2016.07.27,

Քննադատ

Կյանքը՝ օնլայն

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան
facebook

Լրագրող

Երևանի  ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի  տարածքը «Սասնա ծռեր» խմբավորման շուրջ 3 տասնյակ անդամներ գրավեցին հուլիսի 17-ին: Այսօր խմբի՝ ՊՊԾ տարածքում գտնվելու 11-րդ օրն է:
Հայաստանում չհայտարարված արտակարգ իրավիճակ է: Լրատվամիջոցները ևս աշխատում են  արտակարգ իրավիճակում:

Լրագրողները պաշտոնական տեղեկատվություն ստանալու չափազանց քիչ ռեսուրս ունեն. բազային տեղեկատվությունը հուլիսի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի  խորհրդակցության ժամանակ հնչեցրած մտքերն են, Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության  հայտարարությունները: Ընդ որում, ավելի շատ՝ հարցեր առաջացնող, քան պատասխաններ տվող:

Մասնավորապես, այդպես էլ պաշտոնական պարզաբանում չտրվեց հարցին, թե ինչու՞ էին հուլիսի 25-ին ՊՊԾ գնդի վրայով 8 հարկանի շենքի բարձրությամբ թռչում մարտական երկու ուղղաթիռ:
Անգամ  լրագրողների հարցերին ՊՆ մամուլի խոսնակը ոչ մի կոնկրետ պատասխան չտվեց:

ՀՀ Սահմանադրության երաշխավորի՝ ՀՀ նախագահի երկարատև ու ծանր լռությունը ավելի է թեժացնում մթնոլորտը: Պաշտոնական հաղորդագրություն չկա՝ ինչու՞ պատանդների ազատ արձակումից հետո դադարեցվեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին սննդի մատակարարումը:

Պաշտոնապես չհայտարարվեց, թե ինչու է խախտվել «Սասնա ծռերի» և ԱԱԾ ղեկավարի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ պատանդներին ազատ արձակելուց հետո ապահովել խմբի՝ «մամուլի կետ» ունենալու և ԶԼՄ-ների հետ շփվելու հնարավորությունը, ինչու՞ են դադարեցվել բանակցությունները, ի՞նչ հիմքով: Կամ՝ ինչպե՞ս է հաջողել քաղաքացի Արթուր Սարգսյանն՝ իր անձնական ավտոմեքենայով, հուլիսի 26-ի առավոտյան ժամը 7-ին անցնել ոստիկանական պատնեշն ու մթերք հասցնել 2 օր սնունդ չստացող «Սասնա ծռեր» խմբի անդամներին:

Անպատասխան հարցերին ավելացավ ԱԱԾ-ն հուլիսի 26-ին հայտարարությունը, ըստ որի՝ այս կառույցը խոստանում է ձեռնարկել «կոնկրետ իրադրությամբ թելադրված ավելի կոշտ միջոցներ»: Ինչը և տեղի ունեցավ նույն գիշեր:

Ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության վարչության պետը հաղորդագրություն տարածեց ՝ ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում հորդորելով ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց: Սակայն չճշտված տեղեկատվությունը տարածվում է պաշտոնական տեղեկատվության կցկտուր և բազմաթիվ հարցեր առաջացնող հաղորդագրություններից:  Հատկապես, երբ այն կտրուկ տարբերվում է «Սասնա ծռեր» խմբավորման տարածած հայտարարությունից:

Վիճակը հանգուցալուծման միտում, գոնե մինչ օրս, չունի:

Լրագրողներին մնում է տարերայնորեն փորձել տեղեկատվություն հայթայթել Խորենացու փողոց եկած քաղաքական գործիչներից, փորձագետներից, արվեստագետներից, բժիշկներից՝ լցնելո տեղեկատվական վակուումը:
Այս դեպքում մեծ կարևորություն են ստանում «Ազատություն» ռ/կ-ի և «Ա1+» կայքի ուղիղ, առցանց հեռարձակումները իրադարձությունների կիզակետից՝ Խորենացու փողոցից:

Լրագրողները գիշեր-ցերեկ հերթապահում են տարածքում՝ լուսաբանելով տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն: ՊՊԾ-ի հարակից վայրի առցանց , անգամ առանց տեքստի ցուցադրությունը որոշ չափով  լիցքաթափում է մթնոլորտը: Նախ՝ նրանք, ովքեր համակրում են խմբին և համաձայն են նրա գործողություններին, սակայն աշխատում են  և չեն կարող առավոտից լինել Խորենացու փողոցում, հնարավորություն ունեն առցանց հետևելու իրադարձություններին, լրացուցիչ չլարվելու անտեղյակությունից՝ ի՞նչ է կատարվում այդ պահին ՊՊԾ-ի հարևանությամբ, մինչև երեկոյան 20-ը, երբ արդեն անձամբ կարող են մասնակցել հանրահավաքին:

Նրանք, ովքեր չեն ողջունում խմբի գործողությունները, չեն պատրաստվում գնալ Խորենացու փողոց, այդուհանդերձ, թող որ սպորտային հետաքրքրությունից, հնարավորություն ունեն հետևելու իրադարձություններին առցանց:
Մարդիկ, որոնք ցանկանում են լինել Խորենացու փողոցում, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն կարող դա անել, կարողանում են իրադարձություններին հետևել առցանց, ինչպես ասում են՝ բազմոցից:

Արտակարգ այս իրավիճակում չափազանց արժեքավոր և շնորհակալ աշխատանք կանեին  պետական գերատեսչությունների, մասնավորապես ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, արդարադատության նախարարությունը, ոստիկանության և ԱԱԾ-ի լրատվական ծառայությունները՝ կազմակերպելով առցանց, բաց ու տեսանելի աշխատանք: Այս դեպքում լրագրողները ոչ թե անձնական կապերն օգտագործելով կփորձեին տեղեկատվություն ձեռք բերել, այլ հնարավորություն կունենային   անհրաժեշտության դեպքում անմիջապես ուղղել հարցերը պատկան պաշտոնյաներին և ստանալ պատասխաններ: Այդ դեպքում արդեն տեղին էլ չէին լինի հորդորները՝ չհրապարակել չճշտված տեղեկություններ:     

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *