղինակ  պատմում է, թե ինչպես է իշխանությունը «բոյկոտել» լրագրողական հետաքննությունը։

 

Ֆիլմը, թարգմանվելով նաև անգլերեն, որոշակի նպաստ է բերել, որ Եվրոդատարանը բավարարի տուժած բնակիչների  պահանջները։

Պակաս խոսուն չեն և միջադեպերը, երբ ոստիկանությունը փորձել է «գործ սարքել» իրեն «անհանգստացնող» լրագրողների նկատմամբ։ «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանն արդեն հումորով է հիշում մի հրապարակում կանխելու անհաջող փորձը։

Հայկ Գևորգյանին կալանեցին վրաերթի համար, բայց ոստիկանությունը արագ հրաժարվեց մեղադրանքից` երկնչելով հանրային վրդովմունքից։

Իսկ ահա առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանը, որը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի («Լիսկա») հետ կապված քրեական սկանդալների մասին բազմաթիվ հրապարակումների հեղինակ է, հիասթափություն է ապրել` հավատալով բարձրաստիճան պաշտոնյայի` նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի խոստմանը. վերջինս հայտարարել է, որ հետևողականորեն ընթացք է տալու մեդիայի ահազանգներին, մասնավորապես, Ս. Խաչատրյանի կողմից Գորիսում անչափահաս տղայի ծեծելու վերաբերյալ Ա. Իսրայելյանի հրապարակմանը։ Մինչդեռ գործը մտել է փակուղի, իսկ իրավապահների` մասնավորապես նախկին զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի ջանքերը ուղղված են եղել միմիայն տեղեկատվական «արտահոսքի» աղբյուրը լրագրողից կորզելուն։

Փորձառու լրագրողն ի վերջո իր հոդվածներից մեկը («Հանցագործը հայտնի է, բայց բռնված չէ») ավարտում է այսպես. «Հ. Գ. Խնդրում ենք վարչապետ Տիգրան Սարգսյանին այս հրապարակման հետ կապված «ծառայողական քննություն» չնշանակել: Հանցագործությունը կոծկելու «ավանդական միջոցները» միանգամայն բավարար են»:

Խորհրդանշական այլ դեպքեր ևս հանդիպում են մեդիան հրապարակումներում։

13 հազար դոլար կաշառք է ստացել է ՀՀ ոստիկանության շտաբի… Բարեփոխումների մշակման և ծրագրերի համակարգման բաժնի ավագ տեսուչ Կարեն Խաչատրյանը (ճիշտ է, «մեկ հազարն» է պահել իրեն, մնացածը վերադասին է փոխանցել):

Լրագրողի զարմանքն է հարուցում, որ դատարանը հակված է մեղավոր ճանաչել 8-9 հոգու հարձակումից պաշտպանված երիտասարդին, որովհետև նրանցից մեկի` վթարային իրավիճակ ստեղծած «Գոլդ» 33 333 պետհամարանիշով մեքենայի տիրոջ հայրը Աջափնյակի հարկային ոստիկանության պետ Միհրան Դավթյանն է։

Մեդիան նշում է կաշառքի չափեր, որոնցից կարող ես կորցնել իրականության զգացողությունը։ «Վիզկոն» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Պավել Անդերսոնը հայտարարում է, որ միջնորդավորված և ուղղակի 750.000 դոլարի կաշառք է տվել Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանին և ԾԻԳ-ի տնօրեն Կարեն Դավթյանին «գերակա հանրային շահ» ճանաչված Բուզանդի փողոցում շենքեր սարքելու համար:

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության նախկին պետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, որ 50.000 դոլար կաշառք է վերցրել մահացու ավտովթարի մեղավորին անմեղ դուրս բերելու համար։

Ոմն Արամ Մարտիրոսյան 300 հազար դոլարով ազատել է իրեն ու եղբորը պատժից` կաշառելով Գավառի ոստիկանապետ Մանվել Շահինյանին, իսկ գործարքին մասնակցել է ՀՀ ոստիկանության քննչական վարչության նախկին պետ Հովիկ Թամամյանը:

Ճիշտ է, հաճախ է պատահում նաև, որ մեդիան միայն հպանցիկ է անդրադառնում կասկածելի ընթացք ունեցող քրեական գործերին, ինչի պատճառով շատ հանցագործություններ ավելի հեշտ է կոծկել տարբեր ատյաններում։ Հազվադեպ են նաև վերլուծությունները, ընդհանրացումները, մասնավորապես, թե ինչու են որպես կանոն նախկի´ն պաշտոնյաների խոշոր հանցագործությունները բացահայտվում և ոչ՝ ներկա։

Իրավապահ համակարգն իհարկե կոռուպցիոն բուրգի մի մասն է, բայց  առանձնահատուկ այն առումով, որ այստեղ է մեռնում մյուս ոլորտների կաշառասունությունից տուժած քաղաքացիների` ձեռներեցների, ներդրողների, շարքային զինվորների, քաղաքական և այլ ճնշումների ենթարկված մարդկանց վերջին հույսը։

Հոդվածաշարի սկիզբը՝ Ընտրության պատրանք
Ճաղավանդակներից մեդիա նետված ահազանգեր (I մաս)

Վահրամ Մարտիրոսյան
ՄՆԿ «Լրատուն» մեդիա թանգարան նախագծի ղեկավար