Լրագրողներից մեկն ուղարկեց Ֆեյսբուքում «Առավոտ» ու Aravot.am անունով ու մեր իրական ֆեյսբուքյան էջի ետնանկարով մի խմբի հղում, որն այդ պահին արդեն հինգ հազարից ավելի անդամներ ուներ: Խումբը, որն օգտագործում էր մեր լրատվամիջոցի անունը՝ ոչ մի կապ չուներ «Առավոտի» հետ: Խմբի միջոցով հիմնականում տարածվում էին կոնկրետ մի կայքի նյութեր՝ կիսաէրոտիկ-կիսադեղնավուն ոճի: «Բոլոր իրավունքները պաշտպանված են» զգուշացումը կրող այս կայքում նաեւ վերահրատարակված էին այլ ԶԼՄ-ների նյութեր՝ խախտելով հեղինակային իրավունքի սահմանված դրույթները՝ ոչ հղումներ կային վերնագրերում, ոչ ակտիվ լինքեր… Մի խոսքով, մեր անունով գործող խմբում գովազդվում էին բաներ, որոնք դեմ են «Առավոտի» մասնագիտական սկզբունքներին:
Բնականաբար՝ նախ բողոքեցինք Ֆեյսբուքին, թե սա մեր մտավոր սեփականության ոտնահարում է: Ստացանք պատասխան, թե մեր զեկույցն ուսումնասիրվում է:
Մինչ Ֆեյսբուքը կձեռնարկեր խոստացած վերանայումը՝ փորձեցի գտնել մարդկանց, որոնք ստեղծել էին այդ խումբը՝ միամիտ հույսով, թե բացատրական աշխատանքը ավելի արագ արդյունքներ կտա:
Կայքը, որի նյութերը տարածվում էին այդ խմբում՝ իր մասին չի տրամադրում որեւէ տեղեկատվություն՝ ոչ հասցե, ոչ հեռախոսահամար, ոչ թողարկման պատասխանատուի կամ խմբագրակազմի տվյալներ:
Դիմեցի «Հանուն բարեխիղճ լրատվության» խմբի անդամներին՝ հուսալով, որ որեւէ մեկը տվյալներ կունենա այդ կայքի մասին: Գործընկերներիս միջոցով հաջողվեց՝ դոմեյնը գրանցված էր կոնկրետ անձի անունով ու բարեբախտաբար՝ նշված էր հեռախոսահամար:
Ուշադիր չէի՝ չէի նկատել, որ այդ անձը, որի անունով գրանցված է կայքի դոմեյնը՝ հենց խումբը ստեղծողն է, թեեւ եւս 11 ադմիններ կային: Հեռախոսազրույցի ընթացքում սակայն ժխտեց, թե ինքն է ստեղծել խումբը: Նա լսելուց հետո բողոքս, թե օգտագործել եք մեր անունն ու ետնանկարը՝ անվրդով ասաց, թե ոչնչի չենք հասնի ՖԲ-ին մեր բողոքով՝ սա ոչ թե էջ է, այլ խումբ, որը կարող էին բացել «Առավոտի» երկրպագուները: Նաեւ հեգնանքով հավելեց, որ եթե շատ խնդրենք՝ թույլ կտա, որ «Առավոտի» նյութերն էլ տարածենք այդ խմբում:
Կարծես այլ ելք չէր մնում, քան դիմել իրավաբաններին ու սկսել դատական գործընթաց: Բայց մինչ այդ երկարատեւ քաշքշուկի մեջ ներքաշվելը՝ որոշեցի խմբի մյուս 11 ադմիններին էլ ասել իրավախախտման մասին: Արձագանքեցին միայն երկուսը՝ մնացածը սիրունիկ դեմքերով աղջնակներ էին, որոնց աշխատավայրերը նշված էին BEAUTY & SPA, Designer Mode, որոշներն էլ ակնհայտորեն ֆեյք էին:
Արձագանքողներից մեկն էլի կայքի գլխավոր խմբագիր էր, որն արդարացավ, թե չգիտի՝ ում է պատկանում խումբը, իրենք ընդամենը նյութեր են տեղադրել այդ խմբում:
Մյուս արձագանքողի հետ զրույցն ավելի բուռն էր: «Խնդրում եմ՝ ասեք ինձ, որտեղ է գրված, որ օրենքով արգելվում է ֆեյսբուքում խումբ ստեղծել ու նմանեցնել ինչ որ մի կայքի,- թեեւ տրանսլիտով, բայց բազմաթիվ սխալներով տեքստում գրում էր նա:- Դուք ընդհանրապես ծանո՞թ եք օրենսդրությանը»: Այսինքն, էլի անիմաստ էր զրույցը շարունակել՝ ուղղակի զգուշացրեցի, որ հաջորդ օրը դիմելու եմ իրավաբաններին:
Ուշ գիշերով նրանից եւս մի նամակ ստացա, որում մասնավորապես տեղեկացնում էր, թե «հանել եմ ձեզ վերաբերող հատվածը, նենց չի, որ խմբի անդամները ձեր բրենդի համար են միացել խմբին… Ինչ վերաբերում է օրենքին՝ ուղղակի իմ բարի խորհուրդը ձեզ, օրենքով հարց չեք կարա լուծեք, քանի որ մեր օրենքները նենց ա գրված, որ վիրտուալ տիրույթում ուղղակի չեն գործում: Էս իմ բարի կամքի դրսեւորումնա, հուսով եմ՝ ճիշտ կհասկանաք ու կասեք շնորհակալություն»:
Ետնանկարը փոխել էին, Aravot.am անվանումից հանել am մասնիկը: Բայց այդ խմբի հասցեում՝ լինքի մեջ հիմա էլ պահպանված է Aravot.am անվանումը՝ ուզենան էլ, չեն կարող փոխել, Ֆեյսբուքն է ձեւավորել այն:
Իրականում առավել երկար տեւած ու ավելի շատ նյարդեր խլած այս պատմությունը վերաշարադրելուց հետո ուզում եմ հարց ուղղել լրագրողական կազմակերպությունների մեր այն գործընկերներին, որոնք քննադատում էին այն ԶԼՄ-ների խմբագիրներին, որոնք հայտարարությամբ պահանջում էին, որ օրենքով նաեւ հստակեցվի, թե որպես լրատվամիջոց հանդես գալու հավակնություն ունեցողները հրապարակեն անհրաժեշտ տվյալները՝ ի՞նչ պետք է աներ այս ընթացքում մեր լրատվամիջոցը, որ չի արել, ինչպե՞ս կարող էինք պաշտպանել մեր անունը՝ դրա միջոցով ընթերցողներ հավաքող այս «պարազիտներից»:
«Ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» օրենքը ընդունվել է 1997 թ մայիսին: Եվ բնականաբար, այդ ժամանակ համացանցը Հայաստանում այդչափ զարգացած չէր, ու օրենքում նախատեսված չեն համապատասխան կարգավորումներ նաեւ կայքերի ապրանքային նշանների համար: Ուստի գրագողերը հանգիստ նետում են, թե «մեր օրենքները նենց ա գրված, որ վիրտուալ տիրույթում ուղղակի չեն գործում»:
Սակայն եթե այս պատմությունից հետո ասեմ, որ ուղղակի առաջնահերթ անհրաժեշտ են համապատասխան փոփոխություններ նաեւ այս օրենքում՝ էլի՞մեր հարգելի գործընկերները հակադարձելու են, թե չի կարելի լրագրող ծեծող իշխանավորներին թույլ տալ կարգավորումներ իրականացնել մանավանդ համացանցում, նրանք դա կօգտագործեն գրաքննության նպատակով, ուստի կտրականապես դեմ են լրատվադաշտը օրենսդրորեն կարգավորելուն: Եվ այդպիսով «կանաչ ճանապարհ» ապահովելով գրագողերի եւ մեր անուններն ու աշխատանքը օգտագործողների համար:
Աննա Իսրայելյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Առաջարկ
Նախ, Հայաստանը մի շարք միջազգային կոնվենցիաներին է միացել, այնպես որ այդքան էլ բաց չէ։ Պարզապես Ֆեյսբուք կոչվող թյուրիմացությւոնը շատ դանդաղ ու ոչ պարտաճանաչ է պատասխանում, հարցումներին, եթե անհրաժեշտ ուղիղ կոնտակտները այնտեղ չունեք։
Բացի դրանից, տեղական օրենքում կարելի է անել լրացում։ Դա այդքան էլ դժվար ու ժամանակատար չէ, ինչպես ԶԼՄ–ների ներկայացուցիչներին հայտնի է ՀԻ օրենքում, առցանց ԶԼՄ–ների համար արված լրացումից։