ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ՝ «Նախընտրական քարոզչությունը զանգվածային լրատվության միջոցներով» հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի պահանջներին համապատասխան` հեռուստաընկերություններն ու ռադիոընկերությունները հայտարարել են ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության համար տրամադրվելիք վճարովի եթերաժամի իրենց սակագները (տե՛ս Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կայքում):
Մենք չենք անդրադառնալու սահմանված սակագների բարձր կամ ցածր լինելուն. դա, ըստ էության, կարգավորված է Ընտրական օրենսգրքի վերը հիշատակված հոդվածով, ըստ որի՝ մեկ րոպեի գինը «…չի կարող գերազանցել ընտրությունների նշանակմանը նախորդող վերջին վեց ամսվա համար առևտրային գովազդի միջին գինը»:
Այսինքն՝ սակագնի բարձր կամ ցածր լինելը քննարկելու հարց էլ չէ, մանավանդ, որ մենք, ծանոթ չլինելով հեռուստառադիոընկերությունների նախորդ վեց ամիսների առևտրային գովազդի գներին, պարզապես պիտի ենթադրենք, որ նրանք հետևել են օրենսդրական պահանջներին:
Այս պահին մեզ այլ խնդիր է մտահոգում: Բանն այն է, որ նախընտրական քարոզչություն իրականացնելու համար տրամադրվելիք վճարովի գովազդի սակագներ են սահմանել նաև այն հեռուստաընկերությունները, որոնք այս պահին ՀՀ իշխանությունների (առաջին հերթին՝ Ազգային ժողովի) անգործության պատճառով դեռևս հեռարձակվում են անալոգային հաճախականություններով: Այդպիսիք Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացրած ցանկում ութն են:
Արդեն քանի տարի է` լրագրողական կազմակերպությունները բառիս բուն իմաստով ահազանգ են հնչեցնում, որ թվային հեռարձակման հանրային ցանցով հեռարձակում իրականցնելու լիցենզիա չստացած տեղական կայանները կարող են հայտնվել փակման եզրին, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը չի նպաստում մասնավոր մուլտիպլեքսի մուտքին, ինչի հետևանքով անընդհատ հետաձգվում է հիշյալ հեռուստաընկերությունների թվային հեռարձակումը:
Իսկ կառավարությունն ու խորհրդարանը, փոխանակ արմատական լուծում տան այս խնդրին, ընդամենը օրենքում սահմանել են, որ հեռուստաընկերությունների անալոգային հեռարձակման լիցենզիան երկարացվում է մինչև մասնավոր մուլտիպլեքսորի մուտքը:
Այնինչ լրագրողական երեք կազմակերպություններ՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, մշակել և Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովին ու խմբակցություններին են ներկայացրել օրենքի փոփոխությունների երկու նախագիծ, որոնք ընդունվելու դեպքում կարագացնեին մասնավոր մուլտիպլեքսների մուտքը:
Այդ նախագծերով նախատեսվում է ոչ թե անպայման համազգային սփռման մուլտիպլեքսների ստեղծում (ինչպես գործող օրենքով է սահմանված, ինչն էլ հենց մասնավոր մուլտիպլեքսի ստեղծման խոչընդոտ է), այլ՝ փոքր՝ մեկ մարզ, անգամ մեկ կամ մի քանի համայնք ընդգրկող:
Սա առայժմ անալոգային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերություններին հնարավորություն կտար, որ, հարևան Վրաստանի փորձից ելնելով, հենց իրենք դառնան մուլտիպլեքսոր, մանավանդ, որ հեռուստաընկերություններից մի քանիսը պատրաստ են գնալ դրան ու համապատասխան ծախսեր անել:
Այսինքն` նախագիծը կա, առաջարկությունը պրակտիկ նշանակություն ունի, տեղական կայանները պատրաստ են ու համաձայն, և միայն իշխանությունն է, որ այդպես էլ ձեռք չի զարկում թվային հեռարձակումը զարգացնելու գործին:
Իսկ հիմա էլ սկսվում է նախըտրական ժամանակաշրջանը, և հեռացող խորհրդարանը հազիվ թե որոշի անդրադառնալ այս խնդրին: Եվ անգամ եթե անդրադառնա ու ընդունի փոփոխությունները, այս քարոզչության ժամանակաշրջանի համար դժվար թե այդ ութ ընկերությունները հասցնեն մասնավոր մուլտիպլեքսի թվային ցանց ստեղծել:
Այս բնագավառում իր անգործությամբ իշխանությունը, ըստ էության, խոչընդոտում է հատկապես մարզերում և հատկապես հենց նախընտրական քարոզչության ժամանակաշրջանում բազմակարծիք ու բազմազան եթեր ունենալուն, որովհետև միանգամայն պարզ է, որ անալոգային հեռարձակում իրականացնողները չեն կարող ունենալ այնքան լսարան, որքան թվային ցանցով հեռարձակողները:
Մեսրոպ Հարությունյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: