2016.09.19,

Քննադատ

Ենթադրվում է, որ չի բացառվում…

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան
facebook

Լրագրող

ԶԼՄ-ներում հաճախ ենթադրությունները ներկայացվում են իբրև լրատվություն կամ վերլուծություն: Պատճառներից հիմնականն այն է, որ կա տեղեկատվություն, որին չանդրադառնալ չես կարող, սակայն թեմայի մասին էլ օբյեկտիվորեն չունես սպառիչ բազային տեղեկատվություն: Որպես օրինակ կարող ենք դիտարկել վերջին ամենաքննարկված տեղեկատվությունը. «Հայաստանի վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանին փոխարինել է Կարեն Կարապետյանը»:

Հայաստանում չկա նախադեպ, երբ բարձրաստիճան որևէ պաշտոնյայի աշխատանքից ազատելուն հաջորդի հստակ ձևակերպումը՝ ինչու՞ պաշտոնանկ արվեց: Եթե ձախողել է աշխատանքը, ո՞ր հարցում, և ի՞նչ պատասխանատվության է ենթարկվելու: Եթե չի թերացել, ի՞նչ հիմնավորմամբ են ազատում աշխատանքից: Քանի որ նոր վարչապետի նշանակման մասին սպառիչ, հասկանալի տեղեկատվություն չկա, լրատվամիջոցներն ազատ են լարել երևակայությունը և յուրովի մեկնաբանել կատարվածը:  

Ու ստացվում է այնպես, որ բոլորին հետաքրքրող լուրը առնվազն մի քանի օր պիտի լինի լրահոսում, քանի որ ընթերցողների համար հետաքրքրություն է ներկայացնում: Հետևաբար՝ լրատվամիջոցները լուրը ծեծում են , ինչպես լանգետի կտորը: Նույն լուրը ներկայացվում է տարբեր դիտանկյուններից, տարբեր շարադասությամբ, հայտնի ինֆորմացիան զարդարվում նյութին ոչինչ չավելացնող զիզի-բիզիներով («ենթադրվում է, որ …», «հնարավոր է…», «չի բացառվում…»):

Լուրին պատկառելի վերնագիր ու ծավալ տալու համար ԶԼՄ-ներն այն հարստացնում են անհրաժեշտ հղումներով, լրացնում փորձագիտական կարծիքով, վերհուշով ու մատուցում սպառողին: Ընդ որում, Հայաստանում փորձագիտական դաշտը դժվար է համալրվում նոր կադրերով, եղածների տեսակետն էլ տարիների ընթացքում «հարազատ» է դարձել. բերանացի գիտես՝ ով ինչ է ասելու: Այնպես որ, համեմատաբար անաչառ լրատվություն ստանալու դեպքում էլ կանխատեսելի պատասխանով քաղաքական փորձագետին դիմելը լուրին հավաստիություն կամ անաչառություն դժվարությամբ է հաղորդում:  

Ունենալով առանցքային լուրը՝ այսինչին փոխարինել է այնինչը, ընթերցողն ակնկալում է հավելյալ հավաստի, խելքը գլխին տեղեկատվություն: Ահա մեկը. «Ազատություն» ռադիոկայանի լրատվությունը ներկայացրել է Հայաստանի երբեմնի վարչապետ, Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի տեսակետը խոսուն վերնագրով. «Կարեն Կարապետյանը ռուսների պարտադրանքով է նշանակվել վարչապետ»: Լինելու իրավունք ունեցող տեսակետ է: Բայց ահա մեկ այլ փորձագիտական կարծիք՝ Tert.am-ից.«Կարեն Կարապետյանն ընդունելի է Արևմուտքի, Ռուսաստանի և հայ հասարակության համար»:
Politik.am . «Հայաստանի վատագույն ընտրությունը. մերժվածը՝ վարչապետ»:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյան.«Հայաստանի տնտեսական ճգնաժամային իրավիճակի պարագայում ՌԴ-ն պարտքերի մարման առումով մեծ ճնշումներ է կիրառում Հայաստանի նկատմամբ: Այս պայմաններում կառավարությունում պետք է արդյունավետ բանակցող ՌԴ հետ, որը կկարողանա մեղմել ճնշումները: Իսկ ավելի հարմար մարդ, քան Կարեն Կարապետյանը, դժվար էր գտնել»:

Ընթերցողը դիլեմայի առաջ է: Ինչպես կասեր մեր գործընկերներից Նվեր Մնացականյանը՝ հիմա այս նշանակումը լա՞վ է, թե՞ վատ:
Մեծ պահանջարկ ունեցավ «Ժամանակ» թերթում տպագրված լուրը, թե Կարեն Կարապետյանը «զզվում է Հովիկ Աբրահամյանի կառուցած ոսկեզօծ սենյակներից»: Այն արտատպեցին գրեթե բոլոր թերթերն ու կայքերը: Ապա որ՝ նրա ձեռքի ժամացույցի արժեքը 700 000 դոլար է:

Սեպտեմբերի 12,13,14,15,16,17… Ու քանի որ նորանշանակ վարչապետի մասին լրատվությունը պետք է շարունակի լինել, օգնության է հասնում «Ենթադրվում է, որ…» արտահայտությունը, որով ներկայացվում է մի տեղեկատվություն, որը ենթադրաբար կարող է լինել, սակայն ամենևին չի բացառվում, որ կարող է և տեղի չունենալ: «Լրագրի» կայքում կարդում ենք. «Կառավարության փոփոխության փաթեթում ենթադրվում է նաև արտգործնախարարի փոփոխություն: Ենթադրվում է, որ նոր նախարարը կլինի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը»:

Այն, որ ավելի մեծ է հավանականությունը, որ ենթադրությունը չի իրականանում, (հատկապես եթե հոդվածում նշված էլ չէ, թե ենթադրողն ով է), հաստատում է «Երկիր Մեդիա»-ի տեղեկատվությունը. «Կարեն Կարապետյանը վարչապետ է նշանակվել հազիվ երկու օր, նոր կառավարությունը դեռ չի ձեւավորվել, ծրագիրը չի ներկայացրել: Ենթադրվում էր, որ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին չի գա, թե գա էլ՝ չի խոսի»: Ապա ենթադրությունն անմիջապես հերքվում է. վարչապետը եկավ և անգամ խոսեց :  

Հայաստանում մամուլը, ըստ Freedom House իրավապաշտպան կազմակերպության զեկույցի, բնութագրվում է իբրև «անազատ»: Անազատության բաղադրիչները ծանոթ են՝ քաղաքական (տնտեսական) լուրերի նկատմամբ իշխանությունների, հետևաբար և՝ նրանց կողմից վերահսկվող լրատվամիջոցների կողմից վերահսկողություն, ինքնագրաքննություն:

Սակայն մեր լրատվական դաշտում կա նաև գրաքննության մեկ այլ տեսակ, որի մասին խոսում է Ումբերտո Էկոն իր «Կերտիր թշնամուդ» էսսեում: Խոսքն «աղմուկի գրաքննության» մասին է:

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *