2016.11.18,

Քննադատ

Լրատվական դեկորացիաների մեջ ապրելով

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Բոլոր իշխանություններին էլ անհրաժեշտ են դեկորացիաներ (բառային, գունային, նշանային, իմաստային), որպեսզի հնարավոր դառնա կուտակել հանրային ուշադրությունը ու վերածել այն ուժի, փողի, հեղինակության:

Դեկորացիաների հիմքը մեդիա լուսաբանումն է: Այն, ինչի մասին խոսում կամ լռում է մեդիան, ի վերջո, դառնում է ինֆորմացիոն մի զանգված, որտեղ ճշմարտությունն արդեն դժվար ճանաչելի է: Կիսաճշմարտության ու կիսահորինվածքի պայմաններում իշխանություն տենչողները կառուցում են իրենց մեծ ու փոքր դեկորացիները, որոնք, իբրև թե, իրականությունը բացատրող են, բայն նույն հաջողությամբ նաև՝ իրականությունը թաքցնող:

Երբեմն այդ դեկորացիաները լինում են աչք շոյող, երբեմն էլ խարխուլ և գռեհիկության աստիճանի պարզունակ:

Օրինակ, երբ ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին հարց ուղղվեց, թե ինչպիսին է տեսնում Հայաստանի ապագան, նա պատասխանեց. «5, 10, 15 տարի հետո մեր երկիրը տեսնում եմ հայկական»:

Հաստատ, «հայկականը» լավ և աչք շոյող բառ է, ոչ ոք դա չի վիճարկի, բայց այն նաև միջոց է՝ ինչ-որ բան ասելով ոչինչ չասելու:

«Հայկական երկիր» արտահայտությունն, օրինակ, լրիվ դեկորատիվ նշանակություն ունեցող է, քանի որ ոչ մի կերպ չի բացատրվում, թե որն է այն նպատակը, որը ձևակերպված է պետականորեն: Միգուցե կարելի է ենթադրել, որ Հայաստանի Հանրապետություն չի լինի, քանի որ «երկիր» բառն իր մեջ ներառում է նաև տարբեր կառուցվածքներ (թագավորություն, օրինակ): Իսկ «հայկականը» իրավական շրջանակներ չունեցող աբստրակտ եզր է, որը ազդում է ոչ թե իրավագիտակցական, այլ էմոցիոնալ մակերեսում:

Ընդհանրապես, բառերով և ոչ վերբալ շփումով արտահայտված ուղերձները, որոնց ականտեսն ենք ամենօրյա լրահոսի միջոցով, ավելի շատ բացատրում են, թե ինչ են ուզում թաքցնել իշխանությամբ օժտվածները: Իհարկե, մեդիան և քաղաքականությունը լեցուն են տարբեր մանիպուլյատիվ հնարքներով, բայց հիմա այնպիսի տպավորություն է, որ առանց մանիպուլյացիայի ոչ մի բան չի էլ կարող կատարվել, տարածվել, մատուցվել:

Եվ հիմնական մանիպուլյատիվ հնարքը սա է. ոչ թե պատասխանել հարցերին, այլ մշուշոտ ու լղոզված պատասխաններ տալ՝ անպայման օգտագործելով «հայկական», «ազգային», «հայորդիներ», «հերոսական» և այլ վերացական ու վեհ բառերը, որոնք ոչ մի կերպ չեն ստուգվում և իրավական բնորոշում չունեն:

Օրինակ, երբ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտնեց իր «ազգ-բանակ» նոր գաղափարի ու այդ գաղափարը «կյանքի կոչելու դրույթների» մասին, նա խուսափեց այդ շղթայում պետության դերակատարությունը նշելուց: Միգուցե լավ հասկանում էր, որ վարկաբեկված պետական կառավարումն ավելի լավ է անտեսել, փոխարենը ապավինել հայաստանցիների (ընդ որում՝ ոչ միայն հայերի) էմոցիոնալ աջակցությանը բանակում ծառայող չվարկաբեկված պատանիներին:

Իմաստների շեղումը դեպի էմոցիաներ այն մանիպուլյատիվ հնարքն է, որն ամենից հաճախ է կիրառվում Հայաստանում թե՛ գիտակցաբար, թե՛ անգիտակցաբար: Դառնում է ազգային դեկորացիա:

Եվ հիմա երբ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «1000 դրամի վճարներ» անվան տակ հայտնի օրենքի նախագիծը, կարելի տեսնել, թե ինչպես է մանիպուլյացիայի ենթարկվում հանրային ընկալումը՝ հայտնվելով ոչ թե փաստերի, այլ էմոցիաների ռմբակոծման տակ:

Օրենքի այդ նախագիծը թույլ է տալիս յուրաքանչյուր աշխատող անձից (ընդ որում՝ ոչ միայն հայ, այլ բոլոր ՀՀ քաղաքացիներից) ամսական գանձել 1000 դրամ բանակի կարիքների համար:

Օրենքը ամբողջական անվանումը սա է. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին»: Այն ենթադրում է արտաբյուջետային հիմնադրամի ստեղծում և համալրում հանրային հանգանակության մոդելով: Տարբերությունն այն է, որ դա ոչ թե կամավոր, այլ պարտադիր վճար կլինի:

Լրահոսում այդ օրենքի նախագիծը բուռն ընդունվեց, քանի որ հարցերը շատ էին ու ոչ մակերեսային: Հիմնական հարցադրումը սա է՝ գումարի հավաքագրումը ի՞նչ կարգավիճակ ունի (հարկատեսակ, ապահովագրություն, մուծում, գանձում, հանգանակություն): Եթե դա արտաբյուջետային հիմնադրամ է, ապա ի՞նչ գործ ունի դրա հետ պետական գերատեսչությունը: Իսկ եթե ունի, ապա ինչու՞ է ստացվել այնպես, որ մինչ 2017 թվականը այն իր գործը լավ չի կատարել:

Բայց հենց այդ շատ կարևոր հարցերը հայտնվում են մեդիայի ուշադրության կենտրոնում, միանգամից խեղդվում են վերացական, հռետորական ու «ազգային» հարցերով՝ ի՞նչ է, դե՞մ եք, որ զոհված կամ վիրավորված զինվորների ընտանիքները լավ ապրեն: Բա չօգնե՞նք մեր տղաներին…

Եվ բնավ կարևոր չէ, որ, իհարկե, ոչ ոք դեմ չէ հաշմանդամության արժանապատիվ թոշակ սահմանելուն և վիրավորված պատանիներին ապաքինելուն: Ավելին՝ դեմ է, որ պատանիները զոհվեն ու հաշմանդամ դառնան մի երկրում, որը պաշտոնապես պատերազմական իրավիճակում չէ:

Հուզական հարցերը, որոնք առաջին պլան են դուրս գալիս լրահոսում, երկրորդական են դարձնում փաստերը: Այսինքն՝ դեկորացիան ավելի է կարևորվում, քան իրականությունը:

Օրինակ, երբ մեդիան սկսում է խոսել 1000 դրամների ոչ արդար լինելու մասին, այն ոչ թե բացում է վճարների կարգավիճակի ու դրանց օգտագործման մասին քննարկումները, այլ երկար-բարակ բանավեճ է ձեռնարկում՝ արդյո՞ք բոլորը պետք է հավասար գումար տան:

Առաջնայինը թաղվում է երկրորդականի բեռի տակ: Տարածվում են ճյուղավորվող ու հոգեցունց հիշատակումները, թե ով որքան փող է կողոպտել, ինչ մեծության տներ է կառուցել, որքան ավտոմեքենա ունի: Լրատվամիջոցները մեջբերում են զարդերի ու ունեցվածքի մասին մեղադրանքներն ու հարցնում՝ բա ինչու՞ բոլորը պետք է 1000 դրամ տան, եթե հարուստների ու աղքատների շերտավորում կա: Դե, թող հարուստներն ավելի շատ վճարեն…

Փաստը կարևոր չէ, կարևորը դրա էմոցիոնալ ազդեցությունն է:

Կարևոր չէ, որ նոր, չնախատեսված հարկատեսակ է սահմանվում անհայտ կառավարմամբ ու կիսապետական թյուր մատուցմամբ, կարևորը «Բա չօգնե՞նք մեր տղաներին» պաթետիկ ու հռետորական հարցն է, որը ընդամենը մեկ պատասխան է ենթադրում՝ իհարկե, օգնենք:

Այսպես է աշխատում լրատվական ուղղահայաց մանիպուլյացիան, որն օգնում է թաքցնել առաջնային հարցերը՝ սուզելով դրանք մանր ու հուզական վեճերի մեջ:

Ինչն էլ, ի վերջո, հանգեցնում է այն բանին, որ ինֆորմացիա սպառողները ընտելանում են, որ «հայկական», «ազգային», «հերոսական» բառերը արհեստականորեն կառուցված իշխանական դեկորացիայի բաղադրիչն ու իմաստների քողարկիչն են:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *