ՀՀ սփյուռքի նախարարությունը պարբերաբար հանդես է գալիս կոչերով: Վերջինը սա է. «Դու՛ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար»:
Իր կայքում նախարարությունը հայտարարում է, որ դա լինելու է համահայկական շարժում: Որքան թույլ է տալիս հասկանալ պարզ տրամաբանությունը, կոչը դառնալու է շարժում, որի մեջ հայտնվելով, յուրաքանչյուրը պետք է զեկուցի նախարարությանը, թե ինչ է անում (հիմա) Ղարաբաղի համար: Ինչպե՞ս զեկուցի: Լուսանկարվելով:
Նախարարությունը բացել է Ֆեյսբուքում հատուկ էջ, որտեղ կուտակում է կոչով լուսանկարների գործածման օրինակները:
«Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին՝ What Are You Doing for Karabakh? և հետևեք շարժման գործընթացին՝ մաս կազմելով այս հիանալի համահայկական ձեռնարկին: Ձեռնարկները մեկնարկելու և հայկական աշխարհում հանրայնացնելու նպատակով յուրաքանչյուրիդ խնդրում ենք լուսանկարվել՝ պարզելով «Դու՛ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» ցուցապաստառը (կցված է) և ուղարկել մեզ՝ ֆեյսբուքյան էջում և լրատվամիջոցներում հրապարակելու և տարածելու համար»,- ասված է պաշտոնապես:
Լուսանկարվելը ինքնանպատակ է, որի հետագա ընթացքը կիրառելիություն չունի, ընդամենը ցուցապաստառով ցուցադրությունն է:
Դա այդպես է, որքան էլ ինքնահռչակվի որպես «հիանալի համահայկական ձեռնարկ»: Հետաքրքիր է, թե ի՞նչ նկատի ունեն՝ ասելով «ձեռնարկ»: Իսկ շարժու՞մ… Մանավանդ, եթե լուսանկարը ժամանակի սառեցման հնարք է:
Իհարկե, սփյուռքի նախարարությունն՝ իր տեքստերով, կոչերով ու մտածելակերպով, եզակի և սաստիկ հնաոճ է, բայց խնդիրն այն է, որ այն (ինչպես տարբեր այլ կառույցներ) գրում է մամուլի հաղորդագրություններ ու ակտիվ գործունեություն ծավալում սոցցաներում:
Եվ շատ լրատվամիջոցներ տարածում են մամուլի հաղորդագրություններն առանց փոփոխելու, որպես հերթական պաշտոնական փաստաթուղթ, որն անգամ լուր դառնալու ներուժ չունի: Անկեղծ ասած՝ մամուլի հաղորդագրությունների մեծամասնությունը հնարավոր էլ չի խմբագրել, քանի որ բառակույտերն ու իմաստի լղոզումը դրանցում իդեալական է համընկնում. եթե փորձես տրամաբանորեն դրանք վերաշարադրել, փուլ կգա ողջ տեքստը:
Շատ լրատվամիջոցներ չեն ցանկանում խորասուզվել հաղորդագրությունների մեջ՝ իմաստ որոնելու նպատակով, այլ պարզապես հրապարակում են սփյուռքի նախարարության հերթական պաթետիկ-բյուրոկրատական գրվածքը կամ էլ այն բառացի մեջբերում են:
Սա երկար, բայց ուշագրավ մեջբերում է, որը բացատրական բառարանի կարիք ունի, քանի որ հարկավոր է բյուրոկրատական լեզվից թարգմանել հայերեն.
«Գերատեսչության ղեկավարը հանձնարարեց առավել հետևողականորեն կազմակերպել և տարածել «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժումը, լայնորեն լուսաբանել դրա շրջանակներում Սփյուռքի համայնքներում իրականացվող միջոցառումներն ու նախարարության իրականացրած աշխատանքները, շաբաթվա վերջում ամփոփել և ներկայացնել ՀՀ կառավարության Տեղեկատվական, վերլուծական կենտրոնին: Նախարարն առանձնակի կարևորեց գերակա խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները հետևողականորեն իրականացնելը»:
Եթե փորձենք միացնել իրար սովետական նոմենկլատուրային լեզուն ու «Դու ի՞նչ ես արել Ղարաբաղի համար» հրամայական կոչը, տպավորություն կստեղծվի, որ բոլորս հայտնվել ենք մեկ դար առաջ գոյություն ունեցող արյունալի հեղափոխության շեմին: Հարցն ինքնին ենթադրում է, որ մենք ինչ-որ բան անում ենք, քանի որ եթե չենք անում, մեզ պատիժ է սպառնում:
Ասենք, կարող են ասել, որ եթե չես լուսանկարվում, ուրեմն ոչինչ չես անում: Հետևաբար, Ղարաբաղի դեմ ես:
Վերջերս ՀՀ վարչապետը հարցազրույց էր տվել և ասել, որ հարկավոր է փոխել ծառայողի իմիջը, բայց ոչ ոք չէր սպասի, որ փոփոխությունները պետք է լինեն դեպի բառային մշուշներն ու իմպերատիվները, որոնք և կազմում են երկերեսանի համակարգերի առանցքը:
«Կոչ ենք անում 2017թ. սփյուռքյան համայնքների կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումները նվիրել Արցախին (փառատոներ, մշակութային երեկոներ, մրցույթներ, արյունատվչության ձեռնարկներ, համերգներ, ցուցահանդեսներ, դրամահավաքներ և այլն)»,- ասված է սփյուռքի նախարարության հավելված-կայքում:
Օրինակ, եթե մեր գյուղում պարի փառատոն է, ես կարող եմ կանգնել ու ասել՝ նվիրում եմ իմ պարը Ղարաբաղին: Հետո էլ ավելացնեմ՝ դրանով ես միանում են «Դու ի՞նչ ես արել Ղարաբաղի համար» շարժմանը: Այսինքն՝ իմ շարժումը (պարը) հենց այնպես չի մնա, այլ կլինի նվիրված (ինչպես և ինձ հրամայել է սփյուռքի նախարարը):
Եվ հենց այն պահին, երբ իմ պարը (միջոցառումը) նվիրված դառնա, ինձ կասեն՝ ապրես, որ նվիրեցիր քո ունակությունը համահայկական գաղափարին:
Փաստն այն է, որ այսպիսի լուրեր է կարևորում նախարարությունը և իր կայքում վերատպում սոցցանցերից ստացված լուսանկարները: Հայտնի է դառնում, որ, օրինակ, Մյունխենի հայկական դպրոցը, որի «կամավոր ուսուցչուհիների և ուսուցիչների քրտնաջան աշխատանքի շնորհիվ ամուր հիմք է ստեղծվել այսօր՝ հայերենի զարգացմանն ու հայապահպանությանը նպաստելու համար», ևս միացել է «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» կոչին:
Այսինքն՝ իր «քրտնաջան աշխատանքը» «նվիրել» է, այնպես, ինչպես իրենից պահանջվել է:
Դպրոցի սաները գերատեսչության հաստատած լուսանկարը բռնել են, խմբակային լուսանկարվել և հետո այդ լուսանկարներով լուսանկարը ուղարկել Հայաստան՝ այն հետագայում նախարարության էջում տեսնելու ակնկալիքով:
Նախարարությունը գոհ է:
Կամ էլ պարզապես զվարճանում է՝ «քրտնաջան աշխատանքի» պատրանք ստեղծելով ու անգամ չթաքցնելով, որ իր իմիջը (դատարկ ու ամպագոռգոռ) անփոփոխ է մնալու:
Սփյուռքի նախարարն ասել է (և այն էլ պետական լրատվակական գործակալությանը), թե լավ է, երբ «ընտանիքը հայրենասիրական մեծ պաթոսով է դաստիարակում իր զավակներին»: Իսկ դա նշանակում է, որ «զավակները պաշտպանում են հայրենիքի սահմանները»:
Մի կողմ դնենք, որ «մեծ պաթոսն» ու «հայրենասիրությունը» հակադարձ բաներ են, կարևորն այն է, որ նախարարը սխալվում է՝ հայրենիքը սահմաններ չունի: Հայրենիքը ընդամենը ընկալում է: Ինչպես նաև սփյուռքը:
Սփյուռքի նախարարության կառուցվածքը տպավորիչ է, մանավանդ ինֆոգրաֆիկայի տարբերակով:
Այն կարողանում է այնպիսի հանրային կոչեր ուղարկել մեզ, որ մենք ակամայից հայտնվում ենք աբսուրդի թատրոնի բեմում՝ որպես դերասաններ, որոնց համար դեր են գրում զոմբիները:
Եվ որպես դեռ չզոմբիացված էակներ՝ մենք կարող ենք լուսանկարվել պաստառ-կոչով, այն ուղարկել նախարարություն հետևյալ պատասխանով. «Ես մտածում եմ: Դա եմ անում: Իսկ Դու՞ք»:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: