Հայաստանի քաղաքացիները այլևս միակ համապետական ընտրությունների ժամանակ պետք է ընտրեն 5 կուսակցությունների և 4 դաշինքների միջև: Պատգամավորական մանդատների համար մեկնարկող պայքարն արդեն ստացել իր բառային փաթեթավորումը:
Այսինքն, հայտնի են քաղաքական միավորումների կարգախոսները, որոնք զարմանալի միանման, միահամուռ ու որոշ իմաստով՝ անհեռանկարային են նրանց համար, ովքեր ընտրելու են ըստ սեղմ ուղերձների գրավչության:
Քաղաքականությունը սպառվող ապրանք է և ապրանքանիշի կարիք ունի:
Կարգախոսներից շատերը չհիշվող են, կարծես, ընտրողների ուշադրությունը գրավելու նպատակ չի էլ դրվել: Որոշ դեպքերում կարելի է մի քաղաքական միավորումի կարգախոսը հանգիստ փոխանցել մյուսին, և դրանից առանձնապես մեծ բան չի տուժի:
Համենայնդեպս, սրամիտ ու աչքի ընկնող բառային կապեր չենք տեսնում: Ի վերջո, ցանկացած կարգախոս կա՛մ պիտի բովանդակալից լինի կամ առնվազն վարակիչ, այսինքն, էներգիա պարունակի:
Ապրիլի 2-ին սպասվող ԱԺ ընտրությունների «խաղացողները» ավելի շուտ ոչ թե հակադրվում են ու առանձնանում, այլ միմյանց լրացնում են ու շարունակում:
Օրինակ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կարգախոսն է «Համախմբում, ժառանգություն, հաղթանակ», Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ընտրել է «Հայրենիք, սոցիալիզմ, աշխատանք», իսկ «Ելք» դաշինքը՝ «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ» կարգախոսները:
Երկու ստորակետներով բաժանված երեք գոյականների շարանը շատ պարզունակ, անգամ մեխանիկական դասավորության մասին է վկայում: Կարծես ընտրողին առաջարկվում է երեք հնարավոր տարբերակներից ընտրել մեկն ու ընդգծել այն: Գործողություն չկա (քանի որ բայ չկա):
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կարգախոսը՝ «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն», նույնպես եռաբար է, սակայն ավելի երկար ու բարդ բառեր-բաղադրիչներով, որոնք թեև ավելի կոնկրետ են (ի տարբերություն վերացական հայրենիքի, հաղթանակի ու համախմբումի), բայց առնվազն վերծանման կարիք ունեն: Մանրամասներին ու համատեքստին անծանոթ ընտրողը (իսկ այդպիսիք քիչ չեն) հաշտն ու բարիդրացիականը հանգիստ կարող են տարածել Հայաստանի ողջ քաղաքական դաշտի վրա:
«Ազատ դեմոկրատների» «Մենք կարող ենք» կարգախոսն այլ շարքից է. այն ավելի շատ ծիսակարգային է: Կարգախոսը ցույց է տալիս, որ կարողանալը կապված է «մենք»-ի հետ ու արդեն կարևոր չէ, թե արդյունքը որն է:
Սա հին ու բարի ավադույթ-կարգախոսների շարունակությունն է:
«Ծառուկյան» դաշինքի ընտրած «Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է» կարգախոսը թախիծ է առաջացնում: «Ժամանակ» բառը միանգամից ասոցացվում է անցյալում կատարված փոփոխությունների (Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից անհետանալու, հետո վերադառնալու չբացատրված որոշումների) հետ:
Իսկ կառուցելը տխուր մտքեր է ծնում թեկուզ այն պատճառով, որ կառուցելը ժամանակից դուրս գործողություն է, նույնիսկ այն հանգամանքներում, երբ դառնում է քանդելու հոմանիշը (ապակառուցելը): Ակամայից հարց է առաջանում՝ իսկ որտե՞ղ էիք մինչ այդ:
Հայ յեղափոխական դաշնակցությունը ընտրություններին մասնակցում է «Նոր սկիզբ, արդար Հայաստան» նշանաբանով: Ամենաերկար պատմական անցյալն ունեցող կուսակցությունն ուզում է մոդեռնացվելու հայտ ներկայացնել: Այսինքն, վերբեռնում է թե՛ Հայաստանը, թե՛ ինքն իրեն: Այդ հայտը դժվարությամբ կարող է արձագանք գտնել ընտրողների շարքերում, եթե, իհարկե, նրանք ՀՅԴ նվիրյալ համախոհներ չեն:
Հայաստանի հանրապետական կուսակցության «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսն այնքան ճակատային կերպով է կապում իրար այդ երկու բառերը, որ անգամ կարող է դիտվել շատ պրովոկատիվ:
Ասենք, հարց բարձրացնի ընտրողների մոտ՝ միգուցե անվտանգությունը առաջընթացի խոչընդո՞տն է: Ի վերջո, պատմությունը ցույց է տալիս, որ հետընթացը սկսվում է հենց հանուն անվտանգության արված սահմանափակումներից:
«Հայկական Վերածնունդ» կուսակցությունը (վերանվանված ՕԵԿ-ը) ընտրություններին կգնա իմպերատիվ «Քվեարկի՛ր հանուն փոփոխության, քվեարկի՛ր հանուն վերածննդի» կարգախոսով, որը մեծ հաշվով՝ ոչ մի բանի մասին է, պարզապես երկար է ու սիրուն: Եվ անհասկանալի է, թե հատկապես որ դարաշրջանն է վերածնվելու (միգուցե միջնադարը՞):
Այս կուսակցության կարգախոսը երկուսից մեկն է, որտեղ կա բայ, և այդ բայը հրամայական ձև ունի: Այսինքն, միասին որևէ բան անելու առաջարկ չեն անում: Օրինակ, ինչպես ասում էր Դոնալդ Թրամփը «Դարձնենք Ամերիկան հզոր կրկին», կամ Վլադիմիր Պուտինը՝ «Բարձրացնենք Ռուսաստանը ծնկաչոք վիճակից»:
Մեր կուսակցություններն ու դաշինքները նման հուզական ու կինոպատմություն հիշեցնող կարգախոսների կարիք այլևս չունեն: Նրանք պարզապես ասում են՝ մենք կարող ենք, դու քվեարկիր:
Իրականում ամենաակտուալ կարգախոսն այսօրվա Հայաստանում կարող էր լինել սա. «Ցրենք մառախուղը», որը բացի բուն իմաստից նաև այլաբանական ենթատեքստ ունի: Ակնարկում է խնդիրներն ավելի պարզ ու թափանցիկ դարձնելու մասին:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: