2016.06.29,

Քննադատ

Հռոմի պապի այցը, ֆուտբոլն ու մեկնաբանների ջանքերը

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Վերջերս հայաստանցիները սկսել են հեռուստացույց միացնել ավելի հաճախ և պարբերականորեն: Եվ դա՝ ուղիղ եթերի շնորհիվ:

Հեռուստատեսության անվիճելի առավելությունը (մնացածը վիճելի են) խոշոր իրադարձությունը ուղիղ հեռարձակման միջոցով մեր տները հասցնելն է: Այդօրինակ մատակարարումը ապահովում է ներկայության էֆեկտն ու թույլ տալիս զգալ իրադարձությունը՝ կենդանի ռեժիմով:  

Հեռուստատեսությունը օգնում է մեզ հետևել այն իրադարձությանը, որից ֆիզիկապես հեռու ենք, բայց ուզում ենք տեղյալ լինել հենց այն նույն պահին, երբ այն կատարվում է:

2016 թվականի հունիսը առատ դիտումների ամիս էր շնորհիվ ֆուտբոլի և Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի եռօրյա այցի: Թե՛ ֆուտբոլային հանդիպումները, թե՛ Հռոմի պապի մասնակցությամբ տեղի ունեցած հրապարակային էկումենիկ արարողությունները մեծ լսարան ունեին: Այս երկու տարբեր իրադարձությունների տրամաբանությունը իրականում նույնն է:

Ե՛վ սպորտը, և՛ եկեղեցական արարողակարգն ունեն իրենց կանոններն ու իրենց դիտարժանությունը, որոնց հիմքը թատերականացված ծեսն է ու իմպրովիզացիայի սպասումը:

Հռոմի պապի այցի դեպքում՝ իմպրովիզացիան ավելի հետաքրքիր էր, քանի որ ոչ ոք նախօրոք չէր կարող կանխատեսել, թե ինչպես է տեղի ունենալու Խաղաղության զանգվածային աղոթքն ու ինչպիսի հավելումներով այն կներկայացվի լսարանին:

Ուղիղ եթերը միշտ ավելի գրավիչ է, քան ձայնագրությունն ու մոնտաժը, քանի որ ցանկացած վրիպակ, անհարթ ընթացք ու լսարանի արձագանք ընդգծում են հանպատրաստից իրադարձության կենդանությունը:

Հեռուստատեսությունը ընդգրկելով հանդիսատեսին կենդանի ընթացքի մեջ, միաժամանակ՝ ուղղորդում է նրան: Այսինքն, բացատրում է տեղի ունեցածն ու փորձում հեռարձակումն ավելի հետաքրքիր դարձնել:

Կարճ ասած՝ ուզում է, որ մենք երկար խաղերն ու ծեսերը դիտելով, ոչ մի դեպքում չձանձրանանք ու առանց խոսքերի հոսքի չմնանք: Երևի հեռուստատեսային ղեկավարները վստահ են, որ ձանձրույթի միակ հակակշիռը շատախոսությունն է:

Ուղղիղ եթերում աշխատող մեկնաբանները ո՛չ լուրեր կարդացող խոսնակներ են, ո՛չ լրագրողներ, ո՛չ էլ դերասաններ: Ավելի շուտ բոլորը միասին ու մի քիչ էլ ավելին: Նրանք պիտի պատմեն, իսկ ցանկացած լավ պատմող գիտի, որ պատմության համն ու հոտը ձայնային խաղն ու դադարներն են:

Մեկնաբանությունը սկսում է կաղալ, երբ այդ գործը հանձնվում է լուրեր կարդացողներին, քանի որ լուրերը կարդացողները ոչ միայն սովոր չեն, այլև նրանց հակացուցված է կարծիք հայտնելը (լուրերի թողարկումների տեքստերը, որպես կանոն, արդեն հղկված ու խմբագրված են նրանց հանձնվում): Մնում է միայն կարդալ: Կարդալ հնչեղ ու անբեկանելի առոգանությամբ, այլ ոչ թե պատմել:

Երբ Հռոմի պապի այցի հեռարձակումները դիտելիս, հանդիպում ես լուրերից ծանոթ ձայների, միանգամից զգում ես, որ ուղիղ արարողության հմայքը կորում է: Ամենօրյա ռեժիմով և տրաֆարետային ձևաչափով լուրեր կարդացող անձը մեկնաբանելու ընտելացած չէ: Նա կարող է ջանք գործադրել ու մի քանի անգամ կրկնել նույն միտքը, որպեսզի երկար դադարներ չհայտնվեն եթերում, բայց ավելին անել չի կարող:

Ընդհանրապես, մեր հեռուստատեսությունը շատ է վախենում լռությունից: Եթե ասելու բան չի լինում, բոլոր մեկնաբանները համարում են, որ իրենց գործը լավ չեն անում ու միանգամից սկսում են հիշեցման գործընթացը: Մոտավորապես այսպես՝ «Սիրելի բարեկամներ (ֆուտբոլասերներ, ընկերներ, քրիստոնյաներ), հիշեցնենք, որ այժմ դիտում ենք…»: Եվ հետևում են երկար նախադասություններ, որոնք կա՛մ պաշտոնական մամուլի հաղորդագրությունների մեջբերումներ են, կա՛մ մանրամասն վիճակագրական տվյալներ: Ահռելի քանակի տեղեկություն է լցվում այս և նախորդ խաղերի անկյունայինների, հաջող և անհաջող հարվածների և այլ մանր-մունր թվային վավերացումների մասին:

Հետո նորից հիշեցվում են հիմնական գծերը: Օրինակ` Հանրապետության հրապարակից էկումենիկ արարողության դեպքում ամեն երրորդ նախադասությունը հենց հիշեցում էր, թե ինչ է տեղի ունենում, ինչ է տեղի ունեցել: Եվ անպայման՝ «սիրելի բարեկամներ»-ով:

Դա արվում է, որ մենք չձանրանանք: Եվ իրականում շատ ձանձրալի է:

Եթե մի կողմ դնենք մեկնաբանության բազային պահանջները (հայերենին տիրապետելը, անթերի առոգանությունը, ձայնային հաճելի տեմբրն ու տեղեկացված լինելը), ապա մեր մեկնաբաններն ավելի ցայտուն թերություն ունեն՝ նրանք չեն հարգում լռությունը: Եվ հետևաբար՝ խոսքը:

Անգամ անհրաժեշտ ձայնային տվյալների բացակայությունն ու սխալներն են ներելի, եթե մեկնաբանը հայտնում է այն տեղեկությունը, որը մենք չենք գտնի համացանցային որոնման արդյունքում կամ չենք կարդա պաշտոնական փաստաթղթերում: Լսարանին պետք է հաղորդել լուսանցքային, ոչ մակերեսային տեղեկությունը, որը ճիշտ չափաբաժնով կգա լրացնելու պատկերը՝ լցնելով ճեղքերն ու պատասխանելով այն հարցերին, որոնք ծագում են ընթացքում:

Մեկնաբանը չի կարող ավելի շատ լինել, քան խաղացողներն ու ծեսի մասնակիցները: Դա նվաստացնում է թե՛ մեկնաբանին, թե՛ ծեսի հեղինակներին:

Օրինակ` երբ ապրիլին հեռարձակվեց «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխությունը, նման նվաստացնող պահերն ակնառու էին: Բծախնդրորեն բեմադրված այդ արարողության ընթացքում կար մի հատված, որտեղ կարևորվում էր լուռ վերաիմաստավորումը: Ապրիլյան պատերազմում զոհված զինվորների լուսանկարները հայտնվում էին բեմի վրա տեղադրված էկրանին՝ երաժշտության ուղեկցությամբ: Խոսքերը պետք չէին, քանի որ դրվագն այդպես էր մտածված ու այդպես էր կառուցված: Սակայն հեռուստատեսությամբ մեկնաբանողները որոշեցին, որ չի կարելի հանդիսատեսին թույլ տալ լռության մեջ երկար սուզվել, այլ պետք է բացատրվի, ուղղորդվի, ասվի ու նորից բացատրվի, հետո հիշեցվի, թե ինչ են նրանք տեսնում…

Խոսքի հանդեպ հարգանքը նաև հանդիսատեսի հանդեպ հարգանքի վկայությունն է:

Կամ մի գաղտնիք. երբ խոսում ես միայն դադարները լցնելու համար, որպես կանոն, խոսում ես վատ՝ տառերն են բերանից փախչում, շունչն է կտրվում, խոսքը դառնում է անհոդաբաշխ, իմաստներն են լղոզվում:

Միշտ չէ, որ պետք է խոսել: Եվ հաստատ, պետք չէ խոսել անընդհատ:

Անդադար բառերի հոսք ստեղծելը, ինչպես սիրում են ասել ֆուտբոլային մեկնաբանները՝ «անձնուրաց գործելու» արդյունք չէ, ավելի շուտ՝ հոգնեցնող ու ձանձրացնող մոտեցում:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *