2017.01.24,

Քննադատ

«Իսկ ովքե՞ր են դատավորները»

author_posts/mesrop-harutyunyan
Մեսրոպ Հարությունյան
twiterfacebook

Կոչումով` արձակագիր

Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» ստեղծագործությունից հայտնի այս հարցն եմ ամեն անգամ հիշում, երբ այս կամ այն տեղ հայտնվում են ինտերնետային բովանդակության նկատմամբ այս կամ այն կերպ վերահսկողություն սահմանելու մասին տեղեկություններ, կոչեր, պահանջներ կամ անգամ գործողություններ:

Ահա, անցյալ շաբաթ երկու նման տեղեկություն եղավ Գերմանիայից: Ըստ մեկի՝ Գերմանիայում կարող են տուգանել սոցիալական ցանցերին՝ ատելության հրահրող բովանդակության դեմ բողոքից հետո 24 ժամվա ընթացքում դրան չարձագանքելու համար:

Ըստ երկրորդի՝ Ֆեյսբուքը Գերմանիայում ներդնում է կեղծ լուրերի դեմ պայքարի համակարգ. «…գերմանացի օգտատերերն ավելի հեշտորեն կկարողանան հայտնել այն մասին, որ այս կամ այն նորությունը, նրանց կարծիքով, չի համապատասխանում իրականությանը: Facebook ընկերությունը հայտնել է նաև, որ նորությունների ստուգմամբ կզբաղվի հատուկ դրա համար վարձած կողմնակի ընկերություն: Ոչ վստահելի նորությունները կնշվեն հատուկ նշանով»:

Ու միանգամից հարցեր են առաջանում.

ա) Ի՞նչ է կեղծ տեղեկությունը, եթե ինչ-որ մեկը, ինչ-որ տեղեկություն անվանում է կեղծ, այդ տեղեկությունն արդեն իսկ կե՞ղծ է… Եթե այդպես լիներ աշխարհի լրատվամիջոցներում հրապարակվող և հատկապես քաղաքական գործիչներին վերաբերող տեղեկությունների 90 տոկոսը (եթե ոչ ավելին) պիտի կեղծ համարվեր, որովհետև հենց վերջիններս են հակված հերքելու իրենց մասին լուրերը՝ շատ հաճախ անգամ լրատվամիջոցների մոտ ապացույցների առկայությամբ:

Անհրաժեշտ է հիշել, որ տարբերություն կա կեղծ և չստուգված տեղեկությունների միջև, և որ չստուգված, դեռևս չի նշանակում կեղծ: Ավելին՝ տեղեկության կեղծ, զրպարտչական կամ վիրավորական լինելը, վեճի առկայության դեպքում, կարող է որոշել միայն դատարանը: Իսկ հիմա ստացվում է, որ բողոքի դեպքում Facebook-ը պիտի սկսի ստուգել տեղեկությունը և նշել իբրև անվստահելի: Այսինքն Facebook-ն իրեն վերապահում է դատավորի դեր:

բ) Մենք գիտենք, թե այս կամ այն պատրվակով (տվյալ դեպքում՝ ատելություն հրահրող գրառման) լրատվամիջոցի (տպագիր, հեռարձակվող, թե ցանցային) բովանդակության վրա վերահսկողություն սահմանելը ինչի կարող է հանգեցնել: Չհիշեցնեմ խորհրդային գրաքննությունը. «գլավլիտ» կոչվող կառույցը պետական գաղտնիքի պահպանության անվան տակ կարող էր արգելել «կուսակցական գծից շեղված» ցանկացած հրապարակում: Ռուսաստանի «Ռոսկոմնադզոր» կոչվող կազմակերպությունն ունի կայքերն արգելափակելու իրավասություններ (ի դեպ՝ պաշտոնական վարկածով նույնպես ատելության, բռնության և այլ կոչերի համար), ու այսօր համացանցում իրականացնում է նույն խորհրդային «գլավլիտի» ֆունկցիան: «Ռոսկոմնադզորին» դուր չեկած ամեն բան մտցվում է որևէ սահմանափակման տակ, և կայքն արգելափակվում է:

«Լավ, քե՞զ ինչ, թե Գերմանիայում ինչ են անում»,- կհարցնի ընթերցողը:

Պատասխանեմ. անմիջապես միտքս է գալիս 2014 թվականի գարնանը Հայաստանի խորհրդարանում քննարկված և «ֆեյքերի մասին օրենք» անունը ստացած նախագիծը, որը, մեր և մեր գործընկերների բազմաթիվ քննադատություններից հետո, բարեբախտաբար, հանվեց քննարկումից: Այնտեղ էլ առաջարկվում էր անցանկալի բովանդակությունը հեռացնել առանց դատ ու դատաստան. պարզապես ինչ-որ մեկը կարող էր ձեր գրառումը համարել իր համար վիրավորական կամ զրպարտչական և պահանջել հեռացնել այն:

Եվ երբ աշխարհի որևէ ծայրում, որևէ երկրում համացանցային բովանդակության նկատմամբ վերահսկողության վերաբերյալ նախաձեռնություններ են ի հայտ գալիս, Հայաստանում վախով սպասում են դրանց ավելի վատ արձագանքին ու դրսևորումներին:

Այսպես, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունեց «Դելֆիի» գործով վճիռը, որով մեկնաբանությունների համար պատասխանատվությունն ըստ էության դրեց լրատվական կայքերի ղեկավարների վրա, Հայաստանում անմիջապես գլուխ բարձրացրին «ֆեյքերի մասին» օրինագծի հեղինակները («ըհը, տեսա՞ք… »)՝ առանց խորանալու «դելֆիի գործի» մանրամասներից մեջ: Դարձյալ բարեբախտաբար՝ այն ժամանակ դարակներից չհանեցին այդ փոշոտ նախագիծը:

Վախենամ գլուխ բարձրացնեն նաև այս դեպքում: Եվ եթե Գերմանիայում պատրաստվում են անցանկալի բովանդակություն համարել միայն ատելություն հրահրող խոսքը, ապա մեզանում ինչ ասես կարող են մտցնել այդ «անցանկալի բովանդակության» տակ. սկսած քաղաքական գործչի աչքի վերևի հոնքի հիշատակումից, մինչև սուր ծաղրանկար: Ու կպահանջեն հեռացնել այդ բովանդակությունը՝ առանց դատ ու դատաստան:

Չէ՞ որ իրենք են «դատավորները»:

Մեսրոպ Հարությունյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *