Հուլիսի 1-ին տեղի ունեցած համագումարով ազդարարվեց Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության աշխատակիցների հիմնած «Գաղափարակից լիբերալների ալյանս» (ԳԱԼԱ) կուսակցության հիմնադրման մասին: Կուսակցության ծրագրում առաջիկայում Գյումրու ՏԻՄ, 2017-ին արդեն՝ ԱԺ ընտրություններին մասնակցությունն է: Վարչության նախագահ է ընտրվել «ԳԱԼԱ» հեռուստաընկերության սեփականատեր, գործարար Վահան Խաչատրյանը:
Ըստ «ԳԱԼԱ»-ի պաշտոնական կայքի, հիմնադրվելով 2005 թ-ին, հեռուստաընկերությունը որդեգրել է մեկ կարևոր սկզբունք՝ «լինել անկախ, օբյեկտիվ, հետևել հեռուստաբիզնեսի կանոններին, այն է՝ թյուրիմացության մեջ չգցել իր գործընկերներին, հեռուստադիտողին և մատուցել միայն բարձրակարգ հաղորդումներ, անաչառ ու օբյեկտիվ լրատվություն»:
Հայաստանի մեդիա պատմության մեջ սա, ըստ էության, առաջին նման նախադեպն է: Ունեցել ենք դեպքեր, երբ լրագրողներն են դարձել քաղաքական, կուսակցական գործիչներ: Իր քաղաքական գործունեությունից առաջ «Ավանգարդ» օրաթերթում որպես թղթակից է աշխատել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Հեռուստալրագրող Սերգո Երիցյանն անդամակցել է «Օրինաց երկիր» կուսակցությանը (թեև այդ քայլը նա իր կենսագրության ամենալուսավոր էջը, կարծես, չի համարում, քանի որ իր պաշտոնական կենսագրության մեջ ՕԵԿ-ին անդամակցելու մասին որևէ նշում չկա:
Հեռուստառադիոպետկոմում խմբագրի աշխատանք է կատարել նաև ՀՅԴ, ապա «Ժառանգություն» կուսակցության անդամ, այժմ՝ անկուսակցական, մասնագիտությամբ լրագրող Ռուբեն Հակոբյանը: Գործող ԱԺ-ում լրագրությունը քաղաքական գործունեությամբ փոխարինած ևս երեք նախկին լրագրող կա՝ Նիկոլ Փաշինյանը («Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր), Նաիրա Զոհրաբյանը («Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին լրագրող), Մարգարիտ Եսայանը («Առավոտ» օրաթերթի նախկին լրագրող): Լրագրությունից քաղաքականություն տեղափոխված մեր նախկին գործընկերներին կարող է մասամբ մխիթարել (կամ, թերևս, զգոնացնել) Մուսոլինիի օրինակը. նրա քաղաքական կյանքին ևս նախորդել է հրապարակախոսական գործունեությունը թերթում (1906):
Ունենք նաև հակառակ օրինակը, երբ պաշտոնյան է կուսակցական և քաղաքական աշխատանքին զուգահեռ՝ առաջին երերուն քայլերն անում լրագրության ոլորտում: Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը Սահմանադրության փոփոխությունների 2015թ. հանրաքվեից առաջ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ սկսեց վարել «Եռանկյունի» հաղորդաշարը:
Հեռուստաընկերության աշխատակազմի՝ կուսակցություն դառնալը մեխանիկորեն բացառում է «ԳԱԼԱ» լրատվամիջոցի գործառույթը՝ հեռուստադիտողին տրամադրել անաչառ, անկողմնակալ լրատվություն: Եվ ոչ այն հիմնավորմամբ, որ լրագրողների պրոֆեսիոնալիզմն է կասկածի տակ: Ամենևին: Պարզապես, կուսակցական լինելու կնիքն արդեն կանխակալություն է ենթադրում, դիցուք, ԳԱԼԱ կուսակցության գործունեությունը լուսաբանելու առումով: Իսկ դա արդեն հակասում է անաչառության սկզբունքին:
Այս նախադասությունը բարձրաձայն, ճիշտ է, շատ տխուր է հնչում: Սակայն հայկական լրատվական դաշտը՝ թերթեր, հեռուստատեսություն, կայքեր, ևս քաղաքականացված են. նրանք սպասարկում են կոնկրետ քաղաքական, տնտեսական ուժերի շահերը: Միայն թե, իրենց ճակատին կրում են «Անկախ լրատվամիջոց» կնիքը: Այս առումով, գուցե ԳԱԼԱ-ի որոշումն ավելի՞ ազնիվ է:
«ԳԱԼԱ»-ի՝ լրատվամիջոցից կուսակցություն դառնալու փաստն արձանագրում է մեկ այլ միտում ևս. ըստ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արմենուհի Վարդանյանի, կուսակցություն ստեղծելու որոշումն ընդունել են շատ մեծ դժվարությամբ. երկար քննարկելով՝ արդյոք կարիք կա՞ ընտրելու քաղաքական գործունեության ճանապարհ: Ի վերջո, հանգել են եզրակացության, որ դա է այս պահին հարցեր լուծելու միակ ճիշտ ճանապարհը.
«Գյումրին, հակաիշխանական լինելով հանդերձ, չունի որևէ մեկը, որը կսպասարկի Գյումրիի շահերը, այդ թվում խորհրդարանում: Ես չեմ թերագնահատում որևէ պատգամավորի աշխատանք, սակայն լրագրողական գործունեության ընթացքում շատ դեպքերի ենք հանդիպել, երբ ցանկացել ենք Գյումրիին առնչվող որևէ հարց մեր՝ Գյումրին ներկայացնող պատգամավորների միջոցով բարձրաձայնել խորհրդարանում, սակայն այդ պատգամավորները դրսևորել են բացակա կեցվածք» :
ԶԼՄ-ն պայմանականորեն համարվում է իշխանություն ունեցող կառույց. չորրորդն է իշխանություններից: Սահմանադրությամբ ազատ խոսքի իրավունք ունեն բոլորը, սակայն լրագրողն ունի մեկ առավելություն՝ տիրաժավորել իր խոսքը: ԱԺ-ում Գյումրիի խնդիրները չե՞ն բարձրաձայնվում, իսկ լրագրողնե՞րը… Նրանց աշխատանքի առանցքում հենց , տվյալ դեպքում, գյումրեցիների խնդիրները բարձրացնելն է, կոնկրետ , հասցեական թիրախավորումը:
«ԳԱԼԱ»-ի կուսակցություն դառնալը ազդարարում է, որ լրագրությունը սոսկ ինքնասպասարկմա՞մբ է զբաղվում, ի զորու չէ՞ սպասարկելու հասարակության շահերը՝ վեր հանելով խնդիրները ու հետևողական լինելով դրանց լուծման ընթացքին:
Եվ միայն քաղաքականությու՞նն է ուղիղ ճանապարհը…
Կա մի հին սոփեստական ասույթ՝ ձիավորը չի կարող իջնել ձիուց: Հակառակ դեպքում, նա այլևս ձիավոր չէ: Իսկ լրատվամիջոցը՞…
Լիլիթ Ավագյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: