2016.12.05,

Քննադատ

Մեդիայում հաճախ հանդիպող մանիպուլյատիվ 5 հնարքներ

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Ցանկացած խնդիր լուծելու համար նախևառաջ հարկավոր է ընդունել, որ այդ խնդիրը կա: Չփախչել, չձևացնել, թե ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես կարգն է, այլ տարբերակել ու ընդունել շեղումները: Դա իրավացի պնդում է թե՛ քաղաքականության, թե՛ հոգեբանության, թե՛ լրատվական դաշտում: Այսպես թե այնպես մենք ամեն օր ռմբակոծվում ենք ինֆորմացիայով, և արժե դասակարգել լուրերի հոսքը:

Մեդիա մանիպուլյացիների ազդեցության տակ չհայտնվելու համար ցանկալի է որպես առաջին քայլ ընդունել, որ այդպիսի մանիպուլյացիները գործածվում են թե՛միջազգային, թե՛ տեղական մեդիա դաշտում: Եվ բավականին արդյունավետ են գործածվում:

Նույնիսկ եթե լրագրողները կամ ռեպորտաժի հեղինակները վստահ են, որ իրենց բովանդակությունը կառուցում են անկեղծ ու անաչառ սկզբունքներով, գոյություն ունի լրահոսի համատեքստ, որը տեղեկատվության ֆրագմենտները դասավորում ու մատուցում է այնպես, ինչպես ձեռնտու է որոշ ֆինանսական կամ քաղաքական միավորումներին: Մեդիան ուզում է ուղղորդել մեզ, իսկ մենք կարող ենք կա՛մ հնազանդորեն ուղղորդվել, կա՛մ գոնե գիտակցաբար:

Մեդիա մանիպուլյացիաների հնարքները շատ են ու մանրամասն նկարագարված դեռ տասնամյակներ առաջ: Ահա մի քանիսը.

  1. Ուշադրության շեղում

Սա հիմնական մանիպուլյատիվ հնարքն է, որն օգնում է ուշադրության սլաքները կարևոր խնդիրներից ուղղել դեպի ոչ կարևոր իրադարձությունները: Լրատվական դաշտը անընդհատ հագենում է նորանոր մանր ու աննշան դեպքերով, դրանց մասին կարծիքներով և մեկնաբանություններով, ինչի արդյունքում ինֆորմացիոն ծամոն է ստեղծվում ու կլանում ոչ միայն լուրջ խնդիրները, այլև դրանց հնարավոր լուծումների մասին քննարկումները:

Ուշադրության շեղումը օգնում է հաղթահարել հասարակական կյանքում առկա հոգեբանական դիմադրությունը: Մարդը կարծես թե միշտ հետևում է լրահոսին, տեղյակ է, քննարկում է, վիճում սոցցանցերում, մի խոսքով՝ ամեն օր տեղեկության իր չափաբաժինն է սպառում: Բայց նրա սպառած տեղեկությունը արժեք չունի ու չի կարող ազդել քաղաքական և տնտեսական վերնախավի ընդունած որոշումների վրա:


Վերնախավին ձեռնտու է շեղել մարդու ուշադրությունը սոցիալական խնդիրներից և անարդարության մասին հարցերից ու հեղեղել նրա ուղեղը երկրոդական հարցերով և սկանդալային լուրերով: Կարճ ասած՝ պահել մարդկանց անկարևոր հարցերի գերության մեջ:

Լավ կլինի պարբերաբար սթափվել ու թոթափել մանր լուրերի կապանքները՝ ընդարձակելով տեսահորիզոնը:

  1. Բոլորի նման լինելու հորդոր

Երբ մարդը հայտնվում է բարդ, խճճված և երկիմաստ իրավիճակներում, սկսում է որոնել միակ ճիշտը, քանի որ երկիմաստությունը դեմ է մարդկային էությանը, այն չի կարող տևական լինել և անպայման պետք է լուծում ստանա: Նման իրավիճակներում օգնության է գալիս «Արա այն, ինչն անում են բոլորը» սկզբունքը: Ասենք՝ գնիր տվյալ մոդելի հեռախոսը, դիտիր հենց այդ ֆիլմը, հավատա հենց այս աղբյուրներին, քանի որ այդպես է անում մեծամասնությունը: Այդ հորդորը սոցիալական ապացույցի պես մի բան է:

Շատերը ասում են, որ… ուրեմն դու էլ ասա, եթե չես ուզում սպիտակ ագռավի դերում հայտնվել:

Այդ սկզբունքի համաձայն՝ եթե մի բանը (նշանակություն չունի սուտ, թե ճիշտ) կրկնում ես հազարավոր անգամներ, մարդիկ սկսում են հավատալ, քանի որ ուզում են մեծամասնություն լինել:
Լրատվական դաշտում այդ հնարքը հաճախ կիրառվում է տեղեկատավական պատերազմներում և ընդհանուր հոսքից անջատ գործող անձանց և երևույթները բնութագրելու ժամանակ: Մեդիան լսարանին անընդհատ նույն միտքն է հրամցնում՝ զուգահեռաբար հուշելով, թե որքան վտանգավոր է ունենալ հակառակ կարծիքը:

Լավ կլինի սեփական կարծիքը ձևավորել` խուսափելով հարմարավետ և դոգմատիկ տեսակետներից: Ի վերջո, բացարձակ ճշմարտություն գոյություն ունենալ չի կարող:

3. Ավելի շատ էմոցիաներ, քան միտք

Հույզերի խտացումը դասական հնարք է, որն օգնում է արգելափակել լսարանի վերլուծելու և քննադատելու ունակությունը: Ծայրահեղ հուզական բովանդակությունը լսարանին ժամանակ ու ուժ չի թողնում ռացիոնալ մտածելու համար, քանի որ միանգամից սկսում է աշխատել մարդու ենթագիտակցության հետ և արթնացնում է թաքնված վախերը, իղձերն ու տագնապները:

Արդյունքում ուժեղ հույզերի մեջ սուզված ու ռացիոնալ միտքը բթացրած մարդուն հնարավոր է լինում թելադրել վարքի այն մոդելը, որն անհրաժեշտ է վերնախավին:


Վախեցնող լրահոսը (մեր շուրջը դավադրություններ են, պատերազմներ, թշնամիներ, ցավ, արյուն ու դավաճաններ) ահազանգ է, որ լսարանին ուզում են կախյալ վիճակում պահել և համոզել, որ միակ վստահելին ու կայունը իշխանությունների դիրքորոշումն է, որին և հարկ է շնորհակալ լինել:

Այս դեպքում շատանում են պաթետիկ ու հռետորական հնչերանգները, որոնք ձևավորում են տեղեկությունը՝ խտացնելով ոչ ռացիոնալ ընկալումը:

Եթե զգում եք, որ հուզական բաղադրիչը գերակշռում է լրահոսում, փորձեք զատել տեղեկությունը դրա մեկնաբանությունից: Այլ կերպ՝ մերկացրեք փաստը և հետո միայն մտորեք դրա մասին:

4. Դանդաղորեն ընտելացնելու էֆեկտը

Եթե անհրաժեշտ է լինում ընդունել ոչ պոպուլյար որոշումներ, դա արվում է լրատվական նետումների տեսքով՝ քայլ առ քայլ, սկզբից` որպես ենթադրություն, հետո` որպես կարծիք: Հետո՝ հրապարակվում է այդ որոշման մերժումը, որը մի քանի օր հետո նորից է հաստատվում:

Ինֆորմացիան դրվում է ճոճանակի վրա ու տարուբերվում: Այն չի հանգուցալուծվում, փոխարենը անընդհատ պահվում է օրակարգում որպես հակասական հարցերի կծիկ: Անգամ վերջնականորեն էլ չի հաստատվում: Եվ լսարանը ընդունում է, որ այդպես պիտի լինի:

Մարդը սովոր է հավատալ վաղվա օրվան ու անընդհատ հետաձգում է տհաճ որոշումներին առերեսվելու պահը: Մեդիա կառավարիչները դա լավ օգտագործում են՝ բերելով այնպիսի փաստարկներ և խոսելով այնպիսի բառապաշարով, որ տպավորություն ստեղծվի, թե իրենք իմաստուն հայրեր են, իսկ լսարանը՝ դեռահաս պատանի:


Դա օգնում է պահպանել սոցիալական վերահսկողությունը, քանի որ եթե դիմում ես լսարանին որպես մանուկների, լսարանը հենց այդպես էլ ընկալում է ինքն իրեն: Այսինքն՝ ընդունում է, որ լրահոսը կազմում են իրենցից ավելի հասու, խելացի և բանիմաց մարդիկ, որոնք անպայման գիտեն, թե որն է ելքն ու պատրաստ են այն ցույց տալ:

Ինֆորմացիայի ճոճանակը ինֆանտիլ է դարձնում լսարանին՝ ջրիկացնելով ու հետաձգելով իրադարձությունը: Խուսափեք նստել այդ ճոճանակին, այն, միևնույն է, նույն տեղում է մնում:

5. Որոշակի մարդկային կերպարների շրջանառում

Մեդիան նորաձև է դարձնում որոշակի մարդկանց կերպարներն ու վարքագիծը՝ անընդհատ շրջանառելով դրանք թե՛ լրահոսում, թե՛ սերիալներում, թե՛ տարբեր շոուներում:

Փորձը ցույց է տալիս, որ հիմնականում շրջանառվում են միջակ, անկիրթ և թշվառ մարդկանց կերպարները: Եվ եթե տեսնում եք, որ կերպարները հիմնականում միանման են (օրինակ՝ միամիտ, աղմկոտ, բռնություն կիրառող, դժբախտ, աղքատ), ուրեմն հենց այպիսին են ուզում տեսնել մեզ մեդիա կառավարիչները, որոնք էլ իրենց հերթին են ենթարկվում տարբեր քաղաքական ու տնտեսական կառավարիչներին:

Այդ դեպքում լսարանին համոզում են, որ իրեն շրջապատող անարդարությունները բնական են ու սպասելի, քանի որ հասարակության ընդհանուր ցածր մակարդակը թույլ չի տալիս ակնկալել դրական փոփոխություններ: Արդյունքում լսարանը ոչ թե ըմբոստանում է, այլ ընտելանում անգործությանը:

Հասկանալի է, որ եթե լսարանի ինքնարժեքը ցածր է, այն ավելի հեշտ է կառավարվում ու կախվածություն ձեռք բերում մեդիա բովանդակությունից: Հիմնականում՝ հեռուստատեսային:

Այս դեպքում լավագույն տարբերակը հեռուստացույցն անջատելն է: Կյանքը հաստատ ավելի հուսադրող ու գունեղ է, քան դրա պատրանքը հեռուստացույցում:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *